Ակցիա

14/12/2008

«Դուք ինչո՞վ եք մտածում, ստրուկներ»,- երեկ ՀՀ Գլխավոր դատախազության մոտ իրեն հրող ոստիկանին բղավելով ասել է ՀԱԿ-ի անդամ կանանցից մեկը: ՀԱԿ-ի եւ ոստիկանների բախումը, ըստ «Ա1+»-ի` տեղի է ունեցել մոտ 15 րոպե: «Մի քանի կանանց ոստիկանները գետնին տապալեցին, նրանցից մեկը նույնիսկ ուշաթափվեց»,- գրում է «Ա1+»-ը: Երեկ ի պաշտպանություն քաղբանտարկյալների բողոքի ակցիան սկսվեց Հյուսիսային պողոտայից: 20 րոպե Գլխավոր դատախազության մոտ վանկարկելուց հետո ՀԱԿ-ի անդամները բողոքի երթը շարունակեցին դեպի ՀՀ Կառավարություն, որի մուտքն արդեն հասցրել էին շրջապատել ոստիկանները` Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի համոզմամբ` այս ակցիաներն իրենց դրական ազդեցությունը կունենան Շարժման վրա, եւ առաջին հերթին կոգեշնչեն քաղբանտարկյալներին, որ նրանք մենակ չեն: Նա քաղբանտարկյալներին համարում է Շարժման գեներատորներ եւ պատահական չի համարում, որ Վարդան Մալխասյանը 2 տարի անազատության մեջ մնալով` չի «ուղղվել»: