Կառավարական լոտո

07/12/2008 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

2009թ. բյուջեից 1.5 մլրդ դրամ է տրամադրվելու ՀԴՄ կտրոններով վիճակախաղ անցկացնելու համար: Դրանով կառավարությունն ուզում է իբր թե շահագրգռել քաղաքացիներին, որպեսզի նրանք հանուն վիճակահանության՝ խանութներում գնումներ կատարելիս պահանջեն ՀԴՄ կտրոններ: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնելու այդ վիճակախաղը: Այս մասին է մեր զրույցը Պետական եկամուտների կոմիտեի հարկային հաշվառման բաժնի պետ Արթուր Մկրտչյանի հետ:

– Ինչպե՞ս է նախատեսվում անցկացնել ՀԴՄ կտրոնների վիճակախաղը:

– Աշխարհում այս տիպի վիճակահանություններն անցկացվում են երկու ձեւով: Առաջին, երբ որ սպառողները հավաքում են կտրոնները, փաթեթներ են սարքում, հանձնում են նախատեսված մարմիններին, եւ այդ փաթեթների միջեւ իրականացվում է վիճակահանություն: Մեզ թվում է, որ այս տարբերակը Հայաստանում չէր աշխատելու, որովհետեւ լրացուցիչ աշխատանք էր պահանջում սպառողներից` հավաքել, բերել հանձնել, բացի այդ, վստահության խնդիր կա: Մարդիկ կարող են կասկածել վիճակահանության անցկացման անաչառությանը: Այս ձեւով արեցին Վլադիվոստոկում եւ երկու ամիս հետո ընդհատեցին: Բայց մենք ընտրել ենք մյուս մեխանիզմը: Այն շատ ավելի մատչելի է մեր բնակչության համար այն առումով, որ մարդուց միայն պահանջվում է գնումներ կատարելիս պահանջել կտրոնը եւ նայել, որ գումարը ճիշտ արտացոլվի: Չեմ ուզում այս վիճակահանությունը համեմատել վիճակախաղի հետ, որովհետեւ սպառողը մտադրված չի գնում մտնում ազարտի մեջ ու խաղում, այլ միայն պահանջում է կտրոնը: Բարձր գաղափարներով մարդուն չես կարող համոզել, թե՝ գնա ՀԴՄ կտրոն պահանջի, որ հարկերը վճարվեն, բյուջեն մեծ լինի, քո հայրը կամ մայրը ավելի մեծ թոշակ ստանան: Պետական ներգործության միջոցներ նույնպես կան` ստիպելու տրամադրել ՀԴՄ կտրոնը տուգանքների կիրառմամբ, բայց սա միշտ չէ, որ իր դրական արդյունքն է տալիս:

– Վստա՞հ եք, որ վիճակահանության այս մեխանիզմը կգործի, եւ բոլորը կպահանջեն ՀԴՄ կտրոնները:

– Չեմ ուզում ասել, որ հաստատ բոլորը կպահանջեն: Բայց եթե որեւէ մեկը չի պահանջում (օրինակ` առեւտուր անելիս իր պատվից ցածր է համարում ՀԴՄ կտրոն պահանջելը), համոզված եղեք, որ աշխատողը կտրոնը տպելու ու դնելու է իր գրպանը: Որովհետեւ նա գիտի, որ հնարավոր է` 5 միլիոն շահողը հենց այդ կտրոնն է: Իսկ սեփականատերը եթե հանկարծ նրան հարցնի, թե ինչու ես այսքան ՀԴՄ տպել, նա կպատասխանի, որ սպառողներն են պահանջել: Այսինքն` կտրոնը միանշանակ տպվելու է, եւ հարկերի հավաքման համար էլ կարեւորը սա է, ոչ թե այն, թե ում մոտ ի վերջո կհայտնվի այդ կտրոնը:

– Փոխվելո՞ւ են արդյոք գործող ՀԴՄ-ները եւ տրվող կտրոնները: Չէ՞ որ այսօր տրվող կտրոնների վրայի գրվածները հազիվ 1 ամիս են պահպանվում:

– ՀԴՄ-ների ծրագիրը մենք չենք կարող փոխել, շուրջ 40 հազար ՀԴՄ ունենք, հո չե՞նք կարող ստիպել, թե՝ վերցրեք դրանք փոխեք: Բայց ժապավենները փոխվելու են, լինելու են ավելի բարձր որակի: Ժապավենների դարձերեսին գրված կլինեն 8 հատուկ համարներ: Մենք մրցույթ ենք հայտարարելու ժապավենների վաճառքի թույլտվություն սահմանելու համար, կհաղթի այն կազմակերպությունը, որն առավելագույնս կհամապատասխանի ներկայացվող պահանջներին: Օրինակ` 60 աստիճան ջերմության պայմաններում չպետք է վնասվի գրվածի 75 տոկոսից ավելին: Ժապավենների վաճառքի թույլտվություն պետք է տրվի մեկ կազմակերպության, որովհետեւ անվտանգության, կեղծիքների դեմ պայքարի, համարների կրկնության խնդիրներ կան: Հայտատուները պետք է ներկայացնեն նաեւ վաճառքի գինը եւ ինքնարժեքի հաշվարկը: Հաղթողն իրավունք չունի գերազանցելու հայտով ներկայացված վաճառքի գինը:

– Ի՞նչ պարբերությամբ է անցկացվելու վիճակահանությունը, եւ որ դեպքում ինչ չափի շահումներ են նախատեսվում:

– Վիճակահանությունն անցկացվելու է հեռուստատեսությամբ, ամիսը մեկ, յուրաքանչյուր ամսվա համար տպված ՀԴՄ չեկերի համար, ամսվան հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը: Լինելու են արկղեր, դրանց միջից հանվելու են գնդեր, որոնց մեջ գրված են 1-9 թվանշանները: Այս ամենը կազմակերպելու է հանձնաժողովը, որ շատ ներկայացուցչական կազմ է ունենալու` արդարադատության, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարի, Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներ, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, Սպառողների շահերի ու Վաճառականների միության ներկայացուցիչներ: Եթե համընկնում են առաջին 4 թվերը, ուրեմն 5 հազար դրամ արդեն շահել է, 5-ի դեպքում` 20, 6-ի դեպքում` 50, 7-ի դեպքում` 500 հազար դրամ, իսկ 8-ի դեպքում` 5 միլիոն դրամ: Երրորդ վիճակահանությունից սկսած լինելու է նաեւ բոնուս: Այսինքն` որպեսզի գնորդները շահագրգռված լինեն, որ վաճառքի ողջ գումարը տպվի, քանի հատ հազար դրամ կա այդ շահած կտրոնի վրա` այդքան անգամ մեկ տոկոսի չափով կստանան լրացուցիչ գումար: Օրինակ, եթե շահել է 5 միլիոն, կտրոնի գումարը, ասենք, 20 հազար երկու հարյուր է, այսինքն` կա 20 հատ հազար, ուրեմն 20 անգամ 1%՝ կլինի 20%, հետեւաբար՝ 5 միլիոնի 20 տոկոսի չափով` մեկ միլոն դրամ, լրացուցիչ գումար կտրվի շահողին: Բոնուսի գումարը, սակայն, չի կարող գերազանցել մայր պարգեւավճարի գումարը, այսինքն` եթե 5 հազար ես շահել, ընդամենը 10 հազարից ավելի չես կարող ստանալ:

– Ինչ սկզբունքով է բաշխվելու վիճակահանության համար նախատեսված տարեկան 1.5 միլիարդը ամիսների կտրվածքով, եւ այդ գումարի որ մասն է տրամադրվելու կազմակերպչական ծախսերին:

– Յուրաքանչյուր ամսվա համար գումարի հայտը ներկայացնելու է վիճակահանություն իրականացնող հանձնաժողովը: Ֆինանսների նախարարությանը մենք արդեն տվել ենք ծախսերի նախահաշիվը 1 տարվա կտրվածքով: 115 միլիոն դրամ նախատեսվում է յուրաքանչյուր ամսվա զուտ վիճակահանության համար, տարվա համար կլինի մոտ 1 միլիարդ երեք հարյուր միլիոն: Բայց այդ գումարը, այսպես ասած, ավելցուկով է, որովհետեւ հնարավոր է, որ մեկ ամսվա ընթացքում մարդիկ այնքան շատ պահանջեն, որ գա նաեւ հաջորդ ամսվա համար նախատեսված խմբաքանակից: Հակառակ դեպքում, երբ շահումները քիչ լինեն, կամ կտրոնը կորի, ճղվի, չբերեն, չբաշխված գումարները կտեղափոխվեն հաջորդ ամսվա վիճակահանության ֆոնդի վրա: Բոնուսի համար նախատեսված գումարները նույնպես այդ 115 միլիոնի մեջ են, բայց ամեն ամսվա չբաշխված գումարները նույնպես տրվելու են որպես բոնուս: Մնացած մոտ 200 միլիոնի զգալի մասը կգնա կազմակերպչական ծախսերին, գովազդին, ստուդիայի կահավորմանը, հեռուստաժամին եւ այլն: Այնպես որ, տարեկան ողջ ծախսերը 1.5 միլիարդի չեն էլ հասնի: