Թուրքիայի արվեստի գործիչները ոչ թե պետական, այլ սեփական նախաձեռնությամբ են Հայաստան գալիս

14/12/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

«Մենք հայկական կամ քրդական երգեր ենք կատարում ոչ թե ձեզ, արաբներին, գնչուներին, վրացիներին կամ քրդերին դուր գալու ու հաճոյանալու համար, այլ` ինքներս մեզ համար: Մենք ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու կարիք ունենք»,- ասում է համակրելի երիտասարդ թուրք երգչուհի Բուրջու Յուլուզը, ով Երեւանում է գտնվում «Քարտեշ թուրքուլար» երգչախմբի հետ ու պատրաստվում է մեր տարածաշրջանի երգերը ներկայացնել հայ հանդիսատեսին՝ դեկտեմբերի 12-ին: Այդ խումբը, որի անվանումը թարգմանաբար նշանակում է՝ «Եղբայր երգեր», գործում է արդեն 15 տարի ու նպատակ ունի ներկայացնել Թուրքիայի բազմալեզու ու բազմամշակութային շերտերը: Խմբի անդամները հայկական երգեր են կատարում, սակայն խմբի ոչ մի անդամ ազգությամբ հայ չէ: Բուրջու Յուլուզն ասում է. «Համալսարաններում սիրողական երգչախմբեր մեկ-մեկ ստեղծվում են, եւ դրանց կազմում հայեր են լինում, բայց այդ խմբերը երբեք մեծ հրապարակներում ելույթ չեն ունենում: Մենք միակ թուրքական խումբն ենք, որը պրոֆեսիոնալ բեմերում է երգում: Մենք շատ լավ հասկանում ենք, որ ազգային ինքնության մասին վկայելու ամենալավ միջոցը ժողովրդական երգն է։ Եվ հիմնականում ժողովրդական երգեր ենք երգում, քանի որ դրանք մեր ընդհանուր պատմության ու բազմազանության վկայություններն են»։

Երեւանում ներկայացվող ծրագիրը «Քարտեշ թուրքուլարի» ու Ստամբուլի «Սայաթ-Նովա» հայկական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար Գայանե Չալիկման-Գավրիլով) համատեղ աշխատանքն է։ Մի քանի տարի առաջ նրանց համագործակցության արդյունքում ստեղծվեց «Աշուղ է եկել մեր մայլեն» աշուղական երաժշտական նմուշներից բաղկացած ծրագիրը: Իսկ երեւանյան համերգը կրելու է «Բացեք դռները, գարուն է եկել» խորագիրը եւ բազմագույն երաժշտական ներկնապնակ է ցուցադրելու։ Թուրքական երգչախմբերի հյուրախաղերը կազմակերպվել են «Եվրասիա» հիմնադրամի աջակցությամբ։

Իհարկե, հաճելի ու ուրախալի է, երբ մեր ազգային մեղեդիները կատարում են օտարազգի երաժիշտներն ու հատուկ նշում են, որ դրանք հայկական են: Մենք դա նորմալ երեւույթ ենք համարում, սակայն ինքներս նման քայլ չենք ձեռնարկում: Միգուցե հոգեբանորեն դեռ պատրաստ չենք թուրքական երգերը թուրքերեն կատարել: «Ակոս» թերթի խմբագիր, հոդվածագիր, գրող ու «Սայաթ-Նովա» երգչախմբում վարչական աշխատանք կատարող Բագրատ Էստուկյանն ասում է. «Թուրքիայում այնքան էլ հաճախ չի կարելի լսել հայկական երգերը: «Քարտեշ թուրքուլարը» բացառություն է: Որոշ իմաստով այն ընդդիմադիր խումբ է, քանի որ մերժում է ազգամոլությունն ու ազգապաշտությունը»: Մեր տարածաշրջանում՝ մեղեդիների ու երգերի արմատների ու ազգային պատկանելության շուրջ հաճախ լուրջ վեճեր ու իսկական պատերազմներ են ծագում։ Հայտնի է, թե մենք կամ ադրբեջանցիները որքան ցավագին ենք ընդունում երգերի «սեփականաշնորհումը»։ «Նման բանավեճեր Թուրքիայում շատ են լինում, բայց մենք դրանցից զերծ ենք: Շատերն են ասում` այս մեղեդին նախապես մերն է եղել, դուք այն կատարելու իրավունք չունեք: Մեզ համար մեղեդու ծագումը նշանակություն չունի, նշանակություն ունի միայն օրիգինալ երգը: Չէ՞ որ մենք նույն հողում ենք ապրում եւ ամենքս թուրքական խճանկարի մի մասն ենք կազմում»,- ասում է երգչուհի Բուրջուն, ով հպարտությամբ է խոսում իրենց աշխատանքի մասին, որի մաս են կազմում ոչ միայն սոսկ կատարումներն, այլեւ՝ երգերի հավաքագրումն ու ուսումնասիրությունը:

Բուրջուն շատ հուզված էր, նրան հետաքրքրում էր, թե ինչպե՞ս մենք կընդունենք հայերեն երգող թուրք երգիչներին։ «Գաղափարախոսությունը մեր երկրներում շատ հզոր ուժ է, բայց կարծում եմ, լինում են դեպքեր, երբ հարկավոր է առանց ճնշիչ գաղափարախոսության միմյանց հետ շփվել»,- ասում է նա։ «Թուրքիայում մեր արած գործը շատ դժվար է ընկալվում, եւ որոշ վերապահումներով է դիմավորվում, բայց մենք սովորել ենք պայքարել ու չենք սպասում, որ բոլորի համար սիրելի կլինենք։ Առաջին հերթին ուզում ենք մտածելու առիթներ տալ։ Հասկանալի է, որ մեր պետություններն իրար հետ հաղորդակցվելու խնդիրներ ունեն, բայց արդյոք այդ նույն խնդիրներն ունե՞ն մեր ժողովուրդները։ Հոգեւոր ցանկությունները, ուրախությունն ու թախիծը մենք պիտի կարողանանք արվեստի միջոցով «կիսել» իրար հետ։ Երեւանյան մեր համերգի մղիչ ու թելադրիչ ազդակը տվել էր Հրանտ Դինքը, ով միշտ երազել էր հենց Երեւանում կազմակերպել նման համերգ»,- ասում է Բ.Էստուկյանը։

Կամաց-կամաց

Վերջին ժամանակներում հայ եւ թուրք արվեստի գործիչների շփումները շատ ակտիվ ու գործնական են դարձել: Մեր երկու ժողովուրդների կինոգործիչներն են սկսել հաճախ հանդիպել ու համատեղ աշխատել: Արդյո՞ք այդ համագործակցությունը ձեւական բնույթ չի կրում. այս հարցին Բագրատ Էստուկյանը պատասխանում է. «Մեր նպատակն, իհարկե, բազմամշակութային պետական մերձեցումը չէ: Եվ պարզապես զանազանության ծաղկեփունջ գոյացնելու ձգտում չունենք: Մենք ուզում ենք Թուրքիայի բոլոր մշակույթները ներկայացնել իրենց հարազատ ձեւով: Համոզված եմ, որ ոչ մի թուրք արվեստագետ չի ցանկանում ձեւական բնույթ կրող ծրագրերի մասնակիցը լինել: Մեր երկու երկրներում էլ սխալ պատկերացումներ կան: Պետք է նշել, որ Թուրքիայից ժամանած ոչ մի արվեստագետ չի ներկայացնում Թուրքիայի պետությունը: Ես համոզված եմ նաեւ, որ Հայաստանի երգիչներն ու ռեժիսորները Թուրքիա գալով` ոչ թե պետական ծրագիր են կատարում, այլ` իրենց անհատական մղումով են ուղղորդվում: Պետությունն ի՞նչ կապ ունի համերգներ կազմակերպելու հետ: Բացարձակապես ոչ մի: Ջիվան Գասպարյանը, Անուշ եւ Ինգա Արշակյանները Հայաստանի պետության ներկայացուցիչները չեն, ինչպես նաեւ մենք չենք ներկայացնում մեր պետությունը: Մենք պարզապես փորձում ենք իրար հասկանալու, իրար ճանաչելու հող ստեղծել: Տիգրան Խզմալյանի ֆիլմերով, հայկական երգերով թուրքերը պատկերացում են կազմում հայ ժողովրդի մասին: Մենք էլ մեր ոլորտում ենք նմանատիպ գործ անում»:

Թուրք արվեստի գործիչները հաճախ են ասում՝ «յավաշ-յավաշ»։ Այսինքն՝ կամաց-կամաց։ Կամաց-կամաց ենք կառուցում շփման դաշտը։ Ընդ որում, հենց այդ բառերն էլ դարձել են հայ եւ թուրք ուսանողների ճամբարի անվանումը։ Անտիոք քաղաքում գտնվող այդ ճամբարում երկու շաբաթ ապրել ու միմյանց հետ ծանոթացել են հայ ու թուրք համալսարանցիներ։ «Երիտասարդները բանավիճում էին դեմոկրատիայի, հասարակական գործիքների, մարդկային իրավունքների թեմաներով։ Եվ պարզ դարձավ, որ եւ՛ հայաստանցիները, եւ՛ թուրքացիները մեկը մյուսի նկատմամբ կանխապաշարյալ կարծիք ունեին։ Պարզ երեւաց նաեւ, որ 15 օր հետո մեկս մյուսի ավելի լավ սկսեցինք հասկանալ»,- պատմում է Բագրատ Էստուկյանը։

Նա նաեւ նշում է, որ «լայնանկյուն դիտող» մտավորականներն ավելի շատ են Թուրքիայում, քան Հայաստանում. «Վերջին տարիների ընթացքում Թուրքիայում շատ արժեքավոր մարդիկ գոյացան, որոնք շատ լավ հասկանում են իրողությունը։ Կարծում եմ, որ նույնիսկ Հունաստանը նման միջազգային դատողության մակարդակի հասնել չի կարողացել։ Մարդկանց, հասարակության առումով՝ Թուրքիան իր համար էլ անսպասելի աճ արձանագրեց։ Ոչ ոք չէր սպասում, որ դա տեղի կունենա։ Ես էլ չէի սպասում։ Հիմա Թուրքիայում մարդիկ կան, որոնք պետական քաղաքականությանն ամբողջությամբ հակասող դիրքորոշում ունեն։ Իսկ դա բավականին փշոտ ճանապարհ է, այդ մարդիկ ահագին սպառնալիքների, պատիժների, մահափորձերի են ենթարկվում։ Օրինակ, հրատարակիչ կա, որը մի քանի գիրք է տպագրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ու Հայոց հարցի մասին (նախկինում նման գրականությունը եթե ոչ լրիվ արգելված, ապա քողարկված էր, իսկ հիմա բազմաթիվ հին ու նոր ուսումնասիրություններ ու թարգմանություններ են տպագրվում)։ Եվ այդ հրատարակիչն իր ճանապարհի վրա իսկական դժոխք ապրեց. բանտ նետվեց, խոշոր դրամական տուգանքների ու ճնշումների ենթարկվեց»։

Բ.Էստուկյանը վստահ է, որ Թուրքիայի հասարակության զգալի հատվածը շատ լավ հասկանում է, որ իրենց կյանքը վերափոխումների կարիք ունի։ «Հրանտ Դինքի մահը թուրք հասարակության մեջ պոռթկում առաջացրեց։ Այն շատ ծանր հարված էր ոչ միայն հայերի, այլեւ՝ թուրքերի համար։ «Մենք հայ ենք» գոռացողների շարքում հայեր առհասարակ չկային։ Դրանք թուրքեր ու քրդեր էին։ Անշուշտ, նրանք դավանափոխ չէին եղել, բայց շատ լավ հասկացել էին, որ անարդար պետությունում են ապրում»,- ասում է նա։

Ուշագրավ դիտարկում կարելի է անել. մեզ՝ հայաստանցիներիս համար միայն օգուտ է՝ թուրք հասարակության զարգացումը։ «Մարդկությանն է օգուտ»,- ճշտում է Բ.Էստուկյանը։ Առաջին անգամ մեր հանրապետությունում հայտնված Բուրջու Յուլուզը զարմանքով ու ժպիտով նկատել է, որ մեր երկու պետությունները բաժանող սահմանը աննորմալ ու անբնական երեւույթ է։ «Այստեղ ազատ վաճառվում են թուրքական ապրանքները, մենք էլ կարող ենք ազատ ճամփորդել այստեղ, ձեզ ընդունել մեր երկրում։ Եվ սահմանների փակ լինելն աննորմալ երեւույթ է»,- ասում է նա։ Իսկ Բ.Էստուկյանն ավելացնում է. «Թուրքիան է փակել սահմանները, Թուրքիան էլ պիտի դրանք բացի»։

Որպես դիտարկում-մաղթանք՝ Բագրատ Էստուկյանն ասում է. «Ես հաճախ էի գալիս Խորհրդային Հայաստան, այն ժամանակ պարզ էր, որ Հայաստանը չի կարող մեծ շփումներ ունենալ աշխարհի հետ, բայց հիմա իրավիճակը լիովին փոխվել է։ Հիմա աշխարհը հեշտությամբ է նորություններն իմանում, արբանյակի միջոցով հասու են հայկական հեռուստաալիքները, ինտերնետի միջոցով՝ հայկական թերթերը։ Թուրքիան այդ ամենը լավ օգտագործում է ու աշխարհի հետ շփման մեջ է մտնում։ Եվ որքան արագ այդ հաղորդակցության մեջ իր տեղը գրավի Հայաստանը, այնքան լավ է»։