Մարդու իրավունքների միջազգային օրվա 60-ամյակի կապակցությամբ երեկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածել է հաղորդագրություն, որտեղ ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանը հույս է հայտնել, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունն, ի վերջո, կդառնա պետական եւ ազգային բարձրագույն արժեք, որի նկատմամբ գերատեսչական, քաղաքական կամ անձնական շահերը երկրորդական են: Ըստ հաղորդագրության, ամբողջ աշխարհի իրավապաշտպան կազմակերպությունները եւ բազմապիսի իրավապաշտպան շարժումները կոչ են արել աշխարհի կառավարություններին՝ վերանայել իրենց մոտեցումները Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նկատմամբ: Amnesty International-ն արձանագրում է, որ մարդիկ շարունակում են ձերբակալվել այն վարչակարգերի կողմից, որոնք պարբերաբար ոչ միայն անտեսում են սեփական օրենքները, այլ նաեւ ազատ խոսքի եւ քաղաքական գործունեության շուրջ ընդունված միջազգային պարտավորվածությունները: «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակն այն առիթն է, երբ կառավարությունները պետք է ներողություն խնդրեն վեց տասնամյակի ընթացքում թույլ տրված մարդու իրավունքների խախտումների համար եւ թարմացնեն 1948 թ. իրենց տված խոստումները»,- նշել է Amnesty International-ի գլխավոր քարտուղար Իռեն Խանը: