Ճգնաժամի՝ արդեն տեսանելի հետեւանքները

06/12/2008 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Թեեւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը շատ փորձագետների ու վերլուծաբանների կարծիքով՝ Հայաստանի տնտեսության վրա կազդի հիմնականում 2009թ. գարնանը, սակայն մեր անշարժ գույքի շուկան այդ ազդեցությունն արդեն զգացել է եւ շարունակում է զգալ:

ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վերջերս հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հոկտեմբերին անշարժ գույքի օտարման գործարքների թիվը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ նվազել է 16.7%-ով, իսկ այս տարվա սեպտեմբերի նկատմամբ` 6.2%-ով: Սա՝ այն դեպքում, երբ օտարման գործարքների թիվը 2007թ. հոկտեմբերին 2006թ. հոկտեմբերի համեմատ աճել էր 27.7%-ով, իսկ 2007թ. սեպտեմբերի նկատմամբ՝ 18.3%-ով: Օտարման գործարքների ավելի քան 80%-ը բաժին է ընկնում առքուվաճառքի գործարքներին, մնացածը` նվիրատվություններին ու փոխանակություններին: Սովորաբար ամեն տարի Հայաստանում անշարժ գույքի օտարման գործարքների թիվը համեմատաբար քչանում է հունվար ամսին եւ շատանում փետրվարից սկսած: Այս տարի այդ օրինաչափությունը պահպանվել է միայն հունվար եւ փետրվար ամիսներին եւ խախտվել է մարտ ամսից սկսած: Մարտին օտարման գործարքների թիվը նախորդ տարվա մարտ ամսի համեմատ նվազել է 15.4%-ով, իսկ փետրվարի նկատմամբ` 7.4%-ով: Սա, անշուշտ, առաջին հերթին նախագահական ընտրությունների եւ մարտի 1-ի արյունալի իրադարձությունների հետեւանքն էր: Մինչդեռ 2007թ. մարտին օտարման գործարքները նախորդ ամսվա նկատմամբ աճել են 13.4%-ով, իսկ 2006թ. մարտի համեմատ` 21.2%-ով: Ընդհանրապես 2007թ. անշարժ գույքի շուկայում օտարման գործարքների թիվը ամեն ամիս աճել է երկնիշ թվով` բացառությամբ մայիսի, երբ խորհրդարանական ընտրությունների պատճառով շուկան սպասողական վիճակում էր: Այս տարվա ապրիլից մինչեւ հուլիս օտարման գործարքների թիվը դրսեւորել է, այսպես ասած, անկանոն վարք` համեմատաբար փոքր չափով յուրաքանչյուր ամիս աճելով կամ նվազելով: Իսկ օգոստոսից սկսել է կտրուկ նվազել նախորդ տարվա համապատասխան ամիսների նկատմամբ: Այսինքն` անկայուն ներքաղաքական իրավիճակին գումարվեց Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը: Օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին օտարման գործարքների թիվը 2007թ. օգոստոսի եւ սեպտեմբերի նկատմամբ նվազել է համապատասխանաբար 21.9%-ով եւ 7.9%-ով՝ այն դեպքում, երբ 2007թ. նույն ամիսներին օտարման գործարքների թիվը 2006թ. համապատասխան ամիսների նկատմամբ աճել էր 19.6%-ով եւ 25.2%-ով: Ինչպես նշեցինք, նույն է պատկերը նաեւ այս տարվա հոկտեմբերին: Այսքանից հետո դեռ կան մարդիկ, որոնք համառորեն պնդում են, թե ճգնաժամը Հայաստանի վրա կազդի միայն 2009թ. գարնանից: Իհարկե, բացի օտարումից, անշարժ գույքի շուկայում իրականացվում են նաեւ այլ գործարքներ` վարձակալություն, գրավադրում, առաջնային գրանցում, ժառանգության գրանցում եւ այլն: Սակայն քաղաքական ու տնտեսական իրադարձություններին արագ արձագանքողը եւ գործարքների մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեն օտարման գործարքները: Վարձակալության գործարքները (ինչպես եւ առաջնային գրանցումը) կարող են ազդվել համաշխարհային ճգնաժամից համեմատաբար ավելի ուշ: Այդ պատճառով վարձակալության գծով գործարքների թիվը ինչպես հոկտեմբերին, այնպես էլ 2008թ. հունվարից սեպտեմբեր յուրաքանչյուր ամիս աճ է արձանագրել նախորդ տարվա համապատասխան ամիսների նկատմամբ: Հոկտեմբերին վարձակալական գործարքների աճը 2007-ի հոկտեմբերի համեմատ կազմել է 1.2%, իսկ նախորդ ամսվա` 2008թ. սեպտեմբերի նկատմամբ՝ 33.9%: Իսկ գործարքների մյուս տեսակների վրա (բացառությամբ հիպոթեքային գրավադրման, որը կազմում է ընդհանուր գրավադրման հազիվ 10%-ը) ավելի շատ ազդում են բոլորովին այլ գործոններ: Գրավադրման գործարքների աճը կարող է վկայել այն մասին, որ մարդկանց եկամուտները կրճատվել են եւ նրանց փող է պետք, ինչը նույնպես անկայուն իրավիճակի հետեւանք է: Իսկ ժառանգության հետ կապված գործարքների վրա ազդում են միանգամայն այլ գործոններ: Մի խոսքով, համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունն անշարժ գույքի շուկայում գնահատելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել օտարման գործարքները: Իսկ ընդհանրապես անշարժ գույքի նկատմամբ իրականացված բոլոր գործարքների քանակը (ներառյալ առաջնային գրանցումը, ժառանգությունը, գրավադրումը եւ այլն) 2008թ. հոկտեմբերին 2007թ. հոկտեմբերի համեմատ նվազել է 9.1%-ով, իսկ 2008թ. սեպտեմբերի համեմատ՝ աճել 10.0%-ով:

Ինչ վերաբերում է անշարժ գույքի գներին, նշենք, որ 2008թ. հոկտեմբերին Երեւանում, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քմ մակերեսի հաշվարկով՝ շուկայական միջին գները 2008թ. սեպտեմբերի համեմատ նվազել են 0.3 %-ով (2007թ. հոկտեմբերին այդ գներն աճել էին 1.8%-ով), իսկ անհատական բնակելի տների շինության 1քմ մակերեսի շուկայական միջին գները (ներառյալ՝ տնամերձի միավորի գինը) 2008թ. սեպտեմբերի համեմատ աճել են 0.7%-ով (2007-ին այդ ցուցանիշն աճել էր 1%-ով): Մարզերում 2008թ. հոկտեմբերին հանրապետության բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2008թ. սեպտեմբերի համեմատ աճել են 2.1%-ով (նախորդ տարվա հոկտեմբերին աճը 3.2% էր), իսկ անհատական բնակելի տների շինության 1քմ մակերեսի շուկայական միջին գները (ներառյալ՝ տնամերձի միավորի գինը) 2008թ. սեպտեմբերի համեմատ՝ աճել են 1.6%-ով (նախորդ տարվա հոկտեմբերին աճը 2.3% էր): Այս տարի գների համեմատաբար ավելի կայուն մնալը գործարքների թվի կտրուկ նվազման պայմաններում ցույց է տալիս, որ անշարժ գույք վաճառողները դեռեւս չեն ցանկանում գները նվազեցնել եւ սպասողական վիճակում են: