Ըստ «Forbes» ամսագրի՝ 2007-ին աշխարհի ամենաթանկ 5 մոդելներ են ճանաչվել 26-ամյա Ժիզել Բունդհեն՝ 33 մլն դոլար, Քեյթ Մոսը՝ 33տ., 9 մլն դոլար, Հայդի Կլյումը՝ 34տ., 8 մլն դոլար, Ադրիանա Լիման՝ 26տ., 6 մլն դոլար, եւ 26-ամյա Ալեքսանդրա Ամբրիսիոն՝ 6 մլն դոլար: Հայկական ծագմամբ թոփ-մոդելներն աշխարհին հայտնի չեն: Սակայն, ինչպես ասում են, դա մեր թերացումը չէ, պարզապես մեզ դեռ չեն նկատել: Իսկ եթե ավելի լուրջ, ապա հայ մոդելների՝ միջազգային ասպարեզում չհայտնվելը մեկնաբանվում է այն էթնիկ առանձնահատկությամբ, որ հայ աղջիկները սեռապես ուշ են հասունանում, իսկ միջազգային մոդելային շուկայում մոդելների պահանջարկը սկսվում է՝ 14, ավարտվում՝ 21 տարեկան աղջիկներով:
Անբարենպաստ ազդեցություն են թողնում նաեւ մեր ընտանեկան ավանդույթները: Ինչպես «Ատեքս» նորաձեւության կենտրոնի փոխտնօրեն Օլգա Լավրինենկոն է ասում, 23 տարեկան հայ աղջիկը կարող է ներկայանալ մոդելային գործակալություն՝ իր մայրիկի ձեռքն ամուր բռնած: «Մենք մոդելներ չենք ուղարկում արտասահման, որովհետեւ, առաջին հերթին՝ նրանք դրան բարոյապես պատրաստ չեն: Այնտեղ շատ խիստ են պահանջները՝ ոչ մեկը հոգ չի տանելու այդ աղջիկների համար: Ճիշտ է, արտասահմանում պահանջվում են մինչեւ 21 տարեկան մոդելներ, բայց դա չի նշանակում, որ 35 տարեկան մոդել չի լինում: Այսօր Ֆրանսիայում գործում է մի մոդելային գործակալություն, որտեղ մինչեւ 85 տարեկան մոդելներ են աշխատում: Հիմա ամեն ինչ է գովազդվում, ու եթե դիզայների հագուստը նախատեսված է 65-ն անց կանանց համար, իհարկե, գրագետ չէ, որ այն ցուցադրեն երիտասարդ աղջիկները»,- ասում է Օլգան: Նա վստահեցնում է, որ ներկա դրությամբ՝ Հայաստանում գործող առաջատար մոդելները թվով 10-ն են, ովքեր ճանաչում ունեն եւ մասնակցում են հեղինակավոր բրենդերի ներկայացմանը: Սակայն, եթե փողոցում պատահական անցորդների խնդրենք հիշատակել հայ մոդելներից գոնե մեկի անունը, դժվար թե պատասխան ստանանք։
Ինչպես ամենուր՝ հայաստանյան մոդելները նույնպես դասակարգվում են չորս կատեգորիաների, եւ, բնականաբար, առանձնանում են իրենց հոնորարների չափերով: Մոդելի՝ բարձր կատեգորիային դասվելը որոշվում է վերջինիս ֆոտոսեսիաների, գովազդային վահանակների ու տեսահոլովակների թողարկումների քանակությամբ, եւ վերջապես՝ փորձառությամբ: Գլխավոր նախապայմաններից մեկն էլ այն է, որ մոդելի լուսանկարը պատկերված լինի որեւէ ճանաչված ամսագրի շապիկին: Նկատենք, որ այսօր հայ շոու-բիզնեսի ներկայացուցիչները «գրավել» են ամսագրերի շապիկները՝ ստվերում թողնելով մոդելներին: Լավրինենկոն այդ փաստը համարում է բնականոն՝ նկատելով, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչներն ու մոդելները միշտ էլ ինչ-որ պարբերականությամբ, «հերթափոխով» են հայտնվում ամսագրերի շապիկներին: Ընդհանրապես, մոդելային բիզնեսն ամբողջությամբ կախման մեջ է գովազդային շուկայի պահանջներից ու զարգացումից. որքան այն օրինաչափ ու արագ է զարգանում, համընթաց ներկայանում է նաեւ մոդելային բիզնեսը: Տարեցտարի գովազդային տեսահոլովակներին տրամադրվող բյուջեներն էլ գնալով աճում են Հայաստանում: Մոդելների եկամուտների առյուծի բաժինը, սակայն, ընկերությունների ծավալած PR արշավների ընթացքում արված լուսանկարների հաշվին է տեղի ունենում, որոնք զետեղվում են ամսագրերի էջերում: Ներկայումս հայ մոդելների մեծամասնությունը գերադասում է աշխատել մոդելային գործակալությունների միջոցով, որպեսզի խուսափի տհաճ անակնկալներից։ Ինքնուրույն աշխատող մոդելները երբեմն հայտնվում են իրենց համար ոչ ցանկալի իրավիճակներում:
Մոսկովյան գներ՝ հայկական մոդելային բիզնեսում
Պարզվում է, հայաստանյան մոդելային շուկան բավականին թանկ շուկայի համբավ ունի, եւ մոդելային բիզնեսը կարող է ապագայում եկամտաբեր դառնալ: Այս ոլորտի ծառայությունների թանկացումն արձանագրվել է նախորդ տարվա վերջերին: Դրսից ժամանած մոդելները նույնպես վարձատրվում են Հայաստանում գործող սակագներով: Նշենք, որ ցուցադրությունների արժեքը մեկնարկում է 30 հազար դրամից, գովազդային հոլովակներում նկարահանվելը՝ 90 հազար, իսկ տեսահոլովակներում՝ 150 հազար դրամից:
22 տարեկան Զառա Մինասյանը հայաստանյան առաջատար մոդելներից մեկն է, եւ, արդեն 6 տարի է, ինչ մոդելային ասպարեզում է: Ճիշտ է, նա իր հիմնական մասնագիտությունը համարում է թարգմանչությունը, սակայն շատ գոհ է մոդելային աշխարհում գործող վճարներից: Ընդհանրապես, հայ մոդելները գանգատվում են բնագավառի սեզոնայնությունից: Այս առումով հայաստանյան նորաձեւության փոքրիկ շուկայում տիրում է անկայունություն՝ հագուստի ցուցադրությունները տեղի են ունենում մեծ ընդմիջումներով: Անգամ տեղի մոդելային գործակալությունները չեն կարող իբրեւ անկախ տնտեսական կառույց գոյատեւել, եթե չունենան եկամտի լրացուցիչ աղբյուր: Մոտ 7 տարի առաջ նման խնդիր գոյություն է ունեցել նաեւ մոսկովյան շուկայում, ինչն արդեն հաղթահարված է: Օ. Լավրինենկոն էլ լավատեսորեն է տրամադրված, որովհետեւ մոնոբրենդային վաճառասրահներն արդեն սկսել են կազմակերպել նոր տեսականիների շնորհանդեսներ, «show-room»-եր, որոնք աշխուժություն են մտցրել մոդելային առօրյայում:
Պրոֆեսիոնալ մոդել դառնալու համար պահանջվում է մոտավորապես 5 տարի: «Պետք է հաշվի առնել, որ մոդելի մասնագիտությունը ոչ բոլորի համար է, այն բարձրաշխարհիկ մասնագիտություն է: Նախկինում մոդելներ ընտրվել են միայն ազնվական խավի կանայք, որոնք աչքի են ընկել իրենց ինտելեկտով, համեստությամբ եւ խելքով: Մեզ համար էլ է նախընտրելի, որ մեր մոդելներն ունենան բարձրագույն կրթություն»,- ասում է «Ատեքսի» փոխտնօրենը:
Թոփ-մոդել Սյուզաննա Սարգսյանն այս տարի է ավարտել Սլավոնական համալսարանը եւ շուրջ 7 տարի զբաղվում է մոդելային գործունեությամբ: Նա անգամ երազել չէր կարող, որ երբեւէ մոդել կդառնա, ու շատ պատահական է հայտնվել բարձր նորաձեւության աշխարհի բեմահարթակում: «Փոքր ժամանակ ցանկանում էի մի քիչ «Բարբիի» նման լինել: Հիմա համարում եմ, որ մոդելը չպետք է շատ գեղեցիկ լինի, նա պետք է ընդամենը հետաքրքիր անձնավորություն լինի, գրավիչ ու տպավորիչ երեւա: Շատ կարեւոր է կերպարի մեջ մտնելը. արտաքինը պետք է փոփոխվի ոչ միայն «make-up»-ի, այլեւ՝ աչքերի արտահայտության, քայլելու ռիթմի միջոցով»,- ասում է Սյուզին: Երբեմն շատ գեղեցիկ լինելու հանգամանքը խանգարում է մոդելին, որովհետեւ հնարավոր չի լինում փոփոխել արտաքինը, ինչն առանցքային նշանակություն ունի այս աշխատանքում: Յուրաքանչյուր կադրում մոդելը պետք է լինի անճանաչելի, տիպային: «Սկզբունքորեն մոդելը չպետք է գեղեցիկ լինի: Գեղեցիկ աղջիկներն անհրաժեշտ են գեղեցկության մրցույթներին մասնակցելու համար: Մոդելը պետք է տիրապետի բիզնես-էթիկայի տարրական կանոններին: Նրանք պետք է գիտակցեն, որ ժամանակակից գործնական հարաբերություններում չեն հանդուրժվում միջակություններն ու թերացողները, եւ փոխարինողներ միշտ գտնվում են: Խնդիրն այն է, որ շատ մոդելներ չեն հետեւում իրենց մարմնին, նրանց մկանները պետք է միշտ մարզված ու ձգված լինեն: Ցանկալի է, որ պահպանեն ճիշտ սննդակարգ, խորը եւ տեւական քուն, որովհետեւ այդ մասնագիտությունը չափազանց խիստ կարգապահություն պահանջող մասնագիտություն է: Եթե մոդելը մինչեւ կեսգիշերն անց է կացրել գինարբուքներով լի խրախճանքներում, եւ առավոտյան պետք է մասնակցի ֆոտոսեսիայի, ապա ոչ մի կոսմետիկ միջոցով նրա աչքերի պարկերն ու կապտուկները հնարավոր չէ թաքցնել»,- ասում է Օ. Լավրինենկոն:
Հայ մոդելները ոչնչով չեն զիջում ռուս մոդելներին
Մոդելների համար նախանշված 90-60-90 չափսերն ամենաիդեալականն են, բայց դա ամենեւին չի նշանակում, որ մոդել ընտրելիս ուղղորդվում են բացառապես այդ ստանդարտներով: Ներկայումս բարձրահասակ լինելը նույնպես չափանիչ չէ: Ավելին, միջազգային մոդելային պոդիումի ժամանակակից միտումները փոխվել են՝ ոսկրոտ ու նիհար մոդելից՝ անցնելով դեպի ավելի «լիքոտ» ու «թմբլիկ» կանանց: Երբ սովի մատնված մոդելները սկսեցին հյուծվել եւ տառապել անորեքսիայով եւ կախեքսիայով (գերհյուծվածություն), արձանագրվեցին նաեւ մահվան դեպքեր, միջազգային հանրությունը պահանջեց արգելել շատ նիհար մոդելների բեմելը: «Եթե Հայաստանում հագուստները ցուցադրեն բացառապես 1մ 80սմ հասակով նիհար մոդելներ, ապա սրահը կտուժի, որովհետեւ մեր հիմնական սպառողն այլ չափսերի է: Պարտադիր չէ, որ մոդելները լինեն անպայման բարձրահասակ: Երբեմն անհրաժեշտություն է լինում գեր, երբեմն՝ 45-50 տարեկան մոդելների: Դրա համար մենք չենք սեւեռվում մոդելի հասակի, արտաքին տվյալների վրա: Հասակն ընդհանրապես անհրաժեշտ չէ ֆոտոսեսիաների, տեսահոլովակներում նկարահանվելու համար: Մոդելը պետք է ունենա առողջ, հարթ մաշկ, գեղեցիկ ատամներ, մշակված եղունգներ, ձիգ ու կոփված մարմին»,- նշում է Օ. Լավրինենկոն: Նրա կարծիքով, Հայաստանում սխալ մոտեցում է ձեւավորված մոդելի մասնագիտության վերաբերյալ: Երբ խոսք է գնում մոդելների մասին, բոլորը միանշանակ մատնացույց են անում սլացիկ, անբռնազբոս պահվածքով շիկահեր սլավոնուհիներին՝ թերագնահատելով հայ մոդելների ներուժը: «Մեր մոդելները պրոֆեսիոնալ են, եւ բեմում նրանց պահվածքն ավելի գրագետ է: Հայ մոդելները ոչնչով չեն զիջում ռուս մոդելներին. նրանք նույնպես բարձրահասակ են, երկարոտն եւ գեղեցիկ կազմվածքով, ու կարող են աշխատել ամենուր։ Տարբերությունն այն է, որ ռուս մոդելների հետ հեշտ է աշխատել, որովհետեւ նրանք ուշադիր են, մի բանը մեկ անգամ ես բացատրում։ Բացի այդ, Ռուսաստանում թեժ մրցակցություն է այս ոլորտում»,- ասում է «Ատեքսի» փոխտնօրենը:
Նա վստահեցնում է, որ հայ մոդելներին ընձեռված է ընտրելու հնարավորություն, նրանք մեծ տեղ են հատկացնում գովազդվող ապրանքի որակին: Ասենք, եթե կանացի ներքնազգեստ է ցուցադրվում, ապա ներկաները պետք է դիտեն ոչ թե աղջիկներին, այլ նրանց կրած ներքնազգեստները, որովհետեւ ցուցադրությունների միակ նպատակն ապրանքի վաճառքի խթանումն է: «Տհաճ է, երբ աչքերով քեզ մերկացնում են: Պետք է տիրի աշխատանքային մթնոլորտ: Եվ մոդելները պետք է աշխատեն ցանկացած իրավիճակում՝ անգամ, եթե բեմահարթակը հարմարավետ չէ կամ բացակայում է: Նրանք պետք է գիտակցեն, որ դրա համար իրենց վարձատրում են»,- ասում է Օ. Լավրինենկոն: