Հիշո՞ւմ եք՝ մարտիմեկյան դեպքերից հետո ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ինչպես էր զգուշացնում, որ տեղի ունեցածը բացասաբար է ազդելու մեր տնտեսության, հատկապես՝ զբոսաշրջության վրա։ Նա նշում էր, որ մի շարք «տուր-պակետներ» արդեն իսկ հետաձգվել են։
Հետո էստաֆետն իր ձեռքը վերցրեց այն ժամանակվա՝ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը՝ ասելով, որ զբոսաշրջիկներին վախեցնում են դեպքերի մասին պատմող այն կադրերն ու հոլովակները, որոնք ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհները տեղադրում են ինտերնետում։ Իհարկե, պրն Երիցյանն այն ժամանակ չասաց, թե ինչպե՞ս էին իրենք որոշել, որ զբոսաշրջիկներին վախեցրել են հենց այդ կադրերը, եւ ոչ թե Հ1-ով ցուցադրված տեսարանները, կամ հենց արտակարգ դրության փաստն ինքնին։
Ինչեւէ, կարեւորը դա չէ, այլ այն, որ այդ մտավախությունները, կարծես, իրականացան։ Ըստ պաշտոնական վիճակագրության, 2008թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան են ժամանել 402.223 զբոսաշրջիկներ՝ 2007թ. նույն ժամանակաշրջանի 370.731 հոգու դիմաց։ Աճը կազմել է 8.5 տոկոս։ Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի աճի ցուցանիշը կազմել է 33.8%։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մեծ մասը՝ 345.5 հազարը, նախընտրել է հանգրվանել բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում եւ նման այլ կացարաններում։ Հյուրանոցներում հանգրվանել են 56 հազար 654 զբոսաշրջիկներ։ Նշենք, սակայն, որ հյուրանոցում հանգրվանողների թիվն ավելի արագ տեմպերով է աճում՝ 28 տոկոսով, մինչդեռ բարեկամների տունը նախընտրողների թիվն աճել է 5.8 տոկոսով։
ՀՀ ժամանած զբոսաշրջիկների աշխարհագրությունն էլ բավականին հետաքրքիր է։ Տեսակարար կշռով առաջին տեղում ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկներն են՝ 21.8%։ Նրանց հաջորդում են Ռուսաստանից (17.1%) եւ Ֆրանսիայից (12.2%) ժամանածները։ ԱՊՀ երկրներին, ընդհանուր առմամբ, բաժին է ընկնում Հայաստան ժամանակ զբոսաշրջիկների 23.1%-ը, Եվրամիության երկրներին՝ 37.9%-ը։
Ինչ վերաբերում է զբոսաշրջիկների թվի աճին՝ ըստ տարբեր երկրների, ապա այս տարվա առաջին 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է Վրաստանից (62.1%-ով) եւ Իրանից (51.9%) ժամանած զբոսաշրջիկները թիվը։ Իսկ աճի առումով, որքան էլ զարմանալի լինի, առաջին տեղում Թուրքիայից ժամանածներն են. նրանց թիվն աճել է 85.5%-ով։
Անդրադառնանք նաեւ ցուցանիշներին՝ ըստ զբոսաշրջության նպատակների (տվյալներն արտացոլում են միայն հյուրանոցներում եւ հյուրանոցային հանգրվաններում հաշվառված զբոսաշրջիկներին)։ Այսպես, 56.654 զբոսաշրջիկներից 20.739-ը (կամ 36.6%-ը) Հայաստան են այցելել` գործնական, 16.4%-ը՝ հանգստի եւ ժամանցի, 0.3%-ը՝ բուժման, եւ 46.6%-ը՝ այլ նպատակներով։
Փաստորեն, անգամ պաշտոնական վիճակագրությունն ընդունում է, որ զբոսաշրջության աճի տեմպերը մի քանի անգամ նվազել են։ Իշխանությունները կարող են ասել՝ տեսա՞ք, բա որ ասում էի՞նք։ Սակայն ոչ ոք այդպես էլ չի ասի՝ ի՞նչն ավելի շատ վախեցրեց զբոսաշրջիկներին՝ «youtube» վիդեո-պորտալում տեղադրված հոլովակնե՞րը, թե՞ Հ1-ի արբանյակային հեռարձակմամբ տարածվող կադրերը։ Թեեւ, ընդհանրապես, հարցական է՝ զբոսաշրջիկները վախեցե՞լ են, թե՞ պարզապես կորցրել հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ։ Իսկ եթե այնուամենայնիվ վախեցել են, ապա ինչի՞ց՝ մարտիմեկյան դեպքերի մասին պատմող տեսանյութերի՞ց, թե՞ մեր հյուրանոցների ու հանգստյան տների սահմռկեցուցիչ գներից, որոնք, դոլարի արժեզրկման պատճառով, ավելի են սարսափեցնում տուրիստներին։ Փոխարժեքն, ի դեպ, վերջին շրջանում կայուն է՝ մեկ դոլարի գինը տատանվում է 305-310 դրամի սահմաններում։ Կարելի՞ է արդյոք լավատեսություն ունենալ՝ հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաեւ այն, որ ընդդիմությունը դադարեցրել է հանրահավաքները, եւ մեր իշխանություններն էլ ցանկանում են Ջերմուկը դարձնել զբոսաշրջության կենտրոն։ Իհարկե, կարելի է հուսալ, որ այդպես կլինի, եւ իշխանություններն էլ կհավաստեն, որ վերածվելու ենք զբոսաշրջության կենտրոնի։
Իսկ եթե զբոսաշրջիկները, այնուամենայնիվ, վազելով չգան մեր գիրկը՝ դրա հիմնավորումն «էս գլխից» կա՝ համաշխարհային ճգնաժամը։ Հաշվարկներ կանեն ու երկար, դժվարամարս նախադասություններով կհիմնավորեն, թե ֆինանսական միջոցների պակասն ինչպե՞ս կրճատեց Հայաստան այցելողների թիվը։
Իսկ հետաքրքիր է՝ ինչպե՞ս կազդի Հայաստան այցելող զբոսաշրջիկների վրա «Հայփոստի» տնօրեն Հանս Բոոնի բաց նամակը, որն ընթերցելիս մարդ կարող է տպավորություն ստանալ, որ Հայաստանը մարդակերների երկիր է։ Հայաստան այցելել ցանկացող քանի՞ հոլանդացի ետ կկանգնի իր մտքից՝ այդ նամակին ծանոթանալուց հետո։ Կամ ի՞նչ ազդեցություն կունենա միջազգային հանրության վրա պաշտոնական հաղորդագրությունը, որ Հայաստանի 3 քաղաքացի շահել են դատը Եվրոդատարանում, եւ կառավարությունը պետք է նրանց փոխհատուցում վճարի՝ ոստիկանների կոպիտ վերաբերմունքի համար։ Ինչպե՞ս կազդեն «Օդնոկլասսնիկի» սրճարանում կատարված սպանությունը, «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանի վրա կատարված հարձակումը եւ բազում այլ դեպքերն ու միջազգային տարբեր կազմակերպությունների զեկույցները, որոնցում Հայաստանը պատկերվում է ամենամռայլ գույներով։ Կազդի միջազգային ճգաժամից ոչ պակաս, բայց այդ մասին ոչ մի խոսք, ոչ մի հաշվարկ չի հնչի՝ դրանում կարող եք համոզված լինել։