Դեկտեմբերի 7-ին ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ պաշտոնական տվյալներով 1988 թ. ծանր երկրաշարժից տուժած 4284 անօթեւան մարդ կա: Ինչպես մյուս դեպքերում, այնպես էլ աղետի գոտու անօթեւանների պաշտոնական թիվը չի արտացոլում իրական պատկերն այն պարզ պատճառով, որ Տեղական ինքնակառավարման մարմինները եւ ՀՀ կառավարությունը անհասկանալի պատճառներով անօթեւանների ցուցակը հնարավորինս «սեղմել» են:
Գոյություն ունեն հնարամիտ տեխնոլոգիաներ, որոնք կիրառելով կարելի է աղետի գոտուց տուժած անօթեւան մարդու անունը բնակարան ստանալու հերթացուցակից դուրս մղել: Հետեւաբար, ՀՀ իշխանությունները, մասնավորապես՝ Գյումրիի քաղաքապետարանն, անօթեւան մարդկանց բնակարանով ապահովելու բեռը, կարելի է ասել, թոթափում է նաեւ հերթացուցակում գրանցվածների անուններն անօրինական կերպով կրճատելու ճանապարհով: Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, սակայն ստորեւ ներկայացվող փաստերը բավական են` պատկերացնելու համար, թե ինչպես է մեր պետությունը մեկ բնակարանի գումար ծախսելու փոխարեն՝ խաղադրույք կատարում մարդկանց ճակատագրերի վրա:
Ռոզա Գեւորգյանը 1988թ. երկրաշարժից հետո կորցրել է ինչպես բոլոր հարազատներին, այնպես էլ` սեփական բնակարանը: Ժամանակավոր ապաստան է ստացել Երեւանի «Նարինե» մանկական առողջարանում, սակայն 2002-ին առողջարանը լիկվիդացվել է, իսկ Ռ. Գեւորգյանին տեղափոխել են Նոր Նորքի ուսանողական ավանի հանրակացարան: «Երկրաշարժից հետո Գյումրիի մեր շենքը ճանաչվեց որպես խիստ վթարային: Իմ բնակարանը մեկ սենյականոց էր: Շենքը վերանորոգեցին, ամրացրին մեկ սենյականոցների հաշվին եւ շահագործման հանձնեցին, իսկ ինձ, ինչպես նաեւ մեկ սենյականոց բնակարանների մյուս բնակիչներին գրանցեցին անօթեւանների հերթացուցակում: Այսինքն՝ 20 տարի ապրել եմ բնակարան ստանալու հույսով»,- ասում է անօթեւան Ռ. Գեւորգյանը, ով միայն վերջերս է պարզել, որ իր անունը հանել են անօթեւանների ցուցակից: Մասնագիտությամբ մանկավարժ 64-ամյա այս կինը 1990-ից աշխատում է Երեւանի թիվ 2 հատուկ դպրոցում: Ռ. Գեւորգյանի հավաստմամբ՝ տարիների ընթացքում իր անորոշ կարգավիճակի պատճառով մշտապես կորուստներ է ունեցել, մասնավորապես՝ աշխատանքի վայրից, ինչպես նաեւ՝ համապատասխան հաստատություններից փաստաթուղթ կամ տեղեկանք ստանալու համար իրենից գրանցում են պահանջել: Ասում է՝ «Դե՛, գիտեք, որ հիմա խստացել է ամեն բան: Ուր գնում էի՝ գրանցման թուղթ էին ուզում: Որոշեցի Գյումրիի գրանցումից դուրս գալ, որպեսզի կարողանամ այստեղ պարզունակ հարցեր լուծել: Ինձ որեւէ մեկը չի ասել, որ դա կարող է խոչընդոտ հանդիսանալ բնակարան ստանալու համար»: Ինչեւէ, Ռ. Գեւորգյանը Գյումրի քաղաքի նախկին հասցեի հաշվառումից դուրս է եկել եւ հաշվառվել է Երեւանի Նոր Նորքի ուսանողական ավանի հանրակացարանում, հետեւաբար, ինչպես ինքն է պնդում՝ ոչ թե հիմնական գրանցվել, այլ ընդամենը հաշվառվել է. «Դա ոչ թե հիմնական գրանցում է, այլ ընդամենը հաշվառում, որ ժամանակավորապես բնակվում եմ կացարանում: Նույնիսկ Գյումրիում ինձնից թուղթ ուզեցին, թե՝ որտե՞ղ ես հաշվառվելու, եւ ես ներկայացրի, որ՝ հանրակացարանում»: Այսինքն՝ մի դեպքում Երեւանում անօթեւան կնոջը ստիպել են Գյումրիի գրանցումից դուրս գալ եւ գրանցվել Երեւանում, իսկ մյուս դեպքում էլ՝ այդ գործողությունը պատրվակ է դարձել, որպեսզի նրան անօթեւանների բնակարանով ապահովելու հերթացուցակից դուրս հանեն:
ՀՀ նախկին փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախկին նախարար Հովիկ Աբրահամյանին եւ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղած Ռ. Գեւորգյանի դիմումների կապակցությամբ Շիրակի մարզպետարանն այս գործն ուսումնասիրելու հանձնարարական է ստացել: Այնուհետեւ ի պատասխան այդ դիմումների՝ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խ. Պողոսյանը մեկնաբանել է. «Գյումրի քաղաքում իրականացվում է միայն երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիր եւ ՀՀ կառավարության 10.06.1999թ. 432 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի համաձայն՝ բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեն այն քաղաքացիները եւ նրանց ընտանիքի անդամները, որոնց բնակարանները երկրաշարժի հետեւանքով քանդվել կամ բնակվելու համար դարձել են ոչ պիտանի եւ, որոնք ընդգրկված են Գյումրու քաղաքապետարանի երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների հերթացուցակում: Տեղեկացնում ենք, որ, եթե հաշվառման վերցրած անձինք մշտական բնակության են փոխադրվել այլ բնակավայր, ապա հաշվառումից հանվում են: Քանի որ Դուք 2002թ. դուրս եք գրվել Ձեր նախկին հասցեից եւ գրանցվել Երեւան քաղաքում, ուստի կորցրել եք որպես երկրաշարժից անօթեւան Գյումրի քաղաքում հաշվառվելու Ձեր իրավունքը»: Փաստ է, որ Ռ. Գեւորգյանը երկրաշարժի հետեւանքով կորցնելով իր բնակարանն՝ ընդգրկվել է անօթեւանների հերթացուցակում, սակայն անհասկանալի է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի այն մեջբերումը, որ Ռ. Գեւորգյանը 2002-ից մշտական բնակություն է հաստատել մեկ այլ բնակավայրում: Որպես հակափաստարկ՝ հարկ է նշել, որ Ռ. Գեւորգյանը չի կարող մշտական բնակություն հաստատել ժամանակավոր կացարանում, քանի որ Նոր Նորքի ուսանողական հանրակացարանը տնօրինում է փակ բաժնետիրական ընկերություն, ասել է թե՝ ունի սեփականատեր: Ժամանակավոր կացարանում բնակվող այս կինն իր զբաղեցրած սենյակի հանդեպ չունի սեփականության իրավունք, քանի որ ամբողջ հանրակացարանը 2007-ից պատկանում է ինչ-որ ՓԲԸ-ի: Ռ. Գեւորգյանը նշում է՝ «Արդեն տեւական ժամանակ է, ինչ ինձնից պահանջում են սենյակի համար ամսական վարձավճար մուծել: Ես պարտաճանաչ կերպով վճարում եմ բոլոր կոմունալ ծախսերը, բայց պարտադրում են պայմանագիր կնքել, ըստ որի՝ հանդիսանալու եմ սենյակի վարձակալ: Իսկ պայմանագրի համաձայն՝ ես ոչ թե պետք է այս ամսվա վարձը մուծեմ, այլ նախկին տարիներինն էլ՝ 20 տարվա: Ախր կարելի՞ է էսպիսի խաղ խաղալ մարդու գլխին ու գցել էս օրը: 20 տարի բնակարան ստանալու երազանքով եմ ապրել, բայց հանկարծ պարզվում է, որ ես, բավական չէ, հերթացուցակից հանվել եմ, դեռ ավելին՝ էստեղից էլ ամսական վարձ են ուզում: Ինձ Շիրակի մարզպետարանից պատասխանել են, թե հիմնական բնակավայր եմ տեղափոխվել, բայց ո՞նց կարող է ժամանակավոր կացարանը հիմնական բնակավայր համարվել»: Ինչեւէ, տիկին Ռոզայի՝ ՀՀ նախագահին, ՀՀ կառավարությանն ուղղած բոլոր դիմումներն առանց ուսումնասիրվելու ուղարկվում են Շիրակի մարզպետարան, որտեղից էլ վերջինս ստանում է նույնաբովանդակ պատասխաններ: Ամիսներ առաջ
Ռ. Գեւորգյանն իր իրավունքների պաշտպանության հարցում խնդրել է մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի միջնորդությունը, ով, սակայն, բողոքը չքննարկելու մասին որոշում է կայացրել բավականին անհեթեթ պատճառաբանությամբ: Մեջբերում ենք նրա պատասխանից՝ «ՀՀ կառավարության 10.06.1999թ. «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 432 որոշմամբ հաստատված կարգով կարգավորվում է աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցության միջոցով կառուցված պետական բնակարանային ֆոնդում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հաշվառման, նրանց հաշվառումից հանելու եւ այդ բնակարանները քաղաքացիների համաձայնությամբ նրանց անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու կարգը: Նշված կարգի 12 կետի համաձայն՝ քաղաքացիները հաշվառումից հանվում են, եթե՝
ա) Հաշվառման վերցված անձանց բնակարանային պայմանները բարելավվել են, որի կապակցությամբ վերացել են հաշվառման մեջ գտնվելու հիմքերը:
բ) Հաշվառման վերցված անձինք մշտական բնակության են փոխադրվել այլ բնակավայր:
գ) Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու մասին ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ»։
Ելնելով վերոգրյալից` մարդու իրավունքների պաշտպանը նպատակահարմար չի գտել Ռ. Գեւորգյանի դիմումը քննարկել:
Ռ. Գեւորգյանը հակադարձելով մարդու իրավունքների պաշտպանի մեջբերած երեք կետերը՝ մեջբերում է՝
«ա) Իմ բնակարանային պայմանները չեն բարելավվել, իսկ Երեւանում ես հաշվառվել եմ, որովհետեւ դա ինձնից պահանջել են: Գոյություն ունեն փաստեր, որ ես Գյումրիում հիմնական գրանցում ունեմ, իսկ ժամանակավոր կացարանում ընդամենը հաշվառված եմ: Եվ գոյություն ունի անօթեւանների հերթացուցակ, որտեղ ես ընդգրկված եմ եղել, բայց հանրակացարանում հաշվառվելը պատրվակ է եղել, որ հանեն:
բ) Ես մշտական բնակության չեմ փոխադրվել, իմ սեփական տունը չունեմ, որովհետեւ 20 տարի է, ինչ ապրում եմ ժամանակավոր կացարանում, որը ՓԲԸ է:
գ) Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու մասին ներկայացրել եմ ճշգրիտ տեղեկություններ»: Այնուամենայնիվ, Ռ. Գեւորգյանը պնդում է, որ Ա. Հարությունյանի մատնանշած երեք կետերից եւ ոչ մեկի մեջ չի տեղավորվում իր հետ կատարվածը: «Տունս կորցրել եմ, հարազատներիս կորցրել եմ, ու հիմա ինձ հետ էսպե՞ս են վարվում, խաբո՞ւմ են: Մի՞թե այսպես է դրվածքն աշխարհի, մեկը պիտի դատի, մյուսը՝ ուտի. Ինձ հասանելիք տունը տան ուրիշին, հերթացուցակից անունս ոչնչացնեն ու բոլոր իրավունքներից զրկե՞ն: Ինչպե՞ս կարող է ժամանակավոր կացարանը լինել մշտական բնակավայր, երբ գալիս ինձ սենյակից սենյակ, հարկից հարկ են տեղափոխում: Առանց նախազգուշացնելու մտնում են, սենյակի պատ, խողովակ են քանդում: Սովետական կարգերի ժամանակ, երբ գոմը վերանորոգում էին՝ անասուններին դուրս էին հանում, իսկ մեր սենյակներում… Դա մշտական բնակության վա՞յր է, երբ քո սենյակը տնօրինելու իրավունք չունես»,- վրդովված ասում է Ռ. Գեւորգյանը, ում փաստաթղթերն ուսումնասիրելիս ապշում ես, թե ինչպես են մեր պետական այրերը սեփական քաղաքացիներին ճարպկորեն «ֆռռացնելով» ազատվում պարտավորություններից: