«Մարդու իրավունքների ապահովումը Հայաստանում մնում է ամենացավոտ հարցը: Պետությունը ոչ միայն պետք է ապահովի, այլեւ խրախուսի մարդու իրավունքների պաշտպանումը եւ դրա խախտմանն ուղղված գործողությունների կանխարգելումը: Մինչդեռ մեզ մոտ վիճակը մնում է վերին աստիճանի անհանգստացնող, որովհետեւ պետության թողտվության, կամ անգործության, կամ էլ ոչ իրավաչափ գործողությունների հետեւանքով են տեղի ունենում մարդու իրավունքների ոտնահարումը, որի գագաթնակետն էր մարտի մեկը»,- երեկ ասուլիսում հայտարարեց մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը` հավելելով, թե «օրեցօր Հայաստանը դառնում է սոցիալական եւ քաղաքական կոնֆլիկտների բուն, իսկ մեր կյանքը՝ կա՛մ նախաճգնաժամային, կա՛մ ճգնաժամային, կա՛մ էլ հետճգնաժամային»: Անդրադառնալով մարտի 1-ի ոճրագործությանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Լ. Ալավերդյանն ասաց. «Եթե տեղի են ունենում Հայաստանի համար աննախադեպ զանգվածային մարդու իրավունքների խախտումներ, ուրեմն գլխավոր պատասխանատվությունը նախ եւ առաջ կրում է երկրի նախագահը: 9 ամսից ավելի է, այդ գործընթացների վերաբերյալ չի տրվում արժանահավատ ինչ-որ վարկած, թե ով է սպանել, ով է վիրավորել ավելի քան 215 մարդու: Սրանք որեւէ առումով քաղաքականացված հարցեր չեն, այլ հենց մարդու իրավունքների դաշտում են գտնվում»: Հարցին, թե` արդյոք հնարավո՞ր է մարտի 1-ի դեպքերի բացահայտում այս իշխանությունների օրոք, արդյոք դրան չի՞ խանգարում իշխանությունների մեղսակցությունը, ինչպես նշել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, Լ. Ալավերդյանը պատասխանեց. «Ես հարցը դնում եմ բոլորովին այլ հարթության վրա: Իշխանությունները պարտավոր են դա անել: Բացարձակապես ինձ չի հուզում այն դաշտը, որի մեջ տվյալ դեպքում առաջին նախագահն է դնում: Օրենսդրությունը պահանջում է դա անել: Ես իրավունք ունեմ իմանալ՝ դա ով է, իրավունք ունեմ ապրել պաշտպանված հասարակության մեջ: Քանի դեռ մարդասպանները հայտնաբերված չեն, նրանք կանգնած են ձեր ու իմ մեջքի հետեւում: Ես ուզում եմ, որ դուք սա հասկանաք բառիս բուն իմաստով: Այսինքն` ես գտնում եմ, որ իշխանությունը դեռ ունի այդ շանսը: Եվ հասարակությունը (մոմ պիտի վառենք այսպիսի հասարակության համար) տալիս է այդ հնարավորությունը` խաղաղ է, միտինգային, այդ իրավիճակը չէ: Թող հայտնաբերեն հանցագործներին: Ո՞ւր էր նայում ԱԱԾ-ն: Ինչո՞ւ բարձրաստիճան պաշտոնյաները մինչեւ հիմա հրաժարական չեն տվել կամ չեն պաշտոնազրկվել»: Նա նաեւ հավելեց. «Իշխանությունների լեգիտիմությունը երկու փուլ ունի: Առաջինը ընտրություններն են: Ցավոք, ես չեմ կարող ասել, որ 1995-ից սկսած ՀՀ-ում կատարվել են որեւէ լեգիտիմ ընտրություններ: Բայց եթե արդեն եկել է, կարող է լեգիտիմությունը առնվազն վերականգնել՝ իրավական պետություն ստեղծելով եւ իր ամենօրյա գործունեությամբ: Եվ ահա իշխանությունն այս երկրորդ հնարավորությունը երբ բաց է թողնում, ինձ մնում է ասել` ողբամ ազգս: Ժողովուրդը պետք է տեսնի, որ իրավական պետության կայացման համար քայլեր են ձեռնարկվում, պատժվում են ստվերային տնտեսություն վարողները, որոնց անունները հնչեցվում են որպես մեծ բարերարներ: Կներեք` տատս էլ կարող է բարերար լինել, եթե չտա պահանջվող հարկերը: Բացի այդ, երբ տեսնում ենք այդ պարզ սպանությունները (խոսքը միայն մարտի 1-ի մասին չէ, այլ, օրինակ, «Օդնոկլասսնիկի» սրճարանում տեղի ունեցած սպանությունը, հետագայում մի ծառայողի սպանություն եւ այլն), չենք կարողանում հասկանալ` ինչո՞ւ են մարդասպանները շարունակ գտնվում ազատության մեջ եւ պտտվում մեր մեջ: Թող անեն, ո՞վ է խանգարում, ո՞վ է ձեռքից բռնում: Ես համոզված եմ, որքան էլ որ դա հեքիաթային է թվում, ժողովուրդը ընդունելու է այդ ոչ լեգիտիմ ընտրություններով եկած իշխանությանը: Բայց աքսիոմը հետեւյալն է` իրավական պետությունը վերջնականապես կարող է կայացնել միայն այն իշխանությունը, որը եկել է իշխանության լեգիտիմ ձեւով»:
Նա անդրադարձավ նաեւ ՄԻՊ գործունեությանը` ընդգծելով, թե այսօր էլ բանավոր դիմումներն ավելի շատ են, քան գրավորները: «Սա ցույց է տալիս, որ հասարակությունը դեռեւս գտնվում է վախի մթնոլորտում: Այսինքն` երբ մարդը դիմում է որեւէ ատյան, այդ թվում՝ ՄԻՊ, մտավախություն ունի` արդյոք իր դիմելը բացասական չի՞ անդրադառնա հենց իր վրա»: Նրա կարծիքով՝ իրավունքների խախտումը համակարգային խնդիր է: «Իշխանությունների կողմից կա մարդու իրավունքների պաշտպանության ակտիվ դիմադրություն: Ե՛վ ես, եւ՛ Արմեն Հարությունյանը հանդես ենք եկել նաեւ նախաձեռնություններով` օրենսդրական դաշտը բարելավելու եւ իրավակիրառական պրակտիկայի դրական փոփոխությունների առումով, բայց ավելի շատ դիմադրության ենք հանդիպել, քան համաձայնության»: Լ. Ալավերդյանը նշեց նաեւ ՄԻՊ-ի գործունեության մի շարք խոչընդոտներ: «Դրանք նախ եւ առաջ գեղական մակարդակով բնութագրերն ու նամակներն են, որով իշխանությունները դիմում են ՄԻՊ-ին, անդրադառնալով նրա կամ տարեկան, կամ արտահերթ զեկույցներին: Ա. Հարությունյանը հանդես գալով արտահերթ զեկույցով, արել է այն, ինչը չէր կարող չանել: Պատմական ու քաղաքակրթական առումով ավելի հետամնաց երկրներում էլ կան ՄԻՊ-եր: Չունեմ այդպիսի օրինակ (իսկ ես ուսումնասիրում եմ), որ իշխանությունները այդ ոճով ու այդքան անհիմն ձեւով կշտամբեն ՄԻՊ-ին: Հարցն այն է, որ ՄԻՊ-ը օժտված է ոչ միայն իրավական դաշտի հետ կապված լիազորություններով, այլեւ բարոյական դաշտում իր հանդեպ ունեցած վստահությամբ: Եթե նա այդպիսինը չի եղել իշխանությունների համար, ինչո՞ւ են իրենք առաջարկել: Եթե արդեն առաջարկել են, եւ նա կատարում է օրենքով վերապահված իր լիազորությունները, ինչո՞ւ են թույլ տալիս իրենց նաեւ էթիկայի նորմերից դուրս ոճով դիմել ՄԻՊ-ին: Օրինակ` նախկին նախագահի արտահայտությունները ՄԻՊ-ի հասցեին: Դա աննախադեպ է միջազգային պրակտիկայում, որ որեւէ նախագահ իրեն թույլ տա այդ ձեւով բնութագրել ՄԻՊ-ին»: Հիշեցնենք, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, թե` Արմեն Հարությունյանն իր «ամենաանհաջող կադրն է»:
Լ Ալավերդյանն անդրադարձավ նաեւ դատավորների աշխատավարձի բարձրացմանը: Ըստ նրա` քաղաքական այս իրավիճակում դատավորների աշխատավարձի կրկնակի բարձրացումը նշանակում է անօրինական եւ ոչ օրինաչափ գործողություններ արած դատական համակարգի խրախուսում` «իրենց անօրինական գործունեության համար մարտի մեկի դեպքերի առումով»: Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի գրասենյակի աշխատողներին անձեռնմխելիությունից զրկելուն, ապա Լ. Ալավերդյանը դա համարում է «շատ անճոռնի, տձեւ ճնշումների ձեւ»:
Իսկ ինչո՞ւ են ՄԻՊ-ին քիչ դիմում գենդերային խնդիրներով. այս հարցին Լ. Ալավերդյանը պատասխանեց. «Իմ կարծիքով` Հայաստանում այս առումով շատ հետաքրքիր իրավիճակ է: Ես երբեք իմ վրա գենդերային ճնշում չեմ զգացել: Երբ պետք է եղել` թուր-թվանքս կապած՝ դուրս եմ եկել: Բայց Հայաստանում իսկապես հավասար չեն հնարավորությունները: Կանայք կարծես թե բավարարվում են այն վիճակով, որում գտնվում են: Կանայք մի քիչ ամոթխած են մտնում պահանջատիրության մեջ: Տղամարդիկ եւս մտածում են, թե ինչպես կարելի է խոսել կանանց հավասար հնարավորությունների մասին` վախենալով, թե կասեն` սա ով է, կա-չկա՝ կնոջն է ուզում այդ դաշտ բերել: Մի կողմից` զարգացած ենք, գրագետ ենք, հազար շնչի հաշվով ավելի շատ հանճարներ ենք տալիս եւ այլն, մյուս կողմից` մեր մեջ կրում ենք հասարակության հետամնացության այնպիսի գծեր, որոնք հատուկ են վերին աստիճանի հետամնաց հասարակություններին, որտեղ անգամ գրաճանաչությունը այսօր դեռ խնդիր է»:
Հարց հնչեց նաեւ այն մասին, թե իշխանություններն իրեն ՄԻՊ նշանակելով՝ արդյոք որոշակի ակնկալիքներ չե՞ն ունեցել, որոնք ինքը չի արդարացրել: Լ. Ալավերդյանը ասաց, որ նախ եւ առաջ իրեն ՄԻՊ նշանակել առաջարկել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որը շատ լավ գիտեր իր բնավորությունը: «Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանին, ինքս տեղ ունեմ զարմանալու նրանից, նա ուղղակի խռովել է ՄԻՊ առաջին պաշտպանից, իսկ ես չեմ խռովել, ես շարունակ նամակ եմ գրել, բարեւել եմ, ես խնդիր չունեմ անձի հետ»: