Սպասեք մարտին

14/12/2008

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության հետ «մտածում են, թե ինչպես պետք է բարելավել տնտեսությունը, որ հնարավոր լինի դիմակայել ֆինանսական ճգնաժամին»: «Աշխատում ենք երկու ճանապարհով: Առաջինը` փորձում ենք բարելավել վարկերի տրամադրումը փոքր եւ միջին բիզնեսներին եւ ակնկալում ենք, որ հունվար-փետրվարին կլինի փոքր եւ միջին բիզնեսի աջակցության առաջին վարկային գիծը: Երկրորդ փուլը նախատեսվում է ավելի ուշ: Հաջորդը հանրային ներդրումների ծրագիրն է` առաջիկա չորս տարիների կտրվածքով: Ներկայումս ուսումնասիրվում են այն ոլորտները, որտեղ անհրաժեշտ են ֆինանսական հատկացումներ»,- հայտարարել է Վարուդակիսը: Նա նշել է, թե հստակ չի կարող ասել փոքր եւ միջին բիզնեսի աջակցության համար տրամադրվելիք գումարի չափը. «Ընդհանուր գումարը կարող է լինել 100-200 միլիոն դոլարի սահմաններում` պայմանավորված կարիքներով»: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե ՀԲ-ից ակնկալվում է նաեւ 800 միլիոն դոլարի վարկ: Դրա տրամադրման ժամկետի վերաբերյալ ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը ասել է. «Մենք ակնկալում ենք, որ թե՛ այդ վարկային ծրագիրը եւ թե՛ ամբողջ (2009-2012 թվականների) ռազմավարության ֆինանսավորումը բանկի տնօրենների խորհուրդը կհաստատի մարտին»: