Երեւանում գտնվող գեղասահքի օլիմպիական, աշխարհի եռակի եւ Եվրոպայի հնգակի չեմպիոն, մենասահորդ, ռուսաստանցի Եվգենի Պլյուշչենկոն ուրախ է Երեւանում իր անվան գեղասահքի մարզադպրոց բացվելու համար, ինչը շատ մեծ ծավալի աշխատանք ու եռանդ է պահանջում: «Արմենպրեսի» հետ զրույցում նա նշել է, որ տեղյակ է ժամանակին Հայաստանի գեղասահորդների միջազգային հաջողությունների մասին, որ այս մարզաձեւը Հայաստանում սիրված է, եւ ժամանակին Երեւանում նույնիսկ գեղասահքի միջազգային մրցումներ են կազմակերպվել: Նրա անձնական մենեջերը Հայաստանի նախկին գեղասահորդներից մեկն է՝ Արարատ Զաքարյանը: Ըստ Պլյուշչենկոյի, գեղասահքի մարզադպրոցի ապագա հաջողությունների համար նախ անհրաժեշտ է մեծաթիվ պատանիներ եւ աղջիկներ ընդգրկել, որը նաեւ որակ կտա եւ հեռանկարային մարզիկներ կբացահայտի: Այս պահին, նրա խոսքով, Հայաստանի պատանի գեղասահորդների մոտ կան շատ թերի կողմեր, որոնք պետք է շտկել պատանի հասակից: Ե. Պլյուշչենկոն սկսել է գեղասահքով զբաղվել 4 տարեկանից, երբ տղաների մեծ մասը երազում էր ֆուտբոլի կամ հոկեյի մասին: Նա խորհուրդ է տվել հատուկ ուշադրություն դարձնել բակերում ձմեռային սպորտով զբաղվող երեխաների վրա: Ըստ Ե.Պլյուշչենկոյի` գեղասահքի երեւանյան մարզադպրոցը կդառնա գեղասահքի կենտրոն, մանավանդ, որ դրա համար կան բոլոր պայմանները: Այստեղ կաշխատեն աշխարհի լավագույն մասնագետները, Երեւան կայցելեն լավագույն մարզիկները, մարզիչները կօգտվեն առաջատար մեթոդիկայից, փորձի փոխանակումից, սեմինարներից ու այլ մեթոդական աշխատանքներից: Տեսական գիտելիքներն անբաժան կլինեն պրակտիկայից: Նրա խոսքով, ժամանակակից գեղասահքը կորցրել է իր ռոմանտիզմը, տեխնիկան, պրագմատիկ է դարձել, ու շատ գեղասահորդներ արդեն չեն կատարում գեղեցիկ եւ բարդ վարժություններ, որովհետեւ դա կապված է ռիսկի, հետեւաբար, սխալների ու ցածր գնահատական ստանալու հետ, ինչը նրա դժգոհությունն է առաջացնում: Ե.Պլյուշչենկոն դաստիարակվել է վառ եւ անմոռանալի գեղասահորդների, օրինակ՝ ամերիկացի Բրայան Բոյտանոյի իմպրովիզացիոն ելույթներով, որոնք վերածվում էին փոքր ներկայացման սառույցի վրա: