ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը երեկ ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության նորանշանակ տնօրեն Շեւքեթ Շայդուլինին եւ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության փոխնագահ Գեորգի Կորնիլովին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Գ.Սարգսյանը նորանշանակ տնօրենին տեղեկացրել է, որ նախարարության կազմում ստեղծվում է համապատասխան ստորաբաժանում, որը կիրականացնի մոնիտորինգ եւ կվերահսկի ներդրումների իրականացման գործընթացը: Գ.Կորնիլովը նշել է, որ թեեւ ֆինանսական ճգնաժամն իր ազդեցությունն է թողել Ռուսական երկաթուղու գործունեության վրա, այդուհանդերձ, «Հարավկովկասյան երկաթուղիներում» իրականացվելիք ներդրումային ծրագրերում փոփոխություններ չեն նախատեսվում, այդ թվում` աշխատակիցների կրճատումներ` նույնպես: Նա ասել է, որ իրենց առաջնային խնդիրն է լինելու «Հարավկովկասյան երկաթուղիների» աշխատանքների արդյունավետության բարձրացումը, բիզնես միջավայրի հետ համագործակցությունը եւ այլն: Շ.Շայդուլինը նախարարից ժամանակ է խնդրել կատարված աշխատանքներին ծանոթանալու եւ մանրամասն ներկայացնելու համար: