«Երաժշտության տունը բեմն է, մնացածը բանտ է»

14/12/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Ֆրանսիայում մի քանի խոշոր ջազային փառատոներ կան, որոնք հիմնականում անցկացվում են ծովափնյա քաղաքներում, իսկ Փարիզում այն միակն է։ Ամեն տարի ամառվա սկզբին Փարիզի պուրակները լցվում են բազմազգ կատարողների իմպրովիզացիաներով։ Այդ փառատոնի կազմակերպիչը «Enzo production» պրոդյուսերական ընկերությունն է, որի հիմնադիրները ֆրանսահայեր են։ Ընկերությունը ներկայացնող պրոդյուսեր Բերնար Գանիմյանը հաճախ է գալիս Հայաստան, ուսումնասիրում է մեր երաժշտական դաշտն ու շփվում հայ երաժիշտների հետ։ Մենք հաճախ ենք ասում, որ հիանալի ջազային ավանդույթներ ու շատ բարձր մակարդակի երիտասարդ ջազային երաժիշտներ ունենք։ Դա փաստ է, որը գիտակցում ենք եւ որով հպարտանում ենք։ Բերնար Գանիմյանն ասում է, որ երաժշտական շուկայում ամենամեծ կշիռն ունեն հեղինակ-կատարողները, որոնց անվանում է «ամենակարող» ու «ամենագրող» (քանի որ եւ՛ երաժշտությունը, եւ՛ բառերը, եւ՛ գործիքավորումը ինքնուրույն են ստեղծում) երաժիշտներ։ Նա գոհունակությամբ նշում է, որ առաջնային եվրոպական երաժիշտները հիմա ջանում են հրաժարվել տարբեր երաժշտական պիտակներից ու ուղղություններից՝ ստեղծելով «ակտուալ» կոչվող երաժշտությունը, որն արդիական մտքերն արտահայտելու միջոց է դառնում։ Որպես պրոդյուսեր՝ Բ. Գանիմյանը հասկացել է, որ պետք է աշխատել միայն այն կատարողների հետ, ում սիրում ես։ «Պետք է սիրես, որպեսզի կարողանաս պայքարել նրա համար»,- ասում է նա։ Բերնարն առաջին անգամ Հայաստան է եկել 20 տարի առաջ, երկրաշարժից հետո եւ, հազարավոր կամավորների պես՝ իր հետ օգնություն է բերել՝ դեղեր, հագուստ, սնունդ։ «Սկզբում պետք է մի քանի շաբաթ մնայի այստեղ, բայց ստացվեց այնպես, որ 8 ամիս մնացի ու համագործակցեցի «Փյունիկ» հաշմանդամների կազմակերպության ու նրա տնօրեն Հակոբ Աբրահամյանի հետ»,- ասում է նա, ով «Փյունիկի» հետ սկսեց հաշմանդամ երեխաների հանգստի ու հոգեկան վերականգնմանն ուղղված ծրագիր իրագործել։ Նա նկատել էր, որ Սպիտակում, Գյումրիում ու մոտակա գյուղերում շատ են այն երեխաները, որոնք երբեք չէին եղել Երեւանում, Գեղարդում, Խոր Վիրապում… Բերնարը «Փյունիկի» հետ նրանց համար մի քանի օրով ուղեւորություններ էր կազմակերպում ու հայրենիքի դիտարժան վայրերը ցուցադրելով՝ որոշ ժամանակով ոգեւորում նրանց։ Բերնարն ասում է, որ անցած 20 տարիների ընթացքում աշխատում է հաճախ գալ Հայաստան։ «Գալիս եմ, որպեսզի ինձ գտնեմ»,- առանց սեթեւեթանքի ասում է նա։

– Այն երեխաները, որոնց հետ ես ծանոթացա 20 տարի առաջ, հիմա երիտասարդ կանայք ու տղամարդիկ են։ Շատերն ամուսնացել են, «պստիկներ» են ունեցել, Ինձ հարսանիքի են հրավիրում, ես էլ հաճույքով գալիս եմ, հիշում եմ մեր պատմությունն ու իմ երիտասարդությունը։ Մենք ընդհանուր կյանք ենք ապրել։ Եվ երբ նշվում էր երկրաշարժի տարելիցը, մտածեցի մի գործ անել, որպեսզի օգուտ տամ այդ երեխաներին։ Քանի որ երաժշտական պրոդյուսերական ստուդիա ունեմ, որոշեցի համերգ կազմակերպել։ Դա ֆրանսիական ու հայկական խմբերի համատեղ համերգ է լինելու, որը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին, «Աստրալ» ակումբում, որտեղ միասին կնվագեն հայկական «Կատուներ» էթնո-ջազ խումբն ու «No Jazz» ֆրանսիական խումբը, որը հիմնականում էլեկտրոջազային երաժշտություն է կատարում։ Ընդ որում` այդ խմբի առաջին ալբոմը թողարկել է Մայլս Դեւիսի պրոդյուսերը։ Համոզված եմ, որ շատ որակով ծրագիր է լինելու։

– Ասացիք, որ հիմա աշխարհում թափ է հավաքում արդիական՝ ակտուալ երաժշտությունը։ Այն ի՞նչ սահմանում ունի եւ արդյոք այն ծագե՞լ է որպես շոու-բիզնեսի ընդդիմություն։

– Շոու-բիզնեսը երաժշտության «ֆաստ ֆուդն» է, այն միանգամյա օգտագործման ափսեների մեջ է լցվում ու միանգամից է սպառվում, ճիշտ այնպես, ինչպես սպառվում է սուպերմարկետների ուտելիքը։ Շոու-բիզնեսը կառուցվել է միայն փող աշխատելու համար։ Բայց այս վերջին` 6-7 տարիներին շոու-բիզնեսի կողքին սկսեց ստեղծվել մի ճյուղ, որտեղ հայտնվեցին այնպիսի երգիչներ ու երաժիշտներ, որոնք կարող էին հիանալի ձայնային տվյալներ չունենալ, բայց ասելու բան անպայման ունեին։ Եվ այդ ասելիքը շատ բազմազան ու յուրահատուկ է։ Հիմա աշխարհում շատ մեծ տարածում է գտնում խելացի երաժշտությունը, այսինքն՝ այդ երաժշտությունը ոչ միայն երգ է, այլեւ՝ պատմություն, գիրք, որի հիմքում իմաստ է դրվում։ Եվ այդ երաժիշտներն էլ կարողանում են շատ լավ խոսել, բացատրել ու համոզել։ Այսինքն` դա այն երաժշտությունը չէ, որը մի ականջից մտնում, մյուսից դուրս է հոսում, այն հետք է թողնում։ Ինչպես գիտեք, Փարիզը խաչմերուկ է, որտեղ գալիս են աֆրիկացիները, ասիացիները, շփվում են եվրոպացիների հետ ու ստեղծում այնպիսի կոմոպոզիցիաներ, որոնք ո՛չ ջազ են, ո՛չ էստրադա են, ո՛չ էլ իրենց ազգայինն են։ Դա այն երաժշտական խառնուրդն է, որը «ֆյուժն» կոչվեց։ Այն սկսեց հնչել բեմերում, եւ որոշ ժամանակ հետո դադարեց միայն երաժշտություն լինել, այն շարժում դարձավ։ Ֆրանսիական շանսոնը, ջազը հավաքվեցին մի տարածքում, որն «ակտուալ երաժշտություն» կոչվեց։ Եվ այդ տարածքում շատ ազատ ու օրիգինալ կերպով օգտագործվեցին նաեւ էթնիկ նվագները։

Թղթակիցները, եւ ընդհանրապես մարդիկ՝ ինքնավստահություն շահելու ու ինչ-որ բանի մասին դատելու համար, սովոր են, որ սկզբում երեւույթը պետք է քառակուսու մեջ դնել ու վրան անուն կպցնել։ Իսկ «actual music»-ը դարձավ մի շատ հետաքրքրաշարժ աշխարհ, որը պիտակ ու սահմանում չունի։ Այն պարզապես կենդանի մի բան է, որն անպայման կենդանի է կատարվում։ Այդ իմաստով այն շոու-բիզնեսի օպոզիցիան է։

– Մեզ մոտ հսկայական գումարները, մեծ բեմերն ու մասշտաբային գովազդները շոու- բիզնեսում են, իսկ իսկական երաժշտական շարժման ծիլերն ընդհատակում են։ Կարելի՞ է ակնկալել, որ մեզ մոտ էլ ակտուալը ոչ թե շոու-բիզնեսը, այլ՝ խելացի երաժշտությունը կդառնա։

– 10 տարի առաջ ակտուալ երաժշտությունը Ֆրանսիայում էլ գոյություն չուներ։ Բայց հիմա երաժշտական ակտուալ շարժումն իր տեղը գտավ մարդկանց կյանքում, քանի որ այն ոչ թե «գիրանում» էր փողերով, այլ՝ իրապես մեծանում ու ծավալվում էր։ Իսկ մեծանալու համար պետք է լինեն այն թերթերը, որոնք գրում են այդ շարժման մասին, պետք է լինեն ռադիոկայանները, որոնք հնչեցնում են այդ երաժշտությունը։ Ֆրանսիայում այդ ամենը հայտնվեց։ Իհարկե, ոչ բոլոր հեռուստաալիքները, բայց կաբելայինները նույնպես սկսեցին ցուցադրել այդ երաժիշտներին։ Այնպես որ, ժողովուրդն ու երաժշտությունը կարողացան գտնել իրար։ Եթե պահանջարկ լինի, Հայաստանում էլ կգտնեն։ Ակտուալ շարժման մասին խոսելիս, շատ կարեւոր տեղաշարժի մասին կուզեմ ասել։ Հայտնի է, որ երգիչներն ու երաժիշտները պատկերային գովազդի, տեսահոլովակների ու ձայնապնակների կարիք ունեն, բայց այս շարժումը փաստեց, որ այդ ամենն ուղղակի բանտ է։ Հեռուստատեսությունն էլ, ձայնապնակն էլ բանտի պես բաներ են, որոնք խլում են երաժշտության ուժը։

– Իսկ ինչո՞ւմն է ուժը։

– Ուժը կենդանի լինելու մեջ է։ Երաժշտի պարտեզը միայն բեմն է։ Ես արդեն երկար տարիներ է, զբաղվում եմ երաժշտական ոլորտով, եւ հավատացնում եմ ձեզ՝ ձայնապնակները «մեռած» առարկաներ են։ Ոչ ոք հիմա չի այցելում խանութ ու չի գնում դրանք։ Ձայնապնակներ վաճառելու միակ միջոցը անմիջապես համերգի ավարտից հետո դրանք առաջարկելն է։ Որովհետեւ միայն կենդանի լսելուց, տեսնելուց ու սիրելուց հետո է մարդը ձայնապնակ գնելու որոշում կայացնում։ Ակտուալ երաժշտությունը ոչ թե տեխնիկայի եւ ձայնագրության, այլ՝ զուտ մարդկային շարժում է։ «Կատուներ» խմբի մոտ էլ նույն պատկերն է, կարող ես լսել նրանց ձայնագրությունները, հասկանալ, որ դրանք լավն են, բայց այդ ամենը ոչ մի կերպ չի կարելի համեմատել այն հզոր ազդեցության հետ, որը ծագում է նրանց բեմում տեսնելու ու լսելու ժամանակ։ Նրանց կենդանի նվագը, խոսելու ձեւը, ոգին փոխանցվում է քեզ։ Իսկ դա ամենաթանկ բանն է, որը ոչ մի ձայնագրություն փոխանցել չի կարող։

– «Կատուները» մեր հպարտությունն են, բայց երբ տեսնում ենք, որ գրեթե բոլոր համերգները երգվում են ֆոնոգրամայի տակ, հասկանում ենք, որ մեզ մոտ ակտուալը դեռ երկար ժամանակ կմնա՝ բերանը բացելու ու փակելու պարզունակ գործողությունը։ Էլ չասենք, որ երգիչներից շատերը միտք արտահայտելու ունակ չեն։

– Հայաստանը երիտասարդ երկիր է, փոքր-ինչ սպասել է պետք։ Կարծում եմ, հիմա շատ կարեւոր են երաժշտական շփումներն աշխարհի հետ։ Եվ քանի որ ես նման շփումներ կազմակերպելու հնարավորություն ունեմ, ուզում եմ եկող տարվա ապրիլին Հայաստանում «Փյունիկ» ջազ-փառատոնը հիմնել։ Դեկտեմբերի 13-ի համերգը կդառնա մեր ջազ-փառատոնի օֆիցիալ ծնունդը։

– Հայաստանի ջազ փառատոնը նման կլինի՞ Ձեր կազմակերպած Փարիզի ջազ փառատոնին։

– Փարիզի փառատոնին այն նման կլինի իր կառուցվածքով։ Փառատոնը պրոֆեսիոնալ մակարդակ, բայց բարեգործական հիմք կունենա։ Եվ երբ մեր փառատոնը շահ ունենա, այդ շահը կփոխանցեմ երեխաների օգնության հիմնադրամին։ Փառատոնը թեեւ ջազային ենք անվանել, բայց այն ավելի լայն երաժշտական դաշտ կընդգրկի ու կներկայացնի ժամանակակից լավագույն ակտուալ երաժշտությունը։ Երբ ծրագիրը ծնվեց, որոշեցի՝ այն ֆրանսիական, ամերիկյան, իսրայելական ջազ խմբերին, որոնց հետ աշխատում ենք Եվրոպայում, Հայաստան հրավիրել։ Անշուշտ, լավ արդյունք պիտի լինի, քանի որ հայկական «Time report», «Art voices», «Why not», «Կատուներ» ջազ խմբերը հիանալի ճաշակ ու որակ ունեն։ Եվ շատ կուզեի, որ հայերն օտարների հետ շփվեն, նվագեն միասին։ Հասկանում եմ, որ կյանքում ամենակարեւոր քայլն առաջինն է։ Ես էլ ուզում եմ այն անել՝ փափագ ունենալով, որ երաժշտական դաշտն ավելի ակտիվ ու որակով կդառնա։

– Այս տարի մենք շատ խոշոր ջազային «աստղերի» ընդունեցինք, նշեցինք ու դեռ նշելու ենք հայկական ջազի 70-ամյակը։ «Փյունիկ» ջազ փառատոնը կարծես ոչ այնքան հանդիսավոր, որքան գործնական է լինելու։

– Կարեւոր եմ համարում ոչ թե միանգամյա համերգներն ու նախագծերը, այլ՝ այն ծրագրերը, որոնք շարունակություն կունենան ու նոր որակ կստեղծեն։ Ինչո՞ւ՝ ոչ, կարող են վարպետության դասեր անցկացվել կամ էլ միասին աշխատելու առաջարկներ լինել։ Հիմա ֆրանսիական շատ խմբերում տարբեր ազգությունների մարդիկ են նվագում։ Եվ դա լավ է, դա գործնական շփում է։ Իսկ ջազը շատ հզոր ուղղությունն է, ջազի ոգին պահպանելով՝ կարելի է տարբեր գործիքավորումներ ու մեղեդիներ օգտագործել ու այս օրվա ակտուալ մտքերը ներկայացնել։ Ջազը մթնոլորտ ստեղծող ոգի ունի։ Իսկ մթնոլորտն ամենակարեւորն է։ Գիտեք, հայտնի անուններն օգտագործելով՝ շատ դյուրին կերպով կարելի է գումար վաստակել։ Կարելի է, օրինակ, մեծ դահլիճ վարձել, մի լավ երգչի հրավիրել, գովազդել համերգն ու դրանով բոլոր ծախսերը փակել։ Դա ավելի դյուրին է, քան նոր շարժում ստեղծելը։ Ես մտադիր եմ շատ տաղանդավոր երաժիշտների բերել Հայաստան, որոնց անունն, իհարկե, այդքան հնչեղ չէ, որքան Ալ Ջերոյի կամ Ջորջ Բենսոնի անունները, բայց նրանք այդ շարժման ստեղծողներն են։ Եվ չմոռանանք, որ այդ շարժումը հենց տարբեր մշակույթների շփումից ծնված մի երեւույթ է։

Կցանկանայի, որ փառատոնի օգնությամբ հարատեւ պրոֆեսիոնալ կապեր ստեղծվեին։ Մանավանդ, որ խելացի երաժշտությունն արդեն իր տեղն է գրավում մարդկանց ամենօրյա կյանքում։