Մենք

03/07/2005 Վարդան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ըստ տարբեր ժամանակաշրջանի, դաստիարակության, կրթության, մշակույթի տեր
մարդկանց, որոնք փորձել են բնութագրել հային, ստացվել է բավական խայտաբղետ
պատկեր: Ըստ մեկի (Լորենս Արաբացի)` արհամարհանք, մյուսի (ասենք` Շիրազ)՝
սեր, մեկ ուրիշի (օրինակ` Նանսեն)՝ պաշտպանության կարիք ունեցողի
արթնացրած խղճահարություն:
Ըստ Թումանյանի «Մեծ ցավի»՝ հայն ինքն իրեն չճանաչող տգետ է. «Եվ մինչեւ
էսօր չիմացանք ու չգիտենք, թե ինչ բան է էդ խորհրդավոր սֆինքսը, որ տխուր
աչքերով նստած է Ուրարտվի հին արձանագրությունների կողքին աչքերն
արցունքով ու վշտով լիքը», իսկ ըստ «Դառնացած ժողովուրդ» հոդվածի՝ հայն
ընդամենը չար ու նախանձ մեկն է. «Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են
մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ
չարություն կա մեր հոգում» եւ, որ «ներսից է լինելու հաստատ փրկությունը,
որովհետեւ ներսից ենք փչացած»: Ըստ հայտնի երգի՝ հայը «թափառական ու
գաղթական» է, ըստ զուտ հայկական ասացվածքի` «քարից-հողից հաց քամող», ըստ
այլ աղբյուրի` մազապուրծ, աշխարհասփյուռ, մորթված, խաբված, գոյություն
ունեն նաեւ դրական ու գերադրական ածականներ, ինչպես օրինակ` խելոք,
ամենախելոք, հին, դարավոր, արիացի, ուսուցանող, դպրոցասեր, շինարար եւ
այլն, բայց անդրադառնանք մեր երեք, բարդույթներից զուրկ, իսկական
ճշմարտախոսներից (Խորենացի, Թումանյան, Չարենց) առաջինին` Խորենացուն, ըստ
որի՝ «Մեզ ամենիս հայտնի է մեր թագավորների եւ մյուս նախնիների դեպի
գիտություն ունեցած անմտությունը ու բանական հոգու անկատարությունը»:
Իսկ ինչպիսի՞ն ենք մենք այսօր, Խորենացուց մեկ եւ կես հազարամյակ անց:
Փորձենք բնութագրել մեզ, բոլորովին չհամարելով այս կարծիքն անվիճելի ու
վերին ճշմարտություն: Այսպիսով մենք`…
Մենք անցյալում մնացած ժողովուրդ ենք: Այդպես էլ մնացինք անցյալում,
չկարողանալով ընկալել 20-րդ դարի արժեքները եւ թեւակոխել 21-րդ դար:
Մնացինք, լավագույն դեպքում, 19-րդ դարում: Մեր աշխարհընկալմամբ, մեր
արժեքներով, մեր առօրյա խնդիրներով, մեր երազանքներով անգամ, մենք այնտեղ
ենք` անցյալում, լուծում ենք անցյալի խնդիրները, դեռ պայքարում ենք
սուլթան Համիդի դեմ, երգում այդ պայքարի շրջանում ծնված երգեր եւ կրկնում
մտքեր: 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբին հարիր եւ այդ շրջանում
բացատրելի ավազակա-սոցիալիստա-տեռորիստա-ազգայնական խառնուրդով՝
հայրենասիրությամբ օժտված Չաուշը, Դրոն, Անդրանիկը, Սոսեն ու Սերոբն են
մնում հայրենասիրության մեր չափանիշները: Այդ շրջանից 21-րդ դար ենք
ներմուծում հարեւանների նկատմամբ ունեցած մեր ատելությունն ու
պահանջատիրությունը: Մեր հայրենասիրությունը եւ հակաթուրքությունն ուղիղ
համեմատական են իրար: Մեր այցեքարտը մնում է Եղեռնը: Չենք կարողանում
ազատվել անցյալի կաղապարներից եւ փակել մեր հաշիվներն անցյալի հետ,
որպեսզի այն մեզ համար վերածվի դեպի ապագա տանող աստիճանի, այլ ոչ ոտքերից
կախված ծանրության:
Մենք կախում ենք մեր գլխավերեւում Տիգրան Մեծի արշավանքները պատկերող
ուսումնական քարտեզը, որպես հայրենասիրության դրսեւորում եւ հպարտության
առարկա, եւ հենց այդ քարտեզից ելնելով՝ ծովից-ծով ենք հայտարարում մեր
երբեմնի հայրենիքը՝ հավատալով ինքներս մեր հորինածին եւ այն երբեւէ
վերադարձած տեսնելու սնամեջ երազներ հյուսում:
Մենք, պատերազմում պարտվելուց հետո, սկսում ենք գովերգել ընթացքում տեղի
ունեցած ճակատամարտերում տարած մեր մանր ու ժամանակավոր հաղթանակները:
Չտարանջատելով ճակատամարտը պատերազմից` ի հիշատակ կառուցում ենք վերջնական
ու անդառնալի հաղթանակներին վայել հուշարձաններ ու հուշահամալիրներ ու
հաղթանակի պտուղները ճաշակող հաղթողների աչքի առաջ, պերճաշուք կերպով
տոնում ենք այդ հաղթանակիկները, չհասկանալով, որ դա ծիծաղելի է եւ չի
ապահովագրում մեզ գալիք պարտություններից:
Մենք նշում ենք մեր թատրոնի 2000-ամյակը, միայն այն պատճառով, որ 2000
տարի առաջ մի թագավոր Հայաստանում թատերական գործեր է գրել, որից հետո այս
կողմերում, 2000 տարի շարունակ, որեւէ մեկը նման բանով չի զբաղվել: Բայց
մենք` «2000 տարի առաջը» «երկհազարամյային» հոմանիշ հայտարարելով ու
տրամաբանությունն անտեսելով, երկհազարամյա թատրոն ենք հռչակում, գրում
գրքեր ու հոդվածներ այդ մասին, քանի որ մեզ այդպես է պետք:
Մենք առանց ուշադրություն դարձնելու լուսաֆորի լույսին՝ ճեմելով ու
զրուցելով, անկյունագծով անցնում ենք խաչմերուկը կամ հատում ճանապարհի
բանուկ մասը, եթե հետիոտն ենք, եւ մտնում ու կանգնում ենք հետիոտնի անցման
վրա կամ խաչմերուկի ճիշտ կենտրոնում, եթե վարորդ ենք, չընդունելով, որ
լուսաֆորը, հետիոտնի անցումը եւ հոծ գիծն արհամարհելը մեր եւ այլոց կյանքի
եւ առողջության համար կարող է վտանգավոր լինել:
Մենք հպարտանում ենք մեր դարավոր պատմությամբ, բայց եկեղեցիներից բացի ոչ
մի հնություն պահպանել չենք կարողացել կամ գուցե չենք ստեղծել ու ունեցել,
եւ մեր ամենահին քաղաքը 200 տարվա պատմություն անգամ չունի: Նույնիսկ
պետություն ունենալիս մեր թագավորներն այնքան չեն հարգել թագավորությունը,
որ ով ուր ցանկացել` մայրաքաղաք է տեղափոխել, որպես քմահաճույք կամ
ինքնահաստատման միջոց: Արդյունքում՝ այդպես էլ հին ժողովրդին վայել
պատմություն ունեցող մայրաքաղաք չունենք:
Մենք ունենք մեծ ու իրեն հայրենասեր անվանող սփյուռք, որը երազում է
«էրգրի» մասին, տառապում կարոտախտով, խոսում աշխարհի բոլոր քիչ թե շատ
խոսվող լեզուներով, բայց տարբեր ժողովուրդների մեջ ապրելով՝ մեր մշակույթը
օտարներին լրջորեն ներկայացնելու փորձ անգամ չի արել: Նրանք լուրջ գործով
են զբաղված` Հայ դատով: Տասնամյակների ընթացքում այն արդեն գաղափարից
կրոնի է վերածվել եւ, ինչպես որ լինում է նման դեպքերում, արդեն վիճում
են, թե ով է ավելի հավատարիմ այդ կրոնին եւ մոտ` ակունքներին: Իսկ
հայրենիքի համար մղվող պատերազմին այդ հայրենասեր սփյուռքից մի
տասը-տասնհինգ երիտասարդ միայն մասնակցեց:
Մենք վաճառում ենք մեր ձայնը եւ մեր քվեարկելու իրավունքն ընտրությունների
ժամանակ, հետո մասնավոր զրույցներում զարմանում, թե որտեղի՞ց եկան այս
պատուհասներն ու ծաղրածուները, չխոստովանելով, որ 3000 դրամով հենց նրանց
ենք վաճառել մեր ձայնը, որով հնարավոր է գնել ընդամենը երեսուն հատ մեկ
կիլոգրամի տեղ վաճառվող յոթ-ութ հարյուր գրամանոց հաց:
Մենք մասնակցում ենք ընտրակեղծիքներին, քանի որ այդ մասին խնդրում է թաղի
տղան, բարեկամը կամ ընկերը, մտքում որպես փոխհատուցում մեծ շահույթ
ակնկալելով եւ, որպես կանոն, չստանալով ակնկալածը, հայհոյում ենք
կեղծողներին, ընտրվածին ու իրականությունը, բոլորովին չընդունելով մեղքի
մեր բաժինը ու հաջորդ ընտրություններին սպասելով, որ վրեժխնդիր լինելու
համար նախորդ պաշտպանյալի հակառակորդի թիմում աշխատենք:
Մենք չենք խորշում ու հեռու փախչում քցողից ու քծնողից, շեֆի առաջ
ծամածռվողից, քծնանքը ու սողալը կենցաղ դարձնողից: Մենք ընդունում ենք
բոլոր նորմալ հասարակություններում եւ բոլոր գործող չափանիշներով մերժված
ու մերժվող գաղտնի գործակալներին, ծախողներին ու մատնիչներին: Նրանք առանց
ամոթի զգացումի ապրում են մեր հասարակությունում, նույնիսկ, առանձին
դեպքերում, կառավարում մեզ: Մենք չենք վռնդում նրանց մեր շրջապատից,
մատնացույց չենք անում՝ որպես բացասական օրինակ մեր երեխաների համար:
Ընդհակառակը` մեր մտքերում նրանց համարում ենք կյանքը հասկացող, ապրելու
ձեւը իմացող, պահը որսալ կարողացող գործարարներ: Բարեւում ենք նրանց ու
զարմանում, թե որտեղի՞ց մեր երեխայի մեջ այսքան վտանգավոր
հաշվենկատություն ու աղավաղված պատկերացում աշխարհի ու մարդու մասին, եւ
չենք սարսափում նրանց ապագայի համար:
Մենք մեր բոլոր անհաջողությունները պատճառաբանում ենք վատ հարեւաններով,
կարծես մնացած բոլոր ժողովուրդների հարեւանները լավն են, եւ մենք
բացառություն ենք, կամ կարծես այլ ժողովուրդներ դարերով օտարի լծի տակ չեն
ապրել:
Այսպես կարելի է շարունակել թվարկումը մեր ինչպիսին լինելու մասին եւ
փորձել յուրովի բացատրել մեր կորուստների պատճառները՝ դրանք մեր մեջ
փնտրելով եւ մեր հարեւաններին բոլորովին չմեղադրելով: Մեզ իրենց երկիրը
պաշտպանել չկարողացած մեր պապերից այս փոքրիկ հողակտորն է մնացել: Ամեն
ժողովուրդ ինքն է կերտում իր պատմությունը, մերն էլ մեր կերտածն է, մնում
է դրանից դասեր քաղել՝ թույլ չտալով, որ անցյալի սխալները կրկնվեն: Բայց
դատելով մեր իրականությունից, կրկին կրկնվում է հինը. նորից մեր
հարեւանները հայտարարված են թշնամի, նորից չենք մասնակցում տարածաշրջանի
զարգացումներին, նորից դառնում ենք ուրիշի ֆորպոստը եւ մեր փրկությունը
դրսում որոնում, նորից չունենք մեր իսկ պետության ու պետականության
նկատմամբ հարգանք եւ հանդուրժում ենք, որ մեր անարժան ու ապաշնորհ
իշխանավորն իր բարքով ու գործով տրորի այդ արժեքները եւ երկիրը որպես
սեփական կալվածք դիտարկի: Նորից կանգնած ենք հերթական պարտության շեմին: