21 տոկոս թերսնված բնակչություն

14/12/2008

«2003-2005 թվականներին եւս Հայաստանի բնակչության 21%-ը թերսնվել է»,- նման գնահատական է պարունակում ՄԱԿ-ի Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության (FAO) «Պարենային անապահովությունն աշխարհում-2008» զեկույցը: Նշված տվյալների համաձայն` Հայաստանում 1990-1992թթ. ընթացքում թերսնվածների թիվը կազմել է 1.6 մլն, 1995-1997թթ.` 1.1 մլն, իսկ 2003-2005թթ.`0.6 մլն մարդ: Տոկոսային հարաբերակցությամբ՝ 1992-1994թթ. թերսնված է եղել Հայաստանի բնակչության 46%-ը, 1995-1997թթ.՝ 24%-ը: Ադրբեջանի պարագայում ցուցանիշները հետեւյալ տեսքն ունեն. 1990-1992թթ. թերսնված է եղել 2 մլն մարդ (27%), 1995-1997թթ.՝ 2.1 մլն մարդ (27%), 2003-2005թթ.՝ 1 մլն մարդ (12%): Համաշխարհային պարենային ճգնաժամի հետեւանքով աշխարհում նախորդ տարվա համեմատ այս տարի 40 մլն-ով ավելացել է սովյալների թիվը: FAO-ի տվյալներով` այսօր սովի են մատնված մոլորակի 963 մլն բնակիչներ: Զեկույցի հեղինակները նախազգուշացնում են, որ ներկայիս ֆինանսատնտեսական ցնցումներն էլ ավելի կխորացնեն պարենային խնդիրները: Կազմակերպությունը հարցում է անցկացրել աշխարհի 134 երկրներում եւ եզրակացրել է, որ մոլորակի բնակչության 26%-ը` շուրջ 1.3 մլրդ մարդ, չի կարողանում ըստ անհրաժեշտության կերակրել սեփական ընտանիքին: