«Ներման» գործա՞րք

10/12/2008

«Նախագահ Սերժ Սարգսյանի` դեկտեմբերի 3-ին ստորագրած հրամանագրով ներում է շնորhվել երեք դատապարտյալների` Էդվարդ Աշուղյանին, Արման Մարգարյանին եւ Արթուր Նազանյանին, ովքեր դատապարտվել էին 3-3.5 տարվա ազատազրկման մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցության` Ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու եւ այլ բռնի գործողություններ իրականացնելու համար»,- սա նախագահի մամուլի քարտուղար Ս. Ֆարմանյանի պատասխանն է «Առավոտ» օրաթերթի հարցին` «Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ Հանրապետության նախագահի հրամանագրով ներում է շնորհվել մարտի 1-ի գործով անցնող երեք դատապարտյալների»: Ֆարմանյանը նաեւ ասել է՝ «Հանրապետության նախագահը ներման հրամանագիր ստորագրելու որոշում կայացնելիս հաշվի է առել ինչպես տվյալ դատապարտյալների կողմից նախագահին ուղղված ներման խնդրագրերը, այնպես էլ նախկինում դատապարտված չլինելու, քրեական գործի եւ այլ` ընտանեկան հանգամանքներ: Հանրապետության նախագահը մշտապես պատրաստ է եղել դիտարկելու ներման խնդրագրերը: Այսօր եւս այս մոտեցումներում փոփոխություններ չկան»: Հիշեցնենք, որ հատկապես վերջին շաբաթվա ընթացքում բազմաթիվ տեղեկություններ են ստացվում այն մասին, որ քաղբանտարկյալների հետ նման գործարքներ կնքելու ամենատարբեր փորձեր են արվում` նաեւ ճնշումներ գործադրելու միջոցով: