Դակեցին, ինչպես եւ սպասվում էր

06/12/2008

Երեկ Ազգային ժողովը 87 «կողմ», 7 «դեմ», 2 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը: Օրինագծին դեմ էին քվեարկել ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության 7 պատգամավորները, ձեռնպահ էին քվեարկել Հակոբ Հակոբյանը («Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատերը) եւ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը: Օրինագծի երկրորդ ընթերցումը տեղի կունենա այսօր: Հիշեցնենք, որ այդ առաջարկով կառավարությունը ուզում է «պետական կյանքի կարեւոր հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե անցկացնելու» իրավունք ստանալ: Կառավարությունը օրինագիծն ուղարկել է ԱԺ՝ առաջին քվեարկությունից հետո 24 ժամվա ընթացքում երկրորդ ընթերցումը կազմակերպելու հրատապ պայմանով: «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը դիմել է ԱԺ-ին՝ օրինագծի երկրորդ քննարկումն ու քվեարկությունը ոչ թե հրատապ կերպով, այլեւ ավելի երկար ժամանակում անցկացնելու առաջարկով: Լ.Ալավերդյանը հույս ունի, որ ԱԺ-ն այսօր կքննարկի նախ իր առաջարկը: «Առաջին ընթերցման քննարկումների ժամանակ հնչեցին Սահմանադրության հետ հակասություններ ունենալու մասին կարծիքներ ոչ միայն մեր, այլեւ ՀՅԴ պատգամավորների կողմից: Բավականին շատ առաջարկություններ հնչեցին: Ես նախ ուզում եմ՝ հնարավորություն ստեղծվի օրինագիծն ավելի ուշադիր քննարկելու համար»,- ասում է Լ.Ալավերդյանը: Պատգամավորը նաեւ ցանկանում է կառավարությանը հարցնել` արդյոք օրինագիծը ուղարկվե՞լ է Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանը: