Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովի հրավերով պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ առանձնազրույց է ունեցել Գ. Պրվանովի հետ: ՀՀ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` Ս. Սարգսյանը եւ Գ. Պրվանովը բարձր են գնահատել երկու երկրների միջեւ առկա քաղաքական երկխոսության մակարդակը: «Երկու երկրների նախագահները նշել են, որ տնտեսական համագործակցությունը եւ, ընդհանուր առմամբ, ապրանքաշրջանառությունը, որը կազմում է շուրջ 150 միլիոն դոլար, հետ են մնում քաղաքական երկխոսության մակարդակից, եւ անհրաժեշտ քայլեր պետք է ձեռնարկվեն ինչպես ապրանքաշրջանառության կառուցվածքի վերափոխման, այնպես էլ տնտեսական փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը բարձր է գնահատել հայ-թուրքական երկխոսությունը եւ հույս է հայտնել, որ հայ-թուրքական սահմանի բացումը շատ օգտակար կլինի նաեւ բուլղարական կողմի համար: Ըստ հաղորդագրության` «Երկու նախագահները այդ հարցում համակարծիք են եղել եւ նշել են, որ, իրոք, սահմանի բացման դեպքում տրանսպորտային, ավտոճանապարհային հաղորդակցության հնարավորություն կստեղծվի Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ ուղիղ կապով: Հայաստանի նախագահը ներկայացրել է նաեւ Հայաստանի մտադրությունը` Հայաստան-Իրան երկաթուղագիծ կառուցելու հետ կապված: Երկուստեք կարեւորվել է նաեւ օդային տրանսպորտային հաղորդակցություն իրականացնելու անհրաժեշտությունը»: