«Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ կառավարության 2007թ. հունվարի 25-ի թիվ 108-Ն որոշմամբ, քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող Աբովյան 4 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարումը ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ եւ ենթակա է օտարման հասարակության եւ պետության կարիքների համար, ՀՀ օրենքով սահմանված փոխհատուցմամբ:
Այս գործընթացի կազմակերպումը վերապահվել է Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ (ԾԻԳ)» կազմակերպությանը: Պետության համար «բացառիկ գերակա հանրային շահ» ճանաչված ինչպես մյուս տարածքներում, այնպես էլ` Աբովյան 4 հասցեում կառուցվելու է էլիտար շենք: Վերոնշյալ հասցեի կառուցապատողն է «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ն, որի սեփականատերն Ավետիս Կարագուլյանն է: Աբովյան 4 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանն այն տասնյակ քաղաքացիներից է, ովքեր «հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի կատարումից տուժած՝ ընկել են դատական քաշքշուկի մեջ: Վերջինս «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի սեփականատերն է, որը գտնվում է Աբովյան 4 հասցեում: «Իրացնող Ա. Կարագուլյանը` հանդիպելով տարածքի բնակիչների հետ, առաջարկեց պայմանների մասին խոսել: Ասաց, որ լավ մտադրություններ ունի եւ պատրաստ է երկուստեք փոխհամաձայնության մթնոլորտում գործել: Նախնական պայմանավորվածության համաձայն` շենքը կառուցելուց հետո խանութի տարածք պետք է հատկացներ: Մենք եկանք փոխհամաձայնության: Մի խոսքով, ըստ պայմանավորվածության` տարածքը տարածքի հետ ենք փոխելու: Դա եղել է բանավոր պայմանավորվածություն, որովհետեւ նա գրավոր փաստաթուղթ չի ներկայացրել, եւ ոչ մի պայմանագիր չենք ստորագրել»,- ասում է Աբովյան 4 հասցեի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանը: Ինչեւէ, որոշ ժամանակ անց պարզվել է, որ տարածքն իրացնող Ա. Կարագուլյանը փոխել է տարածքը տարածքի դիմաց փոխհատուցելու որոշումը եւ մտադրված է տարածքի սեփականատերերին փոխհատուցել դրամական տեսքով: Այդուհանդերձ, Ա. Կարագուլյանը «Արթին էնթրփրայս» ՍՊԸ գնահատման գործակալությանը պատվիրել է իրականացնել Աբովյան 4 հասցեում գտնվող Հովհ. Ղուկասյանին պատկանող անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատում: «Այդ գործակալության գնահատումը շատ սուբյեկտիվ է: Իրենց նկարագրության հիման վրա մեզ գնային առաջարկ են ներկայացրել, որը շուկայական արժեքից բավական ցածր է: Իմ տարածքը կազմում է մոտ 550 քմ, եւ պատկերացրեք, թե ես ինչքան եմ տուժելու: Այսինքն` գնահատողներն իրենց կազմակերպությունների փորձագետներն են, իսկ մենք չենք կարող առաջարկել մեկ այլ գնահատող կազմակերպության գնահատում, չեն համաձայնվում»,- վստահեցնում է Հովհ. Ղուկասյանն` ասելով, որ գնահատման գործընթացը, չգիտես ինչու, իրացնողը մոնոպոլիզացրել է, մինչդեռ անշարժ գույքի գնահատումը նրա օգտին է կատարվում: Ինչեւէ, իրացնող Ա. Կարագուլյանը շինարարությունը սկսելու նպատակով պահանջում է տարածքն ազատել, իսկ Հովհ. Ղուկասյանը չի պատրաստվում ընդունել չնչին փոխհատուցումը:
Քաղաքապետարանի «Երեւանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՊՈԱԿ-ի կողմից կազմված տարածքի նկարագրության արձանագրության մեջ, որն ունի 2 սեփականաշնորհման վկայական` Հովհ. Ղուկասյանի եւ «Օլիմպ» կոոպերատիվի անվամբ, «Ավո» ՍՊԸ-ի կողմից միտումնավոր անջատվել են իրարից, եւ «Ավո» ՍՊԸ-ն առանձին հայցերով դիմել է դատարան:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ 1-ին ատյանի դատարան է դիմել «Ավո Ֆ.Մ. Հ» ՍՊԸ-ն՝ պահանջելով Հովհ. Ղուկասյանին պարտավորեցնել կնքելու պայմանագիրը եւ նրա ընտանիքին վտարել տարածքից: Ի դեպ, փաստաթղթերի հսկայական փաթեթ պարունակող այս գործը կայացել է ընդամենը 30 րոպե տեւողությամբ դատական նիստով, ավելին` առանց պատասխանող կողմի: Հովհ. Ղուկասյանի հավաստմամբ` իրեն չեն իրազեկել դատական նիստի մասին, հետեւաբար՝ նա տեղյակ չի եղել դատական պրոցեսից: Այդուհանդերձ, դատարանը հայցը բավարարել է եւ վճռել է Հովհ. Ղուկասյանին պարտավորեցնել կնքել «Անշարժ գույքը պետության հասարակության կարիքների համար վերցնելու եւ դրա դիմաց փոխհատուցում վճարելու մասին» պայմանագիրը, ինչպես նաեւ՝ դադարեցնելով վերջինիս սեփականության իրավունքը՝ նրա ընտանիքին վտարել Աբովյան 4 հասցեից: Հետաքրքիրն այն է, սակայն, որ դատարանը Հովհ. Ղուկասյանին պարտավորեցնում է կնքել միանգամայն այլ պայմանագիր. «Դատարանը վճիռ է կայացրել կնքել մի պայմանագիր, որն ըստ էության գոյություն չունի: Դատավոր Գ. Կարախանյանը կայացրել է անհասկանալի վճիռ, քանի որ բոլոր փաստաթղթերում այն երեւում է որպես հասարակական տարածք, մինչդեռ վճիռ է կայացվել` Հովհ. Ղուկասյանին եւ նրա ընտանիքի անդամներին վտարել տարածքից այն դեպքում, երբ մենք այդտեղ չենք բնակվում: Դրա վառ ապացույցն է 30 րոպեանոց այն դատական նիստը, որի ընթացքում հնարավոր չէր ծանոթանալ 114 թերթ կազմող փաստաթղթերին, նյութերին: Մի խոսքով` դատարանը մի գրչի հարվածով ինձ զրկել է իմ սեփականության իրավունքից եւ կայացրել է վճիռ, ըստ որի՝ ինձ եւ իմ ընտանիքին պետք է տարածքից վտարել եւ պարտավորեցնել կնքել մի պայմանագիր, որն իրականում գոյություն չունի: Ես եւ իմ ընտանիքն այդ տարածքում չենք բնակվում, հետեւաբար անհասկանալի է նաեւ դատարանի այս պահանջը»,- վստահեցնում է Հովհ. Ղուկասյանը:
Չնայած այն բանին, որ դատարանը բոլոր դեպքերում հակված է պետության եւ հասարակության կարիքների համար քաղաքացիների սեփական հողատարածքները զավթել ցանկացող իրացնողների պահանջները բավարարել, այդուհանդերձ, Հովհ. Ղուկասյանը չի պատրաստվում նահանջել, պայքարում է:
Հ.Գ. Մենք պատրաստ ենք լսել նաեւ երկրորդ կողմ հանդիսացող «Ավո» ՍՊԸ-ի ներկայացրած փաստարկները: