Առանց շամպայնի

14/12/2008

Ֆրանսիայի Շամպայն գինիների միջպրոֆեսիոնալ կոմիտեն (CIVC) աշխարհի տարբեր երկրներում շամպայնի սպառման զգալի նվազում է արձանագրել: Ընթացիկ տարվա առաջին տասն ամսում շամպայնի մատակարարումների ծավալները, շշերի թվաքանակի ցուցանիշով, նվազել են 4,9 %-ով: Ընդ որում, դա տեղի է ունեցել ճյուղի զարգացման գործում «ոսկի» 2 տասնամյակներից հետո, երբ մատակարարումները տարեկան աճում էին ավելի քան 2 %-ով: 2007թ. նույնիսկ բացարձակ ռեկորդ գրանցվեց Ֆրանսիայի համար, որը վաճառեց 338,7 մլն շիշ: Բուն Ֆրանսիային բաժին է ընկնում երկրի շամպայնի վաճառքի կեսը, եւ դրանք արդեն նվազել են 5 %-ով: Պահանջարկի նվազման մոտավորապես նույնպիսի իրադրություն է դիտվում նաեւ ԵՄ մնացած երկրներում, որտեղ այդ ցուցանիշը նվազել է 4,5%-ով: Մյուս երկրներում շամպայնի սպառումն ընկել է միջինը 5,2 %-ով: Իսկ գինու արտահանողների համար կարեւորությամբ երկրորդ` ամերիկյան շուկայում ցուցանիշը հասել է գրեթե աղետալի` 17 %-ի: Այդուամենայնիվ, Շամպայն գինիների միջպրոֆեսիոնալ կոմիտեում այն կարծիքին են, որ վիճակը դեռեւս անհուսալի չէ: Արտահանողների կարծիքով` խոսքը միայն հարաբերական նվազման, այլ ոչ թե սպառման մշտական կտրուկ անկման մասին է: