«Այն ձեռնարկությունները, որոնք ունեն լուրջ ծրագրեր, եւ դրանց իրականացման համար ֆինանսական միջոցներն են պակասում, նրանք կարող են դիմել կառավարությանը, եւ կառավարությունը աննախադեպ քայլի է գնալու` պետական երաշխիք է տալու, որ այդ ձեռնարկությունները ստանան վարկեր»,- երեկ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչ հակաճգնաժամային միջոցառումներ է նախատեսում կառավարությունը համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները հաղթահարելու համար: «Սակայն միայն այն դեպքում, եթե կառավարության կողմից սահմանված հանձնաժողովը իրատեսական գնահատի այն ծրագրերը, որոնք կներկայացնեն այդ ձեռնարկությունները: Եթե այդ ձեռնարկություններից ոմանք չունեն պատկերացում, թե իրենց ինչ է պահանջվում, արդյո՞ք միայն ֆինանսական միջոցներ, թե՞ իրենք այլ խնդիրներ էլ ունեն, ապա կառավարությունը վերցնում է իր վրա այդ մենեջմենթը իրականացնելու, բայց այս պարագայում, որպեսզի այդ միջոցները չփոշիանան, Կառավարությունը պետք է մասնակցի ընկերության կառավարմանը` վերցնելով նաեւ բաժնետոմսերի մի մասը»,- մանրամասնեց Գ. Մինասյանը: Ինչ վերաբերում է Լոռու եւ Սյունիքի մարզերի ձեռնարկություններին, ապա կառավարությունը հատկապես այս երկու մարզերում իրականացնելու է փոքր եւ միջին բիզնեսի խրախուսման ծրագրեր` որոշակի ժամանակահատվածով այլ աշխատատեղեր ապահովելու համար այն մարդկանց համար, ովքեր աշխատել են եւ ապագայում էլ պետք է աշխատեն հանքարդյունաբերական ձեռնարկություններում: Ըստ Գ. Մինասյանի, կառավարության այս ծրագրերը, սակայն, ժամանակավոր բնույթ ունեն: «Շատ երկրներ ճգնաժամի պարագայում դիմում են քայլերի, որոնք սովորական իրավիճակում անտրամաբանական են: Մենք նկատում ենք կառավարությունների կողմից տնտեսության մեջ ավելի խորը մասնակցության դրսեւորում, այնպես, ինչպես մարդը, երբ հիվանդանում է, սկսում է դեղահաբեր օգտագործել: Բայց առողջանալուց հետո, բնականաբար, ինքն այդ դեղահաբերից պետք է հրաժարվի: Այս տնտեսական քաղաքականությունը կվերանա ճգնաժամը հաղթահարելուց հետո»,- հուսադրեց ԱԺ պատգամավորը: Այնուամենայնիվ, Գ. Մինասյանը կարծում է, որ ճգնաժամի պատճառը ֆինանսական ոլորտի անկառավարելի եւ անկանխատեսելի զարգացումներն էին, հետեւաբար. «Երբ Հայաստանում էր Արժույթի միջազգային հիմնադրամի փոխտնօրենը` պարոն Պորտուգալը, նա ասաց, որ ԱՄՀ-ն գտնում է, որ այսուհետեւ պետք է ավելի լուրջ վերահսկողություն իրականացնի այդ ֆինանսական կառույցների գործունեության նկատմամբ` անկախ նրանից, թե դրանք որ պետության մեջ են գտնվում»: Գ. Մինասյանը նշեց նաեւ մի շարք այլ միջոցառումներ, որ կարող են մեղմացնել տնտեսական ճգնաժամի հետեւանքները: «Բավականին լուրջ եւ հաջող բանակցություններ են գնում եւ՛ Համաշխարհային բանկի, եւ՛ Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի, եւ՛ Ասիական բանկի հետ, եւ այս բանկերից մենք պետք է ստանանք արտոնյալ վարկեր»,- նշեց նա: Ըստ էության, հենց այդ գումարների վրա է իրականում կառավարության հույսը: «Առավել կարեւոր են այն համահայկական ծրագրերը, որոնք պետք է սկսվեն եկող տարվա ընթացքում: Նկատի ունեմ եւ՛ ատոմակայանի շինարարությունը, եւ՛ Իրանի հետ մեր երկիրը կապող երկաթուղու կառուցումը, եւ՛ Մեղրիից մինչեւ Հայաստանի հյուսիսային սահմանն ու Բաթումիի նավահանգիստը ձգվող ավտոմայրուղին, եւ՛ համահայկական բանկի ձեռնարկումը»,- շարունակեց Գ. Մինասյանը` վստահեցնելով, որ այս ծրագրերի ֆինանսավորման հարցում խնդիրներ չկան: «Ասիական բանկը բավականին լուրջ հետաքրքրություններ է ներկայացրել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման առումով, եւ ես կարծում եմ, որ երկաթուղու շինարարության հարցում մենք կարող ենք վստահաբար հաշվի առնել Ասիական բանկի ներդրման հնարավորությունները: Ինչ վերաբերում է ատոմակայանին, ապա ակնհայտ է, որ մենք ֆինանսական բավականին լուրջ ակնկալիքներ կարող ենք ունենալ թե՛ ռուսական կողմից, թե՛ Եվրոպական միության եւ ԱՄՆ-ի կողմից, որովհետեւ մեր կառուցվելիք ատոմակայանը երեք հիմնական բաղադրիչներով` էլեկտրոնիկայի մասով, ռեակտորի մասով եւ ջերմային հատվածով ներառելու է ամենաառաջավոր եւ ամենահուսալի բաղադրիչները, իսկ այս երեքը` ՌԴ-ն, ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը, ամեն մեկն ունեն ամենաառաջավոր տեխնոլոգիան այս բնագավառում: Այնպես որ, կարծում եմ, այստեղ ֆինանսավորման լուրջ խնդիրներ մենք չենք կարող ունենալ»,- հայտարարեց Գ. Մինասյանը: Իսկ որքանո՞վ է իրատեսական 2009թ. բյուջեն, եւ ինչո՞ւ հակաճգնաժամային միջոցառումների եւ դրան ուղղված ֆինանսական ծախսերի մասին որեւէ տող այնտեղ չկա: Գ. Մինասյանի կարծիքով՝ իրականում բյուջեն ունի հակաճգնաժամային էլեմենտներ: «Դա առաջին հերթին ստվերն է, որի կրճատումը եղել եւ մնում է իշխանությունների հիմնական գործառույթը, դա տնտեսվարող սուբյեկտների համար հավասար մրցակցային հնարավորությունների ապահովումն է, ունենք նաեւ օրենսդրական բարեփոխումներ: Խոշոր տնտեսվարողները պետք է անցնեն պարտադիր աուդիտ, եւ սա հնարավորություն կտա հասարակության համար ավելի թափանցիկ դարձնել տնտեսական գործունեությունը: Բավական է նաեւ ասել, որ ակնկալել ենք հարկային եկամուտների 21%-ի աճ եւ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության 0.4%-ի աճ: Սրանք այն ռեզերվներն են, որ հնարավորություն կտան դիմագրավել ճգնաժամը»,- ասաց Գ. Մինասյանը: Նրա ասելով` այդ հարկային բեռը չի ընկնելու փոքր եւ միջին գործարարների ուսերին: «Մեր 300 խոշոր հարկատուները տալիս են հարկերի մոտ 65%-ը, իսկ փոքր եւ միջին բիզնեսը տալիս է 5-7%-ը: Ակնհայտ է, որ հարկերի այդ 21% աճը հնարավոր է ապահովել միայն խոշոր բիզնեսի ստվերի հաշվին»,- համոզված է Գ. Մինասյանը: Անդրադառնալով սոցիալական բնույթի միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությանը` Գ. Մինասյանը նշեց, որ մեր բյուջեի ծախսերի մոտ 50%-ն ուղղված է սոցիալական խնդիրների լուծմանը, իսկ գնաճն այլ երկրների համեմատ ցածր է: Նա համեմատեց Հայաստանը Ուկրաինայի հետ: «Այնտեղ գնաճը նախատեսվում է 20%, տնտեսական անկումը արդեն 15% է, էապես արժեզրկվել է ազգային արժույթը: Համոզված եմ, որ այս տարվա վերջում մեր գնաճը կլինի 5.5%-ից մի փոքր բարձր, այսինքն` կանխատեսվածի սահմաններում»: Հիշեցնենք, որ հունվար-նոյեմբերի գնաճն արդեն 9.3% էր, եւ, փաստորեն, Գ.Մինասյանի հույսը միայն դեկտեմբերն է: Գ. Մինասյանը, բնականաբար, զերծ չմնաց նաեւ կառավարությունը գովաբանելուց: «Մեր երկրի բանկային համակարգն իսկապես կարողացավ դիմակայել ճգնաժամին: Դրա հիմնական պատճառն այն է, որ մենք ունենք բավականին լավ, կոշտ օրենսդրություն, եւ ԿԲ-ի վերահսկողությունն առեւտրային բանկերի վրա բավականին հստակ եւ արդյունավետ է: Ի տարբերություն շատ այլ երկրների՝ մեր բանկային համակարգը որեւէ էական ցնցումներ չապրեց»,- հայտարարեց Գ. Մինասյանը: