Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը Բաքու կատարած այցելության ժամանակ «զարմանք» է արտահայտել Ադրբեջանի ընդունած նոր որոշման առիթով, որի արդյունքում 2009 թվականի հունվարի 1-ից կսահմանափակվի «Ազատություն», BBC եւ «Ամերիկայի Ձայն» ռադիոկայանների հեռարձակման հնարավորությունը: «Ադրբեջանի կառավարությունը պետք է հասկանա, որ խոսքի ազատությունը կարեւորագույն եվրոպական արժեքներից է»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ հայտարարել է Թերի Դեւիսը` խոստանալով խնդիրը քննարկել ադրբեջանցի պաշտոնյաների հետ: Հիշեցնենք, որ հոկտեմբերին Ադրբեջանի Ազգային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի ղեկավար Նուշիրվան Մագերամլին հայտարարել էր, որ օրենքի համաձայն՝ արտասահմանյան ռադիոկայանները պետք է դադարեցնեն հեռարձակումը տեղական հաճախություններով, սակայն կարող են շարունակել իրենց հաղորդումները ինտերնետով, արբանյակային եւ կաբելային ալիքներով: