Սննդային E հավելումների վնասները

14/12/2008

Այսօր սննդի շուկան սպառողին մեծ ընտրության հնարավորություն է տալիս` եւ տեսականու, եւ գնի իմաստով: Իսկ սննդամթերքի ընտրությունը պայմանավորված է մի քանի գործոններով` սպառողի կենսակերպով, վճարունակությամբ ու առողջական խնդիրների հետ կապված սննդային սահմանափակումներով:

Առողջության հետ կապված խնդիրները միշտ չէ, որ կրում են ժառանգական կամ գենետիկական բնույթ: Հաճախ առաջացած խնդիրներն արտաքին գործոնների ազդեցության արդյունք են: Մեր օրգանիզմի ու աշխատունակության վրա մեծ ներգործություն ունի այն սննդամթերքը, որը մտնում է մեր օրաբաժնի մեջ, իսկ ավելի հստակ` սննդամթերքի բաղադրությունը, որի մեջ մտնում են տարբեր հավելումներ, մասնավորապես` E ինդեքսով բաղադրիչը: Արդյո՞ք անվնաս են այս սննդամթերքները: Այս կամ այն սննդամթերքի բաղադրության պիտակի վրայի E տառը նշանակում է, որ սննդամթերքը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, իսկ թվային ինդեքսը` հավելման տեսակը: Նախկինում այդ քիմիական նյութերի անվանումները գրվում էին ամբողջությամբ, բայց տեղի սղության պատճառով փոխարինվել են տառաթվային ինդեքսով: E կոմպոնենտներից ոչ բոլորը, բայց շատերը առողջության համար խիստ վնասակար նշանակություն ունեն: Օրինակ` E 102-տարտրազինը` ներկանյութը, մեզ մոտ թույլատրվում է, բայց Եվրոպայում արգելվում է: Այն կարող է առաջացնել սննդային ալերգիա: Այս հավելումն օգտագործվում է հրուշակեղենի, պաղպաղակի, տարբեր գունավոր ըմպելիքների արտադրության մեջ: E 128 կարմիր ներկանյութը Red 2G-ի հետ ուռուցքածին նշանակություն կարող է ունենալ: Այն աղացած մսամթերքին ապահովում է վարդագույն երանգ (նրբերշիկ եւ այլն): Այն համարվում է գենոթունավոր միացություն: Այսինքն` գեներում այն կարող է առաջացնել փոփոխություններ: Red 2G ներկանյութի բաղադրությամբ մթերքները` հատկապես էժանագին երշիկներն ու նրբերշիկը, կարող են առաջացնել ուռուցքային հիվանդություններ, պտղի զարգացման անոմալիաներ, բնածին ախտաբանական երեւույթներ:

E 216, E 217 հավելումները եւս բացասաբար են ազդում օրգանիզմի վրա: Դրանք կարող են առաջացնել սննդային թունավորումներ: Այս տեսակի հավելումներ են պարունակում միջուկով շոկոլադե սալիկները, կիսապատրաստուկները, հատկապես սուպերն ու արգանակները:

E 250 նատրիումի նիտրատը, որը ներկանյութ է, թույլատրվում է օգտագործել, օրինակ, Ռուսաստանում, բայց արգելվում է Եվրոպայում: Օրգանիզմում այն առաջացնում է թթվածնային քաղց` հիպօքսիա, նվազեցնում է օրգանիզմում վիտամինների քանակը, ազդում է երեխաների նյարդային համակարգի վրա եւ կարող է պատճառ հանդիսանալ ուռուցքային հիվանդությունների առաջացման համար: Նատրիումի նատրիտ պարունակող մթերքներն են՝ բեկոնը՝ հատկապես տապակած, նրբերշիկը, ապխտած միսը, ծխեցրած միսն ու ձուկը:

E 400-499 ինդեքսով հավելումները խտանյութերն են, որ հիմնականում օգտագործվում են յոգուրտներ ու մայոնեզ պատրաստելու համար: Դրանք առաջացնում են մարսողական համակարգի հիվանդություններ: E հավելումների մի մեծ ցանկ կա, որ կարելի է նշել, թե ինչ քայքայիչ ազդցություն են ունենում մեր առողջության վրա:

Գազալցված ըմպելիքներից, օրինակ` Coca-Cola ֆիրմայի արտադրանքը պարունակում են ասպարտամ E 951 հավելումները, որը սինթետիկ շաքարափոխարինիչ է, եւ որն ազդում է գլխուղեղի թաղանթի վրա: Հանրահայտ «Dirol» մաստակը պարունակում է E 414 խտանյութը, որն առաջացնում է աղեստամոքսային տրակտի հիվանդություններ: Հավելանյութեր են պարունակում ալկոհոլ պարունակող էներգետիկ ըմպելիքները: «JAGUAR» ըմպելիքը պարունակում է ներկանյութ: Իսկ չիպսերի ու պաքսիմատների մասին խոսելն ավելորդ է: «Lays» չիպսը պարունակում է մեծ քանակությամբ խտանյութեր, իսկ «Pringles»-ը պարունակում է էմուլգատոր, այսինքն` այնպիսի մի նյութ, որը լուծում է իրար չլուծվող մթերքները, օրինակ` յուղն ու ջուրը: Իսկ ահա մեզ շատ հայտնի «Alpen Gold» շոկոլադե սալիկը պարունակում է արհեստական ստաբիլիզատորներ:

Իսկ ընդհանրապես բոլոր պաստեղ տեսակի ու մաստականման կոնֆետները, չուպա-չուպսերը համարվում են առողջության համար վնասակար սննդամթերք: Բացի շատ քանակությամբ շաքարից, սրանց մեջ մեծ է քիմիական հավելանյութերի տոկոսը: Չիպսերը, ինչպես եգիպտացորենի, այնպես էլ կարտոֆիլի, ոչ այլ ինչ են, քան ածխաջրի ու ճարպի խառնուրդ` պատրաստված համի փոխարինիչներով: Նույնը կարելի է ասել երեխաների այնքան սիրած «ֆրիի» մասին: Քաղցր գազալցված խմիչքները շաքարի, քիմիական նյութերի ու գազի խառնուրդ են: Օրինակ, Coca-Cola-ն ժանգ ու կեղտաբծեր մաքրելու լավ միջոց է: Այնպես որ` նման հեղուկը երեխաներին տալուց առաջ պետք է մտածել: