«Էս պետությունն ինձ մեռցնում է»

14/12/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Քաղաքի փողոցներն ու մարդիկ սառել են, որովհետեւ արդեն ձմեռ է: Փողոցները սովոր են, իսկ մարդիկ ցրտից փախչում ու իրենց պաշտպանությունը գտնում են տաքուկ հանգրվաններում:

Մարդիկ ցրտից փախչում են, իսկ Գոհար տատը ցրտին սովորել է ճիշտ այնպես, ինչպես քաղաքի փողոցներն են օրինաչափորեն հաղթահարում ցուրտը: Գոհար տատն այս ձմեռն էլ անցկացնում է փողոցներում, ճիշտ այնպես, ինչպես նախորդը: Չորուկ մարմինը թաքցնելով հազարումի «փալաս-փուլուսի» տակ՝ 88 տարեկան այս տատիկը ոտքի վրա, բոլորիս աչքի առաջ մարում է: Ասում է` «Էս պետությունն ինձ մեռցնում է: Ուզում եմ կյանքիս վերջ տալ, էլ չեմ դիմանում, էլ ուժ չունեմ»: Էս պետությունը Գոհար տատին մեռցնում է, որովհետեւ տարեց կնոջը փողոց է շպրտել առանց խղճի խայթի: Այս կինն, ուղիղ երկու տարի է, գիշերում է փողոցներում, հասարակական շենքերի մուտքերում, տարբեր կառույցների անկյուններում ու հազարումի սթրեսների, միջադեպերի միջով է անցել: Գոհար տատն ասես իներցիայի ուժով է գոյատեւում, քանի որ ամեն օրվա լուսաբացին կոտրած ձեռքով վերցնում է պատվոգրերով, մեդալներով լի ցելոֆանն ու այն մի կերպ քարշ տալով՝ թակում է բոլոր այն դռները, որոնք կարող էին իրեն օգնել: Բայց բոլոր այն դռները, որոնք կարող էին նրան օգնել` սառնասրտորեն փակվում են, ու նրա խնդրանքների պատասխանը լինում է ծանր լռությունը:

1988թ. երկրաշարժի ժամանակ գյումրեցի Գոհար Թորոսյանի բնակարանը հավասարվել է հողին, որից հետո նրան տեղավորել են «Էրեբունի» հյուրանոցի երկրորդ մասնաշենքում: 2006թ. մարտ ամսին Եղեգնաձորի բնակիչ ոմն Էդիկ Սարգսյան` առանց փաստաթուղթ ներկայացնելու, առանց ներկայանալու, հայտնվելով հյուրանոցում` բնակիչներից պահանջել է ազատել սենյակները: «Էրեբունի» հյուրանոցում բնակվել են ինչպես աղետի գոտուց տուժածներն, այնպես էլ Բաքվի փախստականները: Է. Սարգսյանը ոմանց փոխհատուցել է չնչին գումարներով, իսկ որոշ փախստականներ էլ ապահովվել են բնակարաններով: Գոհար տատն ասում է` «Հյուրանոցի բնակիչներին դատի տվեցին ու դատական վճիռների հիման վրա մարդկանց վտարեցին: Ոչ ոք չբողոքարկեց, բացի ինձնից»: Տուրիզմի զարգացման հիմնադրամը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանին Գոհար Թորոսյանին զբաղեցրած տարածքից վտարելու պահանջի մասին հայց է ներկայացրել: Հայցը բավարարվել է եւ վճիռ է կայացվել՝ Գ. Թորոսյանին վտարել «Էրեբունի» հյուրանոցի 2-րդ մասնաշենքի թիվ 514 սենյակից: «Վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով»,- նշվում է վճռում: Այնուհետեւ տուրիզմի զարգացման հիմնադրամը Գ. Թորոսյանին վտարելու պահանջով դիմել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան, որտեղ, սակայն, նրա հայցը մերժվել է: «Գյումրու քաղաքապետարանը գրությամբ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի հարցմանը պատասխանել է, որ ներկայումս Շիրակի մարզպետարանի կողմից Գ. Թորոսյանին բնակարան հատկացնել հնարավոր չէ, քանի որ վերջինս հաշվառված չէ անօթեւան մնացած քաղաքացիների հերթացուցակում, իսկ պետական աջակցության միջոցով կառուցված բնակարանային ֆոնդի բնակարանների բաշխումն իրականացվում է համայնքի ղեկավարի կողմից հաստատված՝ աղետի հետեւանքով անօթեւան մնացած քաղաքացիների հերթացուցակին համաձայն: Այսինքն` Գ. Թորոսյանը, որը 88-ամյա միայնակ թոշակառու է, երկրաշարժի հետեւանքով կորցրել է բնակարանը, Գյումրի քաղաքում անօթեւանների հերթացուցակում ընդգրկված չէ, կառավարության կողմից որեւէ փոխհատուցում չի ստացել եւ ներկայումս վիճելի տարածքից վտարելու դեպքում՝ վերջինս կհայտնվի փողոցում, քանի որ բնակության այլ վայր չունի». այս փաստերը մեջբերում ենք դատական գործի վճռից, որով մերժվել է Տուրիզմի զարգացման գործակալության` Գ. Թորոսյանին զբաղեցրած տարածքից վտարելու պահանջի մասին հայցը: Նույն վճիռն է կայացրել նաեւ ՀՀ Վճռաբեկ դատարանը, որը, սակայն, հաշվի չառնելով, այնուամենայնիվ, տարեց կնոջը բռնի ուժով վտարել են հյուրանոցից: Ասում է` «Ինձ հանեցին, դուրս շպրտեցին, ընկա, թեւս կոտրեցի: Մի բարի մարդ տեսավ ու փողոցից ինձ տարավ հիվանդանոց: Երկու տարի ա, ինչ անտերի պես փողոցներն եմ մնացել: Դրանից առաջ ինչ ասես գլխիս չհանեցին, որ վախենամ դուրս գամ: Պատկերացրու՝ ամբողջ հյուրանոցում լույս ու ջուր չկար, մենակ ես էի մնացել: Էդ մթի մեջ պայթուցիկ նյութ էին դրել, պայթացրել, որ ես վախից մեռնեի, իրանք էլ ինձնից գլուխներն ազատեին: Մթի մեջ վախից ծվարել էի, գիտեի, թե հյուրանոցը գլխիս փլվել ա: Եթե իմանայիր, թե գլխիս ինչեր են բերել, ո՜նց են վախեցրել: Ես շատ դաժանությունների միջով եմ անցել, աղջի՛կ ջան, էլ չեմ դիմանում»,- ասում է Գոհար տատը: Պատմում է, թե ինչպես է «Երկաթգծի կայարանում», Հանրապետության հրապարակում գիշերել, որտեղ էլ հարբեցողները հարձակվել են իր վրա: Ընդհանրապես Գոհար տատն էնպիսի բաներ է պատմում, որ ապշում ես, թե ինչպես է կարողանում ողջ մնալ:

Գոհար տատի խնդրին տեղյակ են Մարդու իրավունքների պաշտպանը, Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովները, Երեւանի քաղաքապետարանըգ այս շարքը կարելի է անվերջ թվարկել։ «Ոչ ոք չի պատասխանում: Միայն Ազգային ժողովը երեք անգամ լսել ա, բայց ոչ մի պատասխան…»,- ասում է նա:

Փողոցներում ապրող Գոհար Թորոսյանը Հայրենական պատերազմի մասնակից, վաստակավոր սպորտսմենուհի է: Նրա ձեռքի «ցելոֆանե» տոպրակում մի ամբողջ պարունակություն են կազմում մեդալները, պատվոգրերը, շնորհակալագրերն ու վկայականները: Անընդհատ` «Էս պետությունն ինձ մեռցնում է» արտահայտությունն անող Գոհար տատին մեդալով պարգեւատրել են նաեւ ՀՀ նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Գոհար տատն ամբողջ հասարակության աչքի առաջ ոտքի վրա մարում է: Ու եթե մի օր փողոցում գտնեն նախկին նախագահներ Ռ. Քոչարյանի եւ Լ. Տեր-Պետրոսյանի մեդալներով «ցելոֆանե» տոպրակը, հավանաբար կհիշեն, որ ձմռան ցրտին Հայաստանի Հանրապետության փողոցներում մահացել է վաստակավոր սպորտսմենուհին: Մի երկրում, որտեղ մեդալներ շնորհելու հարցում շատ շռայլ են, բայց, մարդկային ճակատագրերի հարցում` ոչ, որի փողոցներում մարդիկ են մահանում, որովհետեւ նրանց առաջ բոլոր դռները փակվում են:

Վերեւներում ծանր լռություն է, իսկ Գոհար տատը ոտքի վրա մարում է: