ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության վերջին նիստի ժամանակ նախարարներին ու պետական գերատեսչությունների ղեկավարներին զգուշացրել է, որ չշտապեն ծախսել 2008թ. բյուջեից հատկացրած այն գումարները, որոնք դեռ չեն հասցրել ծախսել: Վարչապետի այս հայտարարությունը տնտեսական ճգնաժամի արդեն զգալի ազդեցության հետեւանքներից է, կամ, ինչպես պաշտոնյաներն են սիրում ասել, «ուղղված է ճգնաժամի ազդեցությունը մեղմելուն»: Իսկ տնտեսական շրջանակներում արդեն նույնիսկ սկսել են խոսել սեկվեստրի` բյուջեի ծախսերի կրճատման մասին: Մինչդեռ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը վարչապետի այս հայտարարության ու տնտեսական ճգնաժամի միջեւ սերտ կապ չի տեսնում: «Նախարարներն ու գերատեսչությունները հաճախ ունենում են ծախսեր, որոնք կատարած չեն լինում եւ դրանք տեղափոխում են այլ հոդվածների` աշխատավարձի, պարգեւատրումներ տալու կամ գույք ձեռք բերելու վրա: Վարչապետն ասել է, թե հիմա նպատակահարմար չի, որ նման բաներ անեն»,- ասում է Պ. Սաֆարյանը:
Տ. Սարգսյանը նաեւ հայտարարել է. «եթե կան ծախսեր, որոնք չեն նպաստելու համախառն ներքին արդյունքի աճին, չի բացառվում, որ հրաժարվենք այդ ծախսերից»:
Պ. Սաֆարյանը, սակայն, այս հայտարարության համար էլ ուներ իր մեկնաբանությունը եւ գտնում է, որ «ծախսեր կրճատելու որեւէ այլ անհրաժեշտություն չկա ու չի էլ կարող լինել»:
«Նման խնդիր ոնց որ թե դրված չէ դեռեւս, որ բյուջեն վերանայեն ու ինչ-որ ծախսեր կրճատեն: Իհարկե, եթե հանկարծ պարզվի որ ինչ-որ մի ծախս արդյունավետ չէ, կկրճատենք: Նման խնդիր ոչ միայն 2009թ., այլ նախորդ տարիների համար էլ նախատեսված է եղել, բայց նման բաներ քիչ են լինում: Բյուջեն վերջերս է ընդունվել, եւ վերանայելու անհրաժեշտություն չկա: Ֆինանսական ճգնաժամը մեզ մոտ դեռեւս այնպիսի խնդիր չի դրել, որ ինչ-որ ծախսեր կրճատենք»,- պնդում է ֆինանսների փոխնախարարն ու ավելացնում, թե դեկտեմբերի 1-ի դրությամբ այս տարվա 11 ամիսների հարկահավաքման պլանը նույնիսկ գերակատարվել է 400 մլն դրամով: Սակայն պրն Սաֆարյանի ներկայացրած այս պատկերը փոքր-ինչ խամրեց, երբ ֆինանսների փոխնախարարը խոստովանեց, որ ֆինանսական ճգնաժամը, այնուամենայնիվ, Հայաստանի վրա էլ որոշակի ազդեցություն ունեցել է: Նա նաեւ ավելացրեց, որ տնտեսական ճգնաժամն ազդելու է Հայաստանի հանքարդյունաբերության վրա: Իհարկե, իրականում այդ ոլորտն արդեն գրեթե կաթվածահար վիճակում է: Արդեն բազմաթիվ խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկություններում շրջանառության ծավալների եւ աշխատատեղերի մեծամասշտաբ կրճատումներ են եղել, որովհետեւ հանքային հումքի գները կտրուկ նվազել են: Եվ առայժմ պարզ չէ` այս ոլորտում ստեղծված ճգնաժամը կանգ կառնի՞, թե՞ դեռ էլի կխորանա: Իսկ մեր երկրի արտադրության, արտահանման եւ այդպիսով՝ հարկերի հավաքման զգալի մասը բաժին էր ընկնում այս ոլորտին: Մեր զրույցի ընթացքում պարոն Սաֆարյանը հավելեց, թե ճգնաժամն իր ազդեցությունը կթողնի տնտեսության բոլոր ճյուղերի վրա:
Հիշեցնենք, որ այս շաբաթ բազմաթիվ արտադրողներ նշել են, որ արդեն բավականին կրճատվել են իրենց արտադրության, նաեւ՝ արտահանման ծավալները: Իսկ արտադրության, նաեւ՝ սպառման ծավալների կրճատումը նշանակում է՝ հարկերի կրճատում, ինչն էլ, ի վերջո, հանգելու է բյուջեի եկամուտների հավաքագրման թերակատարմանը:
«Բյուջեի վրա ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը կարող է լինել այն, որ եկամուտները կրճատվեն, եւ դժվար լինի նախատեսված ծախսերի կատարումը: Այդ առումով մենք բավականին ռեզերվներ ունենք: Իհարկե, որոշակի չափի ֆինանսական ճգնաժամի հետեւանքների դեպքում նոր սեկվեստրի (ծախսերի կրճատման) մասին կարելի է խոսել: Բայց այսօրվա դրությամբ այդպիսի ռիսկ չկա: Եթե հանկարծ հարկերը չհավաքվեն, մենք ունենք մուտքեր, որոնցով կկարողանանք կոմպենսացնել: Օրինակ, այս տարվա, նախորդ տարիների տնտեսած գումարները կառավարությունը կարող է օգտագործել հաջորդ տարվա համար որպես մուտք, ոչ թե եկամուտ»,- ասում է Պ.Սաֆարյանը:
Իսկ տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն, օրինակ, գտնում է, որ մեր տնտեսության առաջ կանգնած սպառնալիքներից դեռ շատ քչերն են դրսեւորվել: Այդ իրավիճակին հանգեցրած այլ պատճառների թվում պրն Ասատրյանը նշում է այս տարվա նախագահի ընտրություններն ու դրան հետեւած զարգացումները: «Այս տարի դեռ մեր անխելքության ճգնաժամն է: Ես բազմաթիվ անգամներ նշել եմ, որ իրացվելիությունը բանկային համակարգում նվազել է, կա նաեւ արտաքին ռեզերվների, արտարժութային միջոցների նվազում: Մի երկիր, որտեղ իշխանությունները գնդակահարում են սեփական ժողովրդին, համարվում է անհուսալի երկիր: Եվ պոտենցիալ ինվեստորները պիտի փորձեն խուսափել այդ երկրից` այն, ինչ որ արդեն տեղի է ունեցել: Իշխանությունները հատուկ են ուզում աչքերը փակել բոլոր այս երեւույթների վրա, բայց սա է իրականությունը: Ոչ մեկը չի խոսում տնտեսության վրա քաղաքականության ազդեցության մասին: Մենք ֆինանսական ճգնաժամի դեռ առանձին դրսեւորումների հետ ենք գործ ունեցել: Մասնավորապես՝ պղնձի, մոլիբդենի գնի նվազման հետ, որը մեր տնտեսության վրա ազդեցություն թողել է: Բայց սա դեռ առաջին ազդեցությունն է, եւ ես կարծում եմ, որ գալիք տարի մարտ-ապրիլ ամիսներին մենք լուրջ խնդիրներ կունենանք, երբ նկատելի կդառնա տրանսֆերտների նվազումը»,- ասում է Բ.Ասատրյանը:
Տնտեսագետի կարծիքով՝ այս պայմաններում ճգնաժամի ազդեցության մեղմացման համար կարեւոր նշանակություն կունենա տնտեսության ստվերային հատվածի կրճատումը: Նույնիսկ պաշտոնյաներն են խոստովանում, որ մեր երկրի տնտեսության մոտ 50 տոկոսը ստվերում է: «Ստվերային շրջանառության միջոցներն ուղղվում են սեփականատերերի ու չինովնիկների գրպանները: Իսկ այս պայմաններում ստվերային տնտեսությունը հարկման դաշտ բերելով` զգալիորեն կմեղմացնեն ճգնաժամի ազդեցության հետեւանքները»,- ասում է Բ. Ասատրյանը: