Երեկ Երեւանի քաղաքապետարանը մերժել է դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, «Իրավունքի եւ ազատության կենտրոնի» կողմից ներկայացված երթ կազմակերպելու իրազեկումը: Իրազեկումը մերժելու վերաբերյալ տեղեկատվությունը երթի կազմակերպիչները ստացել են ոչ պաշտոնական աղբյուրներից. թեեւ կազմակերպությունը Երեւանի քաղաքապետարանին իրազեկել է 6 օր առաջ, քաղաքապետարանից պաշտոնական պատասխան չեն տվել: Իսկ երթի մասնակիցները Հյուսիսային պողոտայից պետք է շարժվեին դեպի Գլխավոր դատախազություն, ընդ որում` մայթերով, առանց քաղաքի երթեւեկությանը խոչընդոտելու: Իշխանությունները, փաստորեն, արդեն ավելորդ ձեւականությունների հետեւից չեն ընկնում` մանկական միջոցառումներ կամ գրքի ցուցահանդեսներ չեն կազմակերպում: Եվ «ազնվորեն» արգելում են երթ անել ի պաշտպանություն մի բանի, որը Հայաստանում գոյություն չունի: Ավելի ճիշտ` որը ոչնչացվել է նույն իշխանությունների կողմից: