Էլ ի՞նչ ապացույց է ուզում Փիլոյանը

14/12/2008

Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր` Վարդան Ջհանգիրյանի գործով դատական նիստը երեկ դարձյալ հետաձգվել է:

Ըստ «Ա1+»-ի` երեկ ժամը 10:00-ին Կենտրոն համայնքի ոստիկանության Նորք-Մարաշ բաժանմունքի ավագ տեսուչներ Սայաթ Սարգսյանն ու Անուշավան Եղիկյանը դատարանի որոշմամբ այցելել են «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեջ մեղադրվող Վարդան Ջհանգիրյանի առանձնատուն` բերման ենթարկելու համար, սակայն, անկողնում պառկած, բժիշկների հսկողության տակ գտնվող, արհեստական սնուցման ապարատը ձեռքին փակցված Վարդան Ջհանգիրյանին տեսնելով` նրանք արձանագրել են, որ Ջհանգիրյանի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան բերման ենթարկել: Հիշեցնենք, որ Երեւանի քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը դեկտեմբերի 1-ի նիստում որոշում էր կայացրել Վ. Ջհանգիրյանին բերման ենթարկելու մասին:

5-րդ պոլիկլինիկայի տեղամասային թերապեւտ Իրինա Մարտիրոսյանն «Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, թե ինքն արդեն մեկ ամսից ավելի է հետեւում Վարդան Ջհանգիրյանի առողջությանը, սակայն հիվանդի վիճակը ծանր է։ «Անընդհատ սրացումներ են, հիվանդի վիճակը դեպի լավը չի գնում»,- ասել է նա` հավելելով, թե Վ. Ջհանգիրյանի «ամեն մի շարժումը նոր ցավային նոպա է»:

Իսկ ժամը 11:00-ին Երեւանի քրեական դատարանում շարունակվել է Վարդան Ջհանգիրյանի գործի դատաքննությունը: Դատավոր Մ. Մարտիրոսյանը հրապարակել է ավագ տեսուչների կազմած արձանագրությունը: Պաշտպանները դատարանին միջնորդել են գործը կասեցնել, քանի դեռ իրենց պաշտպանյալն ի վիճակի չէ ներկայանալ նիստերին: Սակայն մեղադրող դատախազ Կորյուն Փիլոյանն առարկել է միջնորդությանը` նշելով, թե պաշտպանների կողմից Վ. Ջհանգիրյանի առողջականի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացվել: Այնուհետեւ Փիլոյանը պահանջել է Վ. Ջհանգիրյանին բերման ենթարկելու որոշում կայացնել: Դատավորը հաջորդ դատական նիստը նշանակել է դեկտեմբերի 26-ին` բերման ենթարկելու որոշումը թողնելով ուժի մեջ: