«Այն, ինչ տեսանք, արդարացրեց մեր բոլոր սպասումները. 4 օրերի ընթացքում ամեն օր կարելի էր տեսնել հայկական մուֆլոնի ոչ մեծ խմբեր: Կենդանուն Վալերին կարող էր որսալ հենց առաջին օրը, բայց հիշելով, որ հետազոտական աշխատանքները ոչ միայն որս է, չէր շտապում կրակել եւ սպասում էր ուղեկցող մարդու հրամանին: Միայն որսի վերջին օրը, հոգնեցնող ճանապարհից ու անցումներից հետո, հաջողվեց գտնել հայկական մուֆլոնների հարմար խումբ: Հոտը բաղկացած էր 5 խոշոր ոչխարներից եւ մեկ մատղաշ էգից: Կրակել 350 մետր հեռավորությունից` ոչ միայն անհնար էր, այլեւ վտանգավոր: Իսկ վտանգել որսի հնարավորությունը վերջին օրը` այնքան էլ ճիշտ որոշում չէ: Շրջանցելով տարածությունը եւ մոտենալով մուֆլոնի խմբին մինչեւ 120 մետր` որսորդն առաջին կրակոցից սպանեց հրաշալի կենդանուն»:
Հայկական մուֆլոնի որսի այս նկարագրությունը զետեղված է Մոսկվայում հրատարակվող «Օխոտա» ամսագրի այս տարվա մայիսի համարում: Այն այդպես էլ կոչվում է` «Գարնանային որսի հաղթանշաններ», իսկ որսորդական ակնարկի վերնագիրն է` «Հայկական մուֆլոնի հետքերով»: Նկարագրված իրադարձությունները տեղի են ունեցել այս տարվա գարնանը` Վայոց Ձորի մարզում (Եղեգնաձորի կիրճում):
Հաղթանշանների հավաքածուն ՀՀ «Կարմիր գրքում» գրանցված հայկական մուֆլոնով ավելացնելու բախտը վիճակվել էր Ռուսաստանում հայտնի որսորդ Վալերի Մալեեւին: Ակնարկում, իհարկե, գրված չէ, որ կենդանին պահպանվում է օրենքով, որ որսորդը իրականում որսագող է, իսկ որսի կազմակերպիչները` իրավախախտներ:
Այն տարածքը, որտեղ տեղի է ունեցել հայկական մուֆլոնի որսը` Եղեգնաձորի կիրճում, ՀՀ կառավարության 2004թ. որոշմամբ մշտական եւ անհատույց օգտագործման իրավունքով տնօրինում է «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ն: Ինչպես գրված է կառավարության որոշման մեջ, Վայոց Ձորի մարզի Եղեգիսի կիրճի եւ Սյունիքի մարզի Գեղիի ու Դարմանաձորի անտառային ֆոնդի տարածքները տրամադրվել են «Սաֆարի ինտերնացիոնալ» ՍՊԸ-ին` վայրի կենդանիների տեսակների բնականոն վերարտադրության ապահովման, էկոտուրիզմի եւ որսորդական տուրիզմի զարգացման ծրագրի իրականացման նպատակով: Ընկերության նախագահը Վայոց Ձորի մարզպետ Վարդգես Մաթեւոսյանն է: Նա կտրականապես ժխտեց, որ այս տարի մուֆլոնի որս է եղել: «Այստեղ ընդհանրապես որս չի լինում»,- ասում է նա:
Այնուամենայնիվ, www.safariinternational.com կայքում մենք գտանք հետեւյալ գնացուցակը:
Որսի կազմակերպման պայմանների մեջ գրված է նաեւ, որ «Սաֆարի ինտերնացիոնալ» ընկերությունը պատրաստ է կազմակերպել նշված կենդանիների որս մարտից մինչեւ նոյեմբեր: Իրականում հայկական մուֆլոնի որսագողությունը հաստատելու քիչ ցանկություն կա, քանի որ այդ կենդանու ապօրինի որսի տուգանքը 3 մլն դրամ է: Այս գինը սահմանված է «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքով: Գումարը փոխանցվում է ՀՀ պետբյուջե:
Այն, որ տեղի ունեցածը որսագողություն է, հաստատում են հետեւյալ տվյալները:
Կենդանական եւ բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման (նաեւ որսի) լիցենզիա (թույլտվություն) տալիս է ՀՀ Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների գործակալությունը: «Հայկական մուֆլոնի որսի թույլտվություն այս տարի չի տրվել»,- ասում է Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Կարեն Ճենտերեճյանը: «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների օգտագործում (նաեւ որս) թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` գիտահետազոտական, արհեստական եւ բնական պայմաններում վերարտադրության նպատակով` ՀՀ կառավարության որոշմամբ» («Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդված): Տվյալ դեպքում չի եղել ո՛չ կառավարության որոշում, ո՛չ որսի թույլտվություն եւ ոգչ էլ պայմանագրի կնքում որեւէ որսորդի կամ որսորդական ընկերության միջեւ: Սա բավական է, որ դեպքը համարվի որսագողություն:
Որսագողության մասին ոչինչ հայտնի չէ նաեւ ՀՀ Բնապահպանության պետական տեսչության պետ Տիգրան Գրիգորյանին: Նրա հավաստմամբ` այս տարի հայկական մուֆլոնի որս չի եղել: Հայտնի չէ, թե ինչպե՞ս է «Սաֆարի ինտերնացիոնալ» ընկերությունը մուֆլոնի որսի հրավիրում, եթե կենդանու որսի թույլտվություն ստանալու միակ միջոցը գիտահետազոտական ուսումնասիրություն կատարելն է կամ վերարտադրությունը, որի համար պետք է կառավարության կամ բնապահպանության նախարարի որոշում, որսի անհրաժեշտության հիմնավորում, լիցենզիա եւ պայմանագրի կնքում:
Տարբեր կազմակերպությունների կատարած ուսումնասիրությունների տվյալներով` հայկական մուֆլոնի քանակը Հայաստանում վերջին տարիներին շատացել է: Բայց դա տեղի չի ունեցել այն պատճառով, որ հայերը դարձել են օրինապահ, իսկ բնապահպանության նախարարության պահպանության տեսչությունը` ավելի կազմակերպված: Սա տեղի է ունեցել այն պատճառով, որ «Սաֆարի ինտերնացիոնալ» ընկերությունը շահագրգռված է պահպանել կենդանիներին բիզնես նպատակներով: Ընկերությունը հրավիրում է ՀՀ «Կարմիր գրքում» գրանցված կենդանու որսի, սահմանում է պաշտպանվող կենդանու որսի արժեք եւ տնօրինում ամբողջ գումարը` չվճարելով անգամ բնավճար: (Նույնիսկ գիտահետազոտական նպատակով հայկական մուֆլոնի որսի համար չի նախատեսվում բնավճար: Համարվում է, որ դա արվում է հանուն գիտության):
ՀՀ օրենսդրությամբ կենդանական եւ բուսական աշխարհը ՀՀ սեփականությունն է: Սակայն, ակնհայտ է, որ այսօր հենց այդ պետությունը չի կարող տեր կանգնել իր սեփականությանը: «Հայկական մուֆլոնի հետազոտության համար մենք ոչ մի դրամ չենք ստանում: Մենք չունենք մեքենա հետազոտական արշավներ կազմակերպելու համար, չունենք գործիքներ, համապատասխան հանդերձանք: Ես էլ ի՞նչ կենսաբան»,- ասում է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների ուսումնասիրման լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանը: Նրա աշխատավարձը պետությունը սահմանել է ամսական 32 հազար դրամ:
Լենա ՆԱԶԱՐՅԱՆ
www.hetq.am