Ազարտը՝ որպես շանս

14/12/2008 Էդուարդ ՆԱՂԴԱԼՅԱՆ

Անհրաժեշտ է պետական վիճակախաղ, իսկ ավելի լավ է` վիճակախաղերի անցկացումը
դարձնել պետության մենաշնորհ:

Այնուամենայնիվ, տարօրինակ պետություն ունենք մենք: Մի կողմից՝ դրամը միշտ չի հերիքում, կան բազմաթիվ սոցիալական ու այլ խնդիրներ, մյուս կողմից` պետությունն, իռացիոնալ մեծամտությամբ, չի ցանկանում բարձրացնել այն, ինչն ուղղակի ոտքերի տակ է ընկած: Իսկ ընկածն ամենեւին քիչ չէ: Հաշվարկը տասնյակ միլիարդների է հասնում: Խոսքը պետական վիճակախաղի մասին է:

Խնդիրը նրանում է, որ Հայաստանում այն ուղղակի բացակայում է: Մեր պետությունը, չգիտես ինչու, որոշել է այդ ոսկե երակը նվիրել մասնավոր բիզնեսին` բավարարվելով խաղատնային բիզնեսից հարկերի տեսքով գանձվող խղճուկ փշրանքներով: Աշխարհում նման բան գոյություն չունի: Բոլոր զարգացած երկրներում պետական համազգային վիճակախաղերը սովորական երեւույթ են ու հին ավանդույթ ունեն: Օրինակ, ԱՄՆ-ում վիճակախաղային բիզնեսի տարեկան շրջանառությունը կազմում է մոտ 38 միլիարդ դոլար, ընդ որում` ամբողջ եկամուտն ուղղվում է կրթական ծրագրերի ֆինանսավորմանը: Մտածեք միայն` պետական վիճակախաղերի փողերով են կառուցվել Հարվարդի եւ Յելի համալսարանները: Իսպանիայում եւ Իտալիայում շրջանառությունը կազմում է 7-ական միլիարդ դոլար, Մեծ Բրիտանիայի ազգային վիճակախաղի եկամուտն անցյալ տարի հասել է 10 միլիարդ դոլարի (այն ուղղվել է սոցիալական ծրագրերին): Չինաստանում համապատասխան թիվը կազմել է 13,7 միլիարդ, եւ այլն: Իսկ բառացիորեն մի քանի օր առաջ Ռուսաստանում կայացել է «Պետլոտո» («թՏրսՏՑՏ») նոր պետական վիճակախաղի առաջին խաղարկությունը (խորհրդային հայտնի «Սպորտլոտո» վիճակախաղի անալոգիայով): Այդ վիճակախաղի նպատակը երկրում սպորտի ֆինանսավորումն է (ի դեպ, առավելագույն շահումը կազմում է 100 միլիոն ռուբլի):

Ընդ որում, աշխարհում կիրառվում է երկու մոտեցում` կա՛մ համազգային վիճակախաղերի անցկացման նկատմամբ լիակատար պետական մենաշնորհ, կա՛մ էլ` պետական ու մասնավոր վիճակախաղերի համատեղ գոյակցություն: Զարգացած երկրներում պետական մենաշնորհը վիճակախաղային շուկայի կազմակերպման առավել տարածված ձեւ է: Գտնում եմ, որ դա լիովին արդարացված է, քանի որ համազգային վիճակախաղն իր էությամբ բնակչության միջոցների վերաբաշխման մեխանիզմ է, իսկ դա բյուջեի դասական գործառույթն է: Միայն պետական դառնալով են համազգային վիճակախաղերն իմաստ ու նշանակություն ստանում` բավարարում են ազարտի` բնակչության բնական պահանջարկը (հարկադիր չարիք) եւ ֆինանսավորում են հասարակական կարիքները (կոմպենսացիա դրա համար): Նմանատիպ մոդել գործում է Ավստրիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում եւ այլուր:

Ի դեպ, դա այն հազվագյուտ դեպքն է, երբ պետությունը մասնավորից արդյունավետ է: Բանն այն է, որ պետական վիճակախաղի հանդեպ վստահությունը, որպես կանոն, առնվազն մի կարգ բարձր է, քան ցանկացած մասնավորի դեպքում: Պետք չէ բացատրել, թե ինչու: Ուստի, մասնավոր վիճակախաղերին հիմնականում մասնակցում են բնակչության աղքատ խավերը, մինչդեռ պետական վիճակախաղին մասնակցում են բոլոր խավերը (Եվրոպայում` բնակչության մինչեւ 80%-ը:): Դրա շնորհիվ, որպես կանոն, պետական վիճակախաղի շրջանառությունը տասնյակ անգամներ բարձր է, քան ցանկացած մասնավորինը: Այստեղ գործում է նաեւ այն գիտակցությունը, որ պետական վիճակախաղում պարտվող չկա. խաղալով՝ դու օգնում ես երկրին: Ավելի՛ն: Համազգային վիճակախաղերը հանձնելով մասնավորին, պետությունը մեծ հարկային կորուստներ է կրում: Խոսքը հարկերը թաքցնելու մասին չէ, այլ այն մասին, որ մասնավոր վիճակախաղերի հանդեպ բնակչության ցածր վստահության պատճառով նրանց շրջանառությունը համեմատաբար ցածր է, հետեւաբար, քիչ են նաեւ վճարվող հարկերը:

Որքա՞ն կարող է լինել պետական վիճակախաղի շրջանառությունը Հայաստանում: Եվրոպայում վաճառքի ծավալը մեկ մարդու հաշվով կազմում է տարեկան 200 դոլար, իսկ Հայաստանի հետ համեմատելի երկրներում` 30-50 դոլար: Այսպիսով, ունենալով 3 միլիոն բնակչություն, շուկայի տարեկան շրջանառությունը կարող է գերազանցել 100-150 միլիոն դոլարը: Եթե 50%-ն ուղղենք մրցանակային ֆոնդ (սա նորմալ պրակտիկա է), ապա մնացորդում կունենանք բյուջեի 50-70 միլիոն դոլար ոչ հարկային մուտք, ինչը կարելի է ուղղել սոցիալական կարիքներին: Իսկ սա Հայաստանի համար քիչ փող չէ:

Բայց սա դեռ բոլորովին վերջը չէ: Եթե մեխանիզմներ ստեղծվեն վիճակախաղին սփյուռքի մասնակցության համար (ինչը պետք է անպայման անել` հավանաբար, ինտերնետ-տեխնոլոգիաների միջոցով), ապա թվերի կարգն ամբողջովին այլ կլինի: Ի դեպ, սփյուռքի բազմաթիվ փոքր «ներդրողների» համար սա հետաքրքիր եւ, փաստորեն, միակ միջոցը կլինի մասնակցելու Հայաստանի տնտեսության զարգացմանն այնպիսի ծավալներով, որոնք համեմատելի են ուղղակի ներդրումների մակարդակին: Սակայն, դրա համար, կրկին, վիճակախաղը պետք է լինի պետական եւ առավելագույնս թափանցիկ: Ի վերջո, սփյուռքում պետական վիճակախաղի տոմսեր վաճառելը շատ ավելի լավ է, քան նրանից մշտապես փող խնդրելը: Զուգահեռաբար՝ կարելի է մտածել նաեւ պետական շահող պարտատոմսեր թողարկելու մասին, ինչը հաջողությամբ կիրառվում էր Խորհրդային Միությունում:

Այսպիսով, կառավարությանը մնում է վերջապես վերցնել այդ փողերը: Որքան արագ դա կատարվի, այնքան լավ: Մենք առանց այդ էլ շատ ժամանակ կորցրեցինք: Եթե դա արվեր 20 տարի առաջ, միայն վիճակախաղերից ստացված եկամուտների հաշվին կարելի էր կառուցել աղետի գոտին: Բայց հիմա էլ ուշ չէ: Գտնում եմ, որ իր նշանակությամբ այս նախագիծը միանգամայն համեմատելի է Համաշխարհային բանկի ստեղծման նախագծի հետ:

«Դելովոյ էքսպրես»