Մահացել է Ալեքսի II-ը

07/12/2008

Երեկ 80 տարեկան հասակում վախճանվել է Ռուս ՈՒղղափառ եկեղեցու Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը: Ինչպես հաղորդել է Մոսկվայի պատրիարքարանի մամուլի ծառայության ղեկավար Հայր Վլադիմիր Վիգիլյանսկին, Ալեքսի Երկրորդը վախճանվել է առավոտյան` Պրեդելկինոյի իր նստավայրում: Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը Ռուս Ուղղափառ եկեղեցին ղեկավարել է 1990 թվականից: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պատրիարք Ալեքսի II-ի մահվան պատճառով հետաձգել է դեկտեմբերի 6-ին նախատեսված այցն Իտալիա եւ երեկ Հնդկաստանից վերադարձել է Մոսկվա: Ալեքսի II մահվան կապակցությամբ Դ. Մեդվեդեւին ցավակցական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Հայաստանում գիտեին, սիրում եւ խորապես հարգում էին Նորին Սրբությանը: Նա մեծ ավանդ ներդրեց Ռուս Ուղղափառ եւ Հայ Առաքելական եկեղեցիների միջեւ կապերի զարգացման գործում: Մենք հիշում եւ բարձր ենք գնահատում Կովկասում խաղաղության ամրապնդմանն ուղղված նրա ջանքերը»,- ասված է ուղերձում: Ցավակցական ուղերձներ են հղել նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: