Պանթեոնում

10/12/2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, ականավոր գիտնական, մի շարք ակադեմիաների եւ միջազգային ընկերությունների անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարիս Հերունու մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ: Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում, ժ.12:00-14:00-ը տեղի կունենա վերջին հրաժեշտն ականավոր գիտնականին, այնուհետեւ հուղարկավորության արարողությունը` Երեւանի քաղաքային պանթեոնում: Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ակադեմիկոս Պարիս Հերունու մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել նրա ընտանիքին, որտեղ ասված է. «Պարիս Հերունին այն երախտավորներից էր, ում տաղանդի ու աշխատանքի շնորհիվ ճշգրիտ գիտությունների հայկական դպրոցը վերահաստատեց իր առաջատար դիրքը: Նրա պրպտումների ու ուսումնասիրությունների արդյունքները վերաճեցին գիտության առանձին ենթաճյուղերի: Ականավոր գիտնականը նաեւ կազմակերպական մեծ կարողություններով օժտված գործիչ էր: Նրա նպատակը գիտելիքի նոր բարձունքների նվաճումն էր, իսկ հավատամքը` անմնացորդ ծառայելը գիտությանը, հայրենիքին ու մեր ժողովրդին: Կորստի այս ծանր պահին ցավակցություն եմ հայտնում Պարիս Հերունու հարազատներին, մերձավորներին եւ գործընկերներին»: