Շարունակում են սպառնալ

14/12/2008

«Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը ձգձգվում է, քանի որ գործընթացն ընթանում է այնպես, որ սպանողն արդեն հայտնի է, իսկ թե ովքեր են եղել մտահղացողները` թող չբացահայտվի»,- երեկվա ասուլիսում նման կարծիք է հայտնել «Ակոսի» հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը: «Ունենք ոճրագործ, ով խոստովանել է, թե ինքն է սպանել: Այս տեսակի արարքները մի քանի փուլով են նախապատրաստվում, հետեւաբար` փաստաբանները ցանկանում են բոլոր հանգրվանները, բոլոր նախաձեռնողներին հայտնաբերել ու արդար լուծում տալ: Ամեն անգամ դատավարությունը 3-4 ամսով հետաձգվում է»,- ասել է նա: Բ. Էստուկյանն ընդգծել է, թե Թուրքիայում բոլորն էլ համոզված են, որ Հ. Դինքին սպանել են հայ լինելու համար. «Նա ուներ հնարավորություններ՝ տեղափոխվել Եվրոպա. Բելգիայում շատ բարեկամներ ուներ, բայց Դինքի համար գնալու գաղափարը շատ դժվար ընկալելի էր` թողնել իր համոզմունքները, առաքելությունը, թողնել իր պայքարն ու հեռանալ: Նույն սկզբունքներով այսօր շարժվում է նաեւ նրա ընտանիքը»: Նա նշել է, որ շարունակվում են սպառնալիքները ինչպես նրա ընտանիքի, այնպես էլ՝ «Ակոսի» աշխատակիցների նկատմամբ: ««Ակոսի» անվտանգությունն ապահովում են ոստիկաններ, ովքեր կանգնած են խմբագրության մուտքի առջեւ, սակայն նրանց անցնելը շատ հեշտ է»,- ասել է Բ. Էստուկյանը: Նա անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին. «Թուրքիայի իշխանությունները հասկանում են, որ հայ-թուրքական սահմանի փակումը բնական, նորմալ երեւույթ չէ եւ գործնական իմաստ չունի: Այն ունի միայն քաղաքական իմաստ, որն ուղղված է դեպի Ադրբեջան. Թուրքիան ցույց է տալիս Ադրբեջանին, որ սահմանը փակ պահելով` ՀՀ-ի հետ կապերը խզված են»: Ինչ վերաբերում է սեպտեմբերի 6-ին Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ քիչ թվով թուրք երկրպագուների Երեւան ժամանելուն, ապա, ըստ նրա` օրենքով նրանց չեն արգելել գալ Հայաստան: Նման որոշման ընդունման հիմնական պատճառը, նրա կարծիքով, այն է եղել, որ ցանկացել են խուսափել հնարավոր անհաջող դեպքերից: «Կարող էին գալ ու անախորժությունների պատճառ հանդիսանալ, ինչն ավելի կբարդացներ իրավիճակն ու մտահոգիչ հետեւանքներ կառաջացներ»,- ասել է Բ. Էստուկյանը` նշելով, որ Հայաստան եկած երկրպագուներն ավելի շատ ոչ թե ֆուտբոլասերներ էին, այլ քաղաքական հետաքրքրություն ունեին: