Երկու նամակ

22/12/2008

Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը երեկ հանդես է եկել երկու հայտարարությամբ: Դրանցից մեկն ուղղված է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Ջհանգիրյանի գործով դատավոր Ժորա Վարդանյանին, մյուսը` մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանին: «… Դուք այդպես էլ չանսացիք, դեռեւս առաջին նիստերում, Ձեզ ուղղված իմ դիմումներին ու պահանջներին` լինել անաչառ ու անկողմնակալ, գործի ելքով չշահագրգռված օբյեկտիվ արբիտրի դեր ստանձնել մեղադրանքի ու պաշտպանության կողմերի միջեւ: … Եվ քանի որ Դուք չքողարկվող հեգնանքով եք վերաբերվում «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի դրույթների ու նաեւ ԵԴ-ի նախադեպային վճիռների, իմ ու իմ պաշտպանների ցանկացած հիշատակմանն ու վկայակոչմանը, իսկ գործող քրօրենսդրության դրույթները ուղղակի չտեսնելու եք տալիս կամ, լավագույն դեպքում, մեկնաբանում ըստ նպատակահարմարության, պարտադրված եմ եւս մեկ անգամ Ձեզ հիշեցնել մեր հիմնական օրենքի` ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթները… Մեր հիմնական օրենքի 19-րդ հոդվածը սահմանում է` յուրաքանչյուր ոք ունի իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից իր գործի հրապարակային քննության իրավունք: Մինչդեռ այս դատավարությունում մենք առավել շատ պայքարում ենք ոչ այնքան մեղադրանքի կողմի, որքան մեր համար Սահմանադրությամբ երաշխավորված «անաչառ ու անկողմնակալ» դատարանի դեմ:…»,- ասված է դատավորին ուղղված նամակում: Իսկ Ա. Հարյությունյանին նա գրել է. «Զարմացած ու նաեւ զայրացած մնացի՝ ծանոթանալով 7-ի գործը դատարան ուղարկելու հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, իմ կոլեգա-ընկերոջ` Ա. Հարությունյանի տրված գնահատականներին ու հնչեցրած մեկնաբանություններին: Ավարտված ու դեռեւս ընթացող հարյուրից ավելի խայտառակ դատավարությունները, դրանց ընթացքում բացահայտված ու թույլ տրված հազարավոր ապօրինություններն ու օրինազանցությունները, կեղծիքները, պաշտոնեական դիրքի չարաշահումները, մեղադրանքի արհեստական ապացույցների ստեղծումը, մոտ տասը տասնյակ անձանց բացահայտ ապօրինի ու անհիմն ազատությունից զրկելու հանրահայտ փաստերը, մեղադրյալների ու նրանց շահերի պաշտպանների դատավարական ամենատարրական իրավունքների համատարած ոտնահարումներն ու խախտումները, անմեղ մարդկանց` ավելին, Ոստիկանության ու կրիմինալ կառույցների կողմից հանցագործությամբ ֆիզիկական, բարոյական ու գույքային վնաս կրած 100-ից ավելի ՀՀ քաղաքացիների ակնհայտ ապօրինի ու անհիմն դատապարտումները, այդ դատավճիռների վերաքննիչ ու վճռաբեկ անարդյունք բողոքարկումները, ընդդիմադիր հայացքներ ունեցող տնտեսվարողների դեմ սանձազերծված մաքսային ու հարկային տեռորը, նրանց ունեցվածքի ու բիզնեսի ապօրինի յուրացումները, տասնյակ հազարավոր ՀՀ շարքային քաղաքացիների Սահմանադրական հիմնարար իրավունքների ու ազատությունների մասսայական արձանագրված ոտնահարումներն ու խախտումները, կարծես բավարար չեն մարդու իրավունքների մեր պաշտպանի համար, որ նա հետեւության հանգի, թե ՀՀ-ում 2008թ. նախագահական ընտրությունների շեմին ու մարտի 1-ի սպանդից հետո երկրում չկա իրավապահ ու արդարադատության համակարգ, այլ ժողովրդի իշխանությունը բռնազավթած ռեժիմի անողնաշար կամակատարների մի հավաքածու, որի ամեն գործողություն, որոշում, թելադրված է զավթած իշխանությունը պահելու, քաղաքական վրեժխնդրության ու հաշվեհարդարի ստոր բնազդներով… »: