Դժվար է այլեւս հասկանալ, թե ինչ նպատակով են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները շարունակում Ղարաբաղի խնդրի հանգուցալուծմանը միտված բանակցություններն անցկացնել գաղտնիության եւ խորհրդավորության քողի տակ: Տեղեկատվության այն պատառիկները, որոնք նրանց յուրաքանչյուր հանդիպումից հետո, ըստ պատեհության, շրջանառության մեջ են դրվում Հայաստանի կամ Ադրբեջանի ԶԼՄ-ներում եւ պաշտոնյաների ելույթներում, ավելի են խճճում խնդրի լուծումը առանց այդ էլ պարզ չպատկերացնող ժողովուրդներին: Ի վերջո, յուրաքանչյուր կողմ պնդում է, որ առաջարկվող լուծումից շահում է հատկապես ի՛ր երկիրը: Բավական է լսել ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի ելույթներն իշխանությունների դիվանագիտական աննախադեպ ճկունության մասին, եւ թվում է, որ հայկական կողմը հերթական ջախջախիչ հաղթանակն է տանելու Ղարաբաղի խնդրի կարգավորման այս փուլում:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը: Քաղաքական ուժերը, ԶԼՄ-ները բացահայտ նշում են, որ նման շուտափույթ որոշման նպատակն է՝ հանրաքվեի դնել Ղարաբաղի խնդիրը: Դատելով այն փութաջանությունից, որով կառավարությունն ԱԺ-ին էր պարտադրել նախագիծը՝ հանրաքվեն պիտի որ շատ չուշանա: Իսկ քվեաթերթիկի մեջ, հասկանալի է, պետք է լինեն հարցեր, որոնք արդեն ակնհայտ կդարձնեն բանակցությունների ողջ ենթատեքստը: Այդ դեպքում, կրկնենք, հասարակությանն օր առաջ տեղյակ պահելու փոխարեն, թե ինչ հնարավոր լուծումներ է տեսնում բանակցային ողջ գործընթացին եւ արդյունքներին տիրապետող Հայաստանի նախագահը, ինչ կարող է այս հանրաքվեից շահել Ղարաբաղը, հակառակը՝ արվում է ամեն ինչ՝ հասարակությանն ապակողմնորոշելու ուղղությամբ:
Այն, որ Ղարաբաղի խնդրի լուծումը Հայաստանի ղեկավարությունը փորձում է դնել Հայաստանի ժողովրդի ուսերին, ինչ-որ առումով գուցեեւ հասկանալի է, բայց միայն՝ ինչ-որ առումով: Հիշենք, թե ինչպես էինք մենք՝ հայաստանցիներս, դժգոհում, որ երկքաղաքացիության ընդունման դեպքում սփյուռքահայ մեր հայրենակիցները, ովքեր բնակվում են բնավ ոչ Հայաստանի Հանրապետությունում, իրավունք են ունենալու քվեարկել եւ որոշել, թե ով պետք է լինի մեր երկրի նախագահը: Այսինքն՝ մենք դեմ էինք, որ այլ երկրում բնակվող հայերը մեզ հետ հավասար քվեարկեն եւ ընտրեն Հայաստանի իշխանություններին: Նույն տրամաբանությունն աշխատում է նաեւ այս դեպքում: Այո, Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է, Ղարաբաղի համար Հայաստանը բազմաթիվ զոհեր է տվել եւ բազում զրկանքներ կրել, սակայն Ղարաբաղի կարգավիճակի, ազատագրված տարածքների վերադարձի հարցը որքան Հայաստանի անվտանգության խնդիրն է, տասնապատիկ՝ Լեռնային Ղարաբաղի եւ ղարաբաղցիների կյանքի եւ մահու խնդիրը: Եվ, որ ամենակարեւորն է, հանրաքվեի արդյունքներն այս անգամ հօգուտ ո՞ր լուծման կկեղծվեն, եւ ինչպե՞ս դրան կարձագանքեն արդեն իրենք՝ ղարաբաղցիները:
Այստեղ է արդեն խիստ կարեւորվում Հայաստանի իշխանությունների, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի լեգիտիմության հարցը՝ որքանով է նա պատրաստ ազնիվ լինել եւ սեփական կարգավիճակի խնդիրը չգերադասել Հայաստանի եւ Ղարաբաղի քաղաքական շահերից:
Այն, որ հասարակության կարծիքը հանրաքվեի միջոցով ճշտելու հերթական փորձն է արվելու, ամենեւին չի ոգեւորում հայաստանցիներին. ընտրությունները, հանրաքվեի բազում փորձերը փաստում են, որ ժողովրդի կարծիքը գրոշի արժեք չունի, եւ այդ միջոցառումները կատարվում են ամենեւին ոչ ժողովրդի կարծիքը ճշտելու, ապա եւ հարգելու նպատակով: Այնպես որ, անվստահության այն մթնոլորտը, որ, տասը տարուց ավելի է՝ գործում է Հայաստանում, ստեղծել է մի վիճակ, երբ անկախ նախաձեռնության դրդապատճառներից՝ Հայաստանի նախագահին եւ կառավարությանը հասարակության գոնե մեծ մասը քրոնիկ չի հավատում: Ի դեպ, ժողովրդի հավատը շահելու համար իշխանությունները, որպես կանոն, սկսում են գործել ճիշտ հակառակ կողմից. իբր, հանրաքվեի միջոցով, սիրելի՛ հայ ժողովուրդ, քեզ եւ միմիայն քեզ եմ վստահում Ղարաբաղի հարցը: Ղարաբաղի խնդրի հանգուցալուծումից առաջ երկրի ղեկավարը պետք է որ լրիվ այլ կարգի քայլերով փորձեր ցույց տալ, որ ժողովրդի կարծիքն իր համար ինչ-որ արժեք ունի: Նախ՝ չենք ձանձրանա կրկնել, որ քաղաքական հայացքների համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ մեկուսարաններում գտնվելու փաստն արդեն լուրջ անվստահություն է այս իշխանությունների հանդեպ: «Բջնի» գործարանի հանդեպ բարբարոսական վերաբերմունքն ակնհայտ է դարձնում, որ կայացած մի գործարանի լուծարումը, 400-ից ավելի աշխատակիցների ճակատագիրը ստորադասվում է երկրի նախագահի վրեժխնդրությանը: Այդ դեպքում ի՞նչ երաշխիք, որ Հայաստանի կամ Ղարաբաղի ժողովրդի ըմբոստության դեպքում չի աշխատի նույն փոքրոգությունը կամ վրեժխնդրությունը: Գուցե մասշտաբնե՞րն են տարբեր: Հնարավոր է: Եվ հետո Արցախի ժողովուրդը վերջին տասնհինգ տարիների ընթացքում այսքան նվաստացած եւ արհամարհված չի եղել, որքան Հայաստանի հասարակությունը, եւ պահպանել է արժանապատվության գիտակցությունն ավելի, քան հայաստանցիներս: Թեեւ Հայաստանի լուռ համաձայնությունը, որ Արցախը որպես բանակցային կողմ այդպես էլ չի ընդգրկվում գործընթացի մեջ, եւս նվաստացուցիչ է եւ հարված մեջքից:
Կրկնենք, որ ՀՀ նախագահի կասկածելի լեգիտիմությունը, նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների եւ հանրաքվեների նախադեպերը ցույց են տալիս, որ ժողովրդի ձայնը երբեք չի կարեւորվել: Բացառությունները հաստատում են օրինաչափությո՞ւնը: Հուսանք՝ գոնե Ղարաբաղի կարգավիճակի հարցում այդպես կլինի: