Այլեւս չի հաջողվում «պահել» դրամի փոխարժեքը

22/12/2008 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Միջազգային ֆինանսական ճգնաժամի պարագայում արտարժույթի շուկաներում փոխարժեքների տատանումներն ավելի հաճախակի են դառնում:

Հայկական դրամն էլ վերջին ամիսներին աչքի էր ընկնում իր, ինչպես Կենտրոնական բանկում են ասում, անկանոն վարքով, այսինքն` մեկ արժեւորվում, մեկ արժեզրկվում էր եվրոյի ու դոլարի նկատմամբ, թեեւ այդ տատանումները շատ կտրուկ չէին: Սակայն վերջին երկու շաբաթներին նկատելի է մեկ օրինաչափություն` դրամը «հաստատակամորեն» արժեզրկվում է ինչպես եվրոյի, այնպես էլ դոլարի նկատմամբ:

Երեւանի տարադրամի փոխանակման կետերում երեկ մեկ դոլարը գնում էին 308.5 դրամով, վաճառում` 310 դրամով, մեկ եվրոն գնում էին 412 դրամով, վաճառում` 420 դրամով, իսկ մեկ ռուբլին` առքը կատարվում էր` 10.8, վաճառքը` 11.2 դրամով: Այսինքն` ուրբաթ օրվա համեմատ փոխանակային կուրսի կտրուկ տատանումներ չեն եղել: Բացառությամբ եվրոյի առք ու վաճառքի գնի մեծ տարբերության (8 դրամ)` ոչ մի տարօրինակ բան տեղի չի ունենում: (Փոխարժեքի առք ու վաճառքի գնի մեծ տարբերությունը սովորաբար թույլ է տալիս, որ փոխանակման կետերի առաջ հայտնվեն փողի անօրինական առուծախով զբաղվողներ): Դեկտեմբերի առաջին երկու շաբաթներին, ըստ ԿԲ-ի ներկայացրած տվյալների, արժութային շուկայում ձեւավորված մեկ դոլարի միջին հաշվարկային փոխարժեքն օր օրի աճել է: Դեկտեմբերի մեկին մեկ դոլարի հաշվարկային փոխարժեքը 305.3 դրամ էր, այդ շաբաթվա վերջին այն հասավ մինչեւ 307.8 դրամի: Դրամն արժեզրկվեց նաեւ այս ամսվա երկրորդ շաբաթվա ընթացքում: Դեկտեմբերի 12-ին 1 դոլարի միջին հաշվարկային փոխարժեքը 308.3 դրամ էր: Դրամը վերջին երկու շաբաթներին արժեզրկվել է նաեւ եվրոյի նկատմամբ, ընդ որում, ավելի արագ տեմպերով: Դեկտեմբերի մեկին եվրոյի փոխանակային կուրսը 386.5 դրամ էր, իսկ դեկտեմբերի 12-ին այն հասավ 411.8 դրամի՝ մեկ եվրոյի դիմաց: Նշենք, որ դեկտեմբերի առաջին երկու շաբաթներին թեեւ ընդհանուր առմամբ դոլարը եվրոյի նկատմամբ արժեզրկվեց, սակայն այդ ժամանակահատվածում այն համեմատաբար անկայուն վարք էր դրսեւորում. մե՛կ արժեզրկվում էր, մե՛կ արժեւորվում: Դեկտեմբերի առաջին օրերին շարունակվեց նոյեմբերի վերջին օրերի միտումը, եւ դոլարն արժեւորվեց եվրոյի նկատմամբ: Դեկտեմբերի երկրորդ շաբաթում դոլարը սկսեց արժեզրկվել եվրոյի նկատմամբ: Արդյունքում` դեկտեմբերի

12-ին 1 եվրոյի միջին հաշվարկային փոխարժեքը դարձավ 1.335 դոլար` դեկտեմբերի մեկի 1.266 դոլարի փոխարեն: Վերջին երկու շաբաթներին դրամն արժեզրկվել է նաեւ ռուբլու եւ ֆունտի նկատմամբ: Այսինքն` պատկերը մոտավորապես այսպիսին է. վերջին մեկ շաբաթում համեմատաբար կայուն է եվրոն, որի նկատմամբ՝ թեեւ ոչ մեծ չափերով, բայց արժեզրկվում են դրամն ու դոլարը: Եվ քանի որ դրամն արժեզրկվել է նաեւ դոլարի նկատմամբ, հետեւաբար նրա արժեզրկումը եվրոյի նկատմամբ համեմատաբար ավելի մեծ չափով է եղել: Ընդհանրապես, դրամի արժեզրկումը սպասելի է` կախված մեր ներմուծման ծավալների աներեւակայելի աճի եւ Հայաստան մտնող դոլարային ներդրումների ու տրանսֆերտների նվազման հետ: Բավական է նշել, որ այս տարվա հոկտեմբեր ամսին շինարարության ոլորտի ներդրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 40 տոկոսով, ինչն աննախադեպ է 2001թ. հետո ընկած ժամանակահատվածի համար: Իսկ շինարարության ոլորտի ներդրումները ենթադրում են զգալի դոլարին ներհոսքեր: Բացի այդ` անշարժ գույքի շուկայում կտրուկ նվազել է բնակարանների օտարման, այսինքն` առքուվաճառքի գործարքների թիվը: Եվ քանի որ բնակարանների զգալի մասը, հատկապես` էլիտար բնակարանները, գնում են սփյուռքահայերը, ապա Հայաստան մտնող արտարժույթի ծավալները (դոլարի ու եվրոյի քանակը) նվազում են: Սա հանգեցնում է նրան, որ վերջիններն արժեւորվում են: Ի դեպ, դրամի արժեզրկումը հաստատում է այն գնահատականները, որ միջազգային ֆինանսական ճգնաժամի հետեւանքներն արդեն «հասել» են Հայաստան: Որքան էլ իշխանությունները փորձում են հերքել դա: Բանն այն է, որ դեկտեմբեր ամիսը համարվում է նախատոնական գնումների ամիս: Հատկապես Հայաստանում դա դրսեւորվում է նրանով, որ մի կողմից՝ արտագնա աշխատանքից Հայաստան վերադարձած մեր համաքաղաքացիները, մյուս կողմից` արտերկրից հիմնականում դոլարային տրանսֆերտներ ստացող հայաստանցիները՝ իրենց արտարժութային միջոցները վերածում են դրամի` ամանորյա առեւտուր կատարելու համար: Նախորդ տարիներին դա օրինաչափորեն հանգեցնում էր դոլարի արժեզրկման, քանի որ մեծ չափով դոլար էր մտնում շուկա: Այսօր արդեն դեկտեմբերի 16-ն է, սակայն, ինչպես տեսնում եք, հակառակն է տեղի ունենում: Այսինքն` այս տարի եւ արտագնա աշխատանքից, եւ արտերկրի բարեկամներից ստացվող մեր համաքաղաքացիների եկամուտները նվազել են: Իհարկե, բացառված չէ, որ մինչեւ դեկտեմբերի վերջ այս միտումը որոշակիորեն փոխվի, այսինքն` դոլարը փոքր-ինչ արժեզրկվի: Սակայն նախորդ տարիների պատկերը, ամենայն հավանականությամբ, չի լինի: Սա, իհարկե, որոշակի իմաստով նորմալ երեւույթ է: Աննորմալ է միայն այն, թե ինչու են այսքանից հետո իշխանությունները «կայուն դրամի» ամենեւին ոչ շուկայական քաղաքականություն վարում: