ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային խորհրդակցության է հրավիրել հայաստանյան առեւտրային բանկերի ղեկավարներին:
Նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` Ս. Սարգսյանն ասել է, թե խորհրդակցության նպատակը համաշխարհային տնտեսական ճգնաժամի խորացման պայմաններում անելիքների ճշգրտումն է` բնականաբար, հաշվի առնելով նաեւ բանկային համակարգի կարծիքը: «Ի պատիվ մեր բանկերի, մենք կարողացանք առանց լուրջ վնասների դիմակայել ճգնաժամի առաջին ալիքին: Կարծում եմ, դա առաջին հերթին պայմանավորված էր ձեր խոհեմ քաղաքականությամբ` թե միջոցների ներգրավման, թե դրանց տեղաբաշխման հարցերում: Բազմիցս լսել եմ մարդկանց կարծիքը, թե իրենք վստահում են հայկական բանկերին: Սա, անշուշտ, առավելություն է, եւ մենք պետք է կարողանանք այն առավել արդյունավետ օգտագործել: Ներկայումս, երբ ֆինանսական ճգնաժամին հաջորդեց նաեւ տնտեսականը, մենք ձեզ հետ միասին պետք է կարողանանք արդյունավետ միջոցներ ձեռնարկել, սնուցել տնտեսության այն ճյուղերին, որոնք կարող են շահույթ ապահովել, զարգանալ եւ նոր աշխատատեղեր ստեղծել: Իսկ այդպիսի բիզնեսներ Հայաստանում կան: Կան ծրագրեր, եւ այդ ծրագրերը, նույնիսկ քիչ ֆինանսավորման, վարկավորման պայմաններում կարող են իրականություն դառնալ: Առաջին հերթին, բնականաբար, նկատի ունեմ փոքր եւ միջին բիզնեսը: Այս խնդիրներում դուք շատ ակտիվ պետք է լինեք: Իրոք, մեր բանկային համակարգը պետք է դառնա փոքր եւ միջին բիզնեսի կենարար աղբյուր: Սա պետք է լինի ձեր հիմնական նպատակը, եւ այս գործում, բնականաբար, դուք կստանաք պետության աջակցությունը: Մենք պետք է խթանենք արտահանումը»,- ասել է Ս. Սարգսյանը: Նա նաեւ նշել է, թե Հայաստանում կան բազմաթիվ գործոններ, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները: «Մենք չենք կարող մեկուսացված մնալ, չենք կարող հայտարարել, որ համաշխարհային ճգնաժամը չի ազդելու Հայաստանի տնտեսության վրա, բայց կան բազմաթիվ գործոններ, որոնք հնարավորություն են տալիս նվազագույնի հասցնել ճգնաժամի հետեւանքները: Շատ ավելի դժվարին ժամանակահատվածներ են եղել պետության կայացման փուլում, տնտեսության մեջ, եւ սա ամենից ծանր շրջանը չէ»,- ասել է Ս. Սարգսյանը: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էլ անդրադարձել է 2008թ. ընթացքում բանկային համակարգում տեղի ունեցած զարգացումներին եւ ներկայումս նկատվող միտումներին` ասելով, թե` «համակարգն առանձնանում է կապիտալիզացիայի եւ իրացվելիության բարձր մակարդակով, որի արդյունքում այն կայուն է եւ ունակ` կլանելու մի շարք ռիսկեր»: ԿԲ նախագահի հավաստմամբ` տարեսկզբից մի շարք բանկերում արձանագրված կանոնադրական կապիտալի համալրումը ներկայումս եւս շարունակվում է, ինչպես նաեւ վերջին ամիսներին նկատվում է ֆիզիկական անձանց ավանդների աճ: Ըստ նրա` «բարելավվել են նաեւ առեւտրային բանկերի հարաբերությունները միջազգային կազմակերպությունների հետ, միայն վերջին ամիսներին կնքվել են 80 մլրդ դրամի պայմանագրեր, որոնք բոլորը երկարաժամկետ ֆինանսական միջոցներ են»: «Խորհրդակցության մասնակիցները համակարծիք են եղել, որ մեր երկրի մրցակցային եւ հարաբերական առավելությունների ճիշտ օգտագործումը հնարավորություն կտա մեղմել ճգնաժամի հետեւանքները»,- ասված է ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: