«7-ի գործը»՝ լակմուսի թուղթ

14/12/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Մենք մեր սակավ ռեսուրսները կենտրոնացնելու ենք զուտ «7-ի գործի» վրա», մեր ներկայացուցիչը լինելու է բոլոր նիստերին: Որոշ նիստերին մասնակցելու եմ նաեւ անձամբ ես: Արձանագրելու ենք երկու կողմերի բոլոր փաստարկները, բոլորի վերաբերմունքն այդ փաստարկների նկատմամբ, հետո նոր հանդես կգանք մեր մոտեցմամբ»,- երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` անդրադառնալով նոյեմբերի 19-ին մեկնարկող 7 քաղբանտարկյալների դատավարությանը:«Իմ ներքին համոզմունքը ավելի շատ համընկնում է պաշտպանական կողմի մոտեցումների հետ: Իսկ այդ գործով պաշտպաններն ինձ շատ լուրջ ու համոզիչ փաստարկներ են ներկայացրել»,- ասաց օմբուդսմենը` շեշտելով, որ «7-ի գործի» պաշտպանները «շատ պրոֆեսիոնալ են»:

Ա.Հարությունյանը ուշադիր լինելու իր մոտեցումը բացատրեց նաեւ այն հանգամանքով, որ «7-ի գործը» դառնում է մարտի 1-ի հետ կապված մյուս բոլոր գործերի ու դատավարությունների կենտրոնացված տարբերակը: «Կարծես թե կենտրոնական գործ է դառնում, լակմուսի թուղթ, կազմակերպիչների խնդիր է առաջ գալիս: Այստեղ կոնցենտրացված են ներկայանալու պաշտպանական եւ մեղադրական կողմերը: Դրա համար էլ այս գործի նկատմամբ շատ պրոֆեսիոնալ վերաբերմունք ենք դրսեւորելու: Առաջ ընկած չեմ ուզում կարծիք հայտնել: Ուշադրությամբ կհետեւենք ողջ պրոցեսին, որտեղ կերեւան թե՛ դատավորի կեցվածքը, թե՛ մյուս կողմի բերած փաստարկները: Պետք չէ նաեւ իրավաբան լինել՝ հասկանալու համար, թե դատավորն ինչ կեցվածք է ընդունում: Չի բացառվում, որ ընթացքում էլ հայտարարություն անենք, որը ուժ է ունենալու: Իրավապաշտպան կառույցներս եթե հանդես գանք պրոֆեսիոնալ ձեւով, դա որոշակի արդյունքի կբերի»,- համոզված է նա:

Նոյեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը հայտարարել էր, որ գործի հետ ծանոթանալուց հետո ինքը կասի` «արդյո՞ք բավարար հիմքեր կան «7-ի գործը» դատարան ուղարկելու համար»: ՀՀ օմբուդսմենը չմեկնաբանելով ԵԽ օմբուդսմենի այս հայտարարությունը՝ ասաց, թե այդ հարցը կպարզվի դատարանում: «Որովհետեւ կարծում եմ, որ պաշտպանական կողմն այդ փաստարկը դեռ կբերի: Ես այդ գործը չեմ ուսումնասիրել, ես ընդամենը փաստաբանների հետ եմ խոսել: Երկու կողմերն էլ իրենց փաստարկներն ունեն, ու փաստարկների բախման մեջ կարելի է հնարավորինս օբյեկտիվ լինել»,- ասաց Ա.Հարությունյանը:

«7-ի գործը» քննող դատավոր Մնացական Մարտիրոսյանն ընդամենը 9 օրում է ծանոթացել 42 հատորից կամ 12 հազար էջից բաղկացած գործի նյութերին, այն դեպքում, երբ ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքն ավելի երկար ժամանակ էր ընձեռում: Արդյո՞ք իր այդ շտապողականությամբ դատավորը չի ոտնահարել ամբաստանյալների իրավունքը: Ա.Հարությունյանը համոզված է, որ այդ հարցի դեպքում էլ պաշտպանական կողմը դատարանում լուրջ փաստարկներ կներկայացնի: «Տաղանդավոր մարդ է, որ 9 օրում կարող է կարդալ մի բան, որի հետ ես 90 օրում չեմ կարողանա ծանոթանալ: Պրոցեսի ժամանակ այդ ամենը կներկայացվի, եւ մենք հետո դրան փաստարկված կանդրադառնանք»,- ասաց Ա.Հարությունյանը եւ ավելացրեց, թե չի ուզում դատավարության ընթացքում եւ դրանից առաջ մեկնաբանություններ անել, որովհետեւ դա կարող է դիտվել որպես դատարանի անկախության հանդեպ ոտնձգություն, զուգահեռ գործ առաջ տանելու փորձ:

Օմբուդսմենն անդրադարձավ նաեւ ազատազրկվածների նկատմամբ ներում կամ համաներում շնորհելու խնդիրներին: Շաբաթներ առաջ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը հայտարարել էր, թե համաներում տարածվում է նրանց վրա, ովքեր ընդունում են իրենց մեղքը, իսկ ովքեր դեռ չեն հայտարարում, որ մեղավոր են, նրանց նկատմամբ համաներում չի կարող տարածվել: «Այսինքն՝ ընդունում է իր մեղքն ու ասում է, որ դա այլեւս չի կրկնվի»,- մեր թղթակցին ասել էր նախարարը: ՄԻ պաշտպանը երեկ հայտարարեց, որ նման մոտեցումները չի ընդունում եւ արհեստական է համարում ներման եւ համաներման ինստիտուտների բախումը: «Երկուսն էլ նախատեսված են իրենց համար բնորոշ իրավիճակների համար: Եթե մարդն իրոք ռեալ զղջում, ներման դիմում ունի, իհարկե, շատ ցանկալի է, որ այդ ներումն իրեն շնորհվի: Եթե դա ինչ-ինչ պարտադրողական միջոցով է, ճիշտ չէ: Ներման ինստիտուտն իր պայմաններն ունի, համաներման ինստիտուտն` իր: Ես համաներման կողմնակից եմ, որովհետեւ համաներումը չի պահանջում եւ պարտադրում մարդկանց կողմից մեղավորության ճանաչում: Դա ցույց է տալիս պարզապես բարի կամք: Երբ այցելում ենք քրեակատարողական հիմնարկներ ու հանդիպում ենք այդ մարդկանց հետ, նրանց մեծամասնությունը չի համարում, որ մեղավոր է: Համարում են, որ սա քաղաքական պրոցես է: Այդ պատճառով էլ դիրքորոշում որդեգրել, որ նրանք զղջան, ճիշտ չէ: Թող դատարանում մեղադրող կողմն ապացուցի, որ նրանք քրեական հանցագործներ են: Մարդը պարտավոր չէ ապացուցել, թե ինքն անմեղ է: Դրա համար սպասենք ու տեսնենք, թե մեղադրող կողմն ինչպես է դա ապացուցելու»,- ասում է Ա.Հարությունյանը:

Լրագրողներին նաեւ հետաքրքրում էր, թե ինչպե՞ս կարձագանքի պաշտպանը, եթե հանկարծ պարզվի, որ բարձրաստիճան պաշտոնյաները, նաեւ գլխավոր դատախազը «7-ի գործում» որոշ փաստեր պարտակելու փորձեր են արել: ՀԱԿ-ը վերջերս հայտարարել էր, թե մարտի 1-ի հիմնական գործին զուգահեռ՝ եղել է նաեւ մեկ այլ գործ, որտեղ վկայություններ են տվել զինվորականները, բայց դա հետագայում փակվել է: «Մենք բացարձակապես որեւէ կաշկանդվածություն չունենք: Հենց նման հարց ծագի, մենք գլխավոր դատախազի վերաբերյալ մեր կարծիքը կհայտնենք»,- ասաց օմբուդսմենը:

Մարտի 1-ի հետ կապված մյուս բոլոր գործերի նկատմամբ իրականացրած մոնիտորինգից Ա.Հարությունյանը եզրակացրել է, որ դատարանները, որպես կանոն, պաշտպանում են մեղադրական կողմին այն դեպքում, երբ նրանց ներկայացրած ապացուցողական բազան համոզիչ չէ: Դեկտեմբերի 17-ին Թ.Համարբերգը Հայաստանի մասին իր զեկույցը կներկայացնի ԵԽ մոնիտորինգի հանձնաժողովին, եւ հայտարարել էր, որ եթե մինչ այդ ոչինչ չփոխվի, իր զեկույցը շատ խիստ է լինելու: Պաշտպանը չցանկացավ այդ խնդրին անդրադառնալ` ասելով, թե մեր երկրում ժողովրդավարության կայացման խնդիրը ոչ թե Համարբերգի, այլ մեր խնդիրն է:

ՄԻ պաշտպանն անդրադարձավ նաեւ Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանի նկատմամբ իշխանությունների վարած քաղաքականությանը եւ ընդհանրապես մեր երկրում սեփականության իրավունքի վիճակին: Ասաց, որ եթե «Բջնիում» խախտումներ կան, ու իշխանությունների գործողությունները դրանով են պայմանավորված, ցանկալի կլիներ, որ նույն խստությունը որդեգրեր մյուս բոլոր ընկերությունների նկատմամբ: Սեփականության իրավունքի ոտնահարման հետ կապված՝ Ա. Հարությունյանն անդրադարձավ նաեւ դատավորների վճիռներին: «Ինչպե՞ս կարող է հայտարարել, թե՝ խնդրում եմ այս քաղաքացու անունով գրանցված սեփականության նկատմամբ կալանք դնել, որովհետեւ դրա փաստացի սեփականատերը Մյասնիկ Մալխասյանն է: Սա ի՞նչ ապացուցողական բազա է: Հիմա ես չգիտեմ, նա շա՞տ է ցանկացել ապացուցել, չի՞ զգացել՝ ինչ է անում, թե՞ դա պարզապես ոչ պրոֆեսիոնալիզմ է»,- հարցնում է պաշտպանը: Իսկ վերջում անդրադառնալով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին` Ա.Հարությունյանը եզրակացրեց. «Եթե միշտ խնդիրներ ունի այն լրագրողը, որը իշխանամետ չէ, միշտ խնդիրներ ունի այն բիզնեսմենը, որը իշխանամետ չէ, սա արդեն ցույց է տալիս, որ մենք մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից շատ հեռու ենք այն վիճակից, ինչը կոչվում է իրավական պետություն»: