Երեկ Հելսինկիում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության արտգործնախարարների հանդիպման ընթացքում ներկայացվել է Եվրոպայի անվտանգության մասին պայմանագրի մշակման Ռուսաստանի նախաձեռնությունը: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի լիագումար նիստում` ներկայացնելով Եվրոպայի անվտանգության պակտի գաղափարը, ասել է, թե նման պայմանագրի կնքումը կբարելավի համաշխարհային կայունությունը: «Մենք կարծում ենք, որ Եվրոպական անվտանգության պայմանագիրը դրական ազդանշան կլինի Եվրաատլանտյան տարածաշրջանից դուրս գտնվող երկրների համար: Ես վստահ եմ, որ մեր տարածաշրջանի կայունության խնդիրն ավելի հաստատուն հիմքերի վրա դնելով` մենք կցրենք այն կասկածները, թե (մեր երկրներից) որեւէ մեկը կարող է սպառնալիք ներկայացնել արտաքին գործընկերների համար»,- ըստ «Ռոյթերզ» գործակալության` հայտարարել է Սերգեյ Լավրովը: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ իր աջակցությունն է հայտնել Եվրոպական ապահովության նոր պայմանագրի մշակման ռուսաստանյան նախաձեռնությանը: «Ակնհայտորեն Եվրոպան նոր ապահովության համակարգի կարիք ունի, որը հաշվի կառնի բոլոր առկա խնդիրները,- ըստ ՀՀ ԱԳՆ տարածած մամուլի հաղորդագրության` ասել է Էդվարդ Նալբանդյանը,- Ահա թե ինչու մենք աջակցում ենք Եվրոպական անվտանգության պայմանագրի մշակման նպատակով խորհրդաժողով գումարելու նախաձեռնությանը»: Ռուսաստանի նախաձեռնությունը սատարում են նաեւ Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Ի դեպ, ըստ գործակալության` արեւմտյան մի շարք երկրներ սառնությամբ են ընդունել Ռուսաստանի առաջարկը: Ամերիկյան պաշտոնյաները, մասնավորապես, նշել են, որ Եվրոպական անվտանգության պայմանագրի առաջարկով Ռուսաստանը փորձում է թուլացնել ՆԱՏՕ-ն: