Կուստուրիցան օսերի մասին ֆիլմ է նկարահանելու

10/12/2008

Հայտնի սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան պատրաստվում է վավերագրական ֆիլմ նկարահանել Հյուսիսային Օսեթիայի մասին: Այդ մասին նա պայմանավորվածություն է ձեռք բերել Մոսկվայում, որտեղ բանակցել է Հյուսիսային Օսեթիայի ներկայացուցիչների հետ: Սցենարի հիմք կհանդիսանան Փարիզում բնակվող օս լրագրողուհու հուշերը: Վրաստանն այդ նորությանը շատ կրքոտ է արձագանքել` ասելով, որ այդ ֆիլմն օբյեկտիվ չի լինի, ու Ցխինվալում տեղի ունեցած ռազմական գործողությունները կարտահայտեն միայն Ռուսաստանի տեսակետը: Պատերազմները, ազգային ինքնության ու արտագաղթի թեմաներն այսօր շատ արդիական են, եւ կինոն` լինելով ամենամասսայական ու դիտարժան արվեստի տեսակը, միշտ էլ անդրադարձել է դրանց: Եվ այստեղ շատ կարեւոր է ճիշտ պահին վավերագրական ֆիլմ ստեղծելու պատվեր կատարելը: Մանավանդ, երբ պատվերը տրվում է Կուստուրիցայի նման հայտնի ու հեղինակություն վայելող ռեժիսորի: Եվ թեեւ վրացի կինոգործիչները հորդորում են նրան «ազնիվ» ֆիլմ ստեղծել, այսուամենայնիվ, հասկանում են, որ հենց իրենք պետք է նման ֆիլմ նկարահանեին ու ցուցադրեին վրացիների, օսերի ու ռուսների փոխհարաբերությունները: