Այս խելահեղ աշխարհը

06/12/2008 Էդուարդ ՆԱՂԴԱԼՅԱՆ

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառներից մեկն այն է, որ տնտեսությունը, ինչպես հայտնի է, դարձել է գլոբալ, մինչդեռ կարգավորիչ մեխանիզմները լոկալ են մնացել: Գլոբալ կարգավորիչ մեխանիզմներ համաշխարհային հանրությունն այդպես էլ չմշակեց:

Փաստորեն, գլոբալ տնտեսությունը մնաց հսկողությունից դուրս եւ անցավ գեներացիայի ռեժիմի: Ուստի, կառավարությունների ներկայիս ջանքերն ուղղված են գլոբալ կարգավորման հենց այդ կանոնների համատեղ մշակմանը, քանի որ, ինչպես պարզվեց, ոչ մի երկիր միայնակ չի կարող վերահսկել գլոբալ շուկան: Կհաջողե՞ն արդյոք այս ջանքերը: Անձամբ ինձ մոտ այդ առումով լուրջ կասկածներ հայտնվեցին: Սոմալիի ծովահենների պատճառով:

Սա ուղղակի անհավատալի է: XXI-րդ դարում ծովահենների մի խմբակ ահաբեկում է, ըստ էության, ամբողջ աշխարհը եւ նրան թելադրում իր կամքը: Լիակատար անպատժելիությունը եւ փրկագին վճարելու հնազանդ պատրաստակամությունը հանգեցրին նրան, որ ծովահենները անչափ հանդգնեցին: Եթե առաջ նրանք հարձակվում էին փոքր նավերի վրա, ապա այժմ չափը նշանակություն չունի: Տասնյակ նավեր ու հազարավոր մարդիկ պատանդ են վերցված, ձեռնարկությունները հսկայական կորուստներ են կրում: Սակայն, գործը միայն դրանում չէ: Ի՞նչ կլիներ, եթե բռնազավթված սաուդյան բեռնանավը վնասվեր եւ միլիոնավոր բարել նավթն օվկիանոս թափվեր: Դա համաշխարհային մասշտաբի աղետ կլիներ, ինչն արդեն կվերաբերեր բոլորին: Կարելի էր հավաքել ճամպրուկները եւ տեղափոխվել այլ մոլորակ, եթե այն լիներ: Անհեթեթ է, սակայն այդ վտանգը պահպանվում է մինչ այսօր: Այս ամենը նշանակում է, որ ի դեմս ծովահենության՝ մենք գործ ունենք իսկական գլոբալ վտանգի հետ:

Եվ ի՞նչ: Պարզվում է, որ այդ վտանգի առաջ համաշխարհային հանրությունը բացարձակապես անզոր է: Պարզվում է, որ ծովահենների դեմ պայքարի որեւէ մեխանիզմ գոյություն չունի: Թեեւ, թվում է, թե ավելի հեշտ բան չկա` ծովային տերությունների ռազմածովային ուժերը վերջապես հիանալի հնարավորություն ստացան արդարացնելու իրենց անիմաստ գոյությունը եւ թեկուզ մեկ անգամ որեւէ օգտակար գործ կատարելու` պաշտպանելով ծովային առեւտրային ուղիները (առավել եւս, որ բոլորին լավ հայտնի են ծովահենների նավերի անուններն ու տեղակայումը): Բայց ոչ, ցինիկաբար պատասխանում են վայ-զինվորները` իսկ ո՞վ պետք է վճարի Ադենի ծովածոցը պարեկելու համար (կարծես թե մյուս ծովերում պարեկումն անվճար է): Բացի այդ, ցինիկաբար շարունակում են նրանք, իրենք ավելի կարեւոր (!!!) գործեր ունեն: Այսինքն, մեծահասակ թերզարգացածները չեն ուզում շեղվել իրենց առօրյա ռազմախաղերից, մոռանալով, որ իրենց գոյությունը կախված է հենց այն հարկատուների փողերից, որոնց այսօր թալանում են ծովում: Հասան նույնիսկ նրան, որ առեւտրային նավերին խորհուրդ տվեցին ինքնուրույն պահպանել սեփական անվտանգությունը, այսինքն` խեղդվողի փրկությունը հենց խեղդվողի գործն է:

Մյուս կողմից, ռազմածովայիններն իրավացի են, քանի որ նրանց ներկայությունն ամենեւին չի կաշկանդում ծովահեններին: Վերջիններս վարպետորեն խուսանավում են ռազմանավերի արանքում եւ հաշված րոպեների ընթացքում, նրանց քթի տակ պատանդներ են վերցնում, ինչից հետո ռազմածովայիններին մնում է միայն ձեռքերը թափահարել եւ ապուշի պես ժպտալ: Քանի որ, պարզվում է, ծովահենների վրա խորհուրդ չի տրվում կրակել (դա կարող է ազդել նրանց նյարդային համակարգի վրա ու բարկացնել), նրանց չի կարելի նաեւ գերեվարել (չէ՞ որ նրանք կարող են քաղաքական ապաստան խնդրել, իսկ Արեւմուտքը, ինչպես հայտնի է, ի վիճակի չէ դիմակայելու նմանատիպ խնդրանքներին): Եթե դուք որոշել եք, օրինակ, նավակողերը պաշտպանել էլեկտրական հոսանք կրող լարերով, ապա ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում դրանք բարձր լարման տակ դնել, քանի որ այն կարող է սպանել ծովահեններին (Եվրոպայում ցույցեր կարող են սկսվել` ի պաշտպանություն ծովահենների): Ընդհանրապես, ավելի լավ է նրանց վրա բրանդսպոյտներից ջուր ցանել կամ էլ խլացնել բարձր ձայնով: Այսպես, դանիացիները բռնեցին մի քանի ծովահենի եւգ անմիջապես բաց թողեցին: Դե, ինչպե՞ս այս պայմաններում ծովահեն չդառնաս: Ի դեպ, փրկագինը ծովահենները նախընտրում են ստանալ ոչ թե ինչ-որ տեղ, այլ Լոնդոնում, քանի որ Լոնդոնը միջազգային ֆինանսական կենտրոն էգ

Եվ ահա աբսուրդի թատրոնում հայտարարված է հերթական ակտը: Խոշորագույն ծովային փոխադրողները հայտարարել են նավերի երթուղու փոփոխության մասին` շրջանցելու համար Սուեզի ջրանցքը, ինչը կհանգեցնի բեռնափոխադրումների էական թանկացմանը: Սա ոչ այլ ինչ է, քան համաշխարհային հանրության լիակատար ու վերջնական կապիտուլյացիան ծովահենների առաջ: Ծովահենների խմբակին հաջողվեց ծնկի բերել աշխարհը, ինչի համար էլ մենք շնորհավորում ենք այդ համաշխարհային, իսկ ճիշտ կլինի ասել՝ իմպոտենտ հանրությանը: Ծովահենային մենեջմենթը շատ ավելի արդյունավետ դուրս եկավ ՄԱԿ-ի եւ նման այլ միջազգային կառույցների հակաճգնաժամային մենեջմենթից: Փորձագետները կարծում են, որ խնդիրը չի լուծվի նույնիսկ առաջիկա տարիներին: Վստահ եմ, որ նրանք միանգամայն իրավացի են: Ավելին, վիճակը կարող է կտրուկ վատանալ, քանի որ սոմալիական ծովահենների վատ օրինակը կարող է վարակիչ լինել համաշխարհային մասշտաբով` դրա բոլոր հետեւանքներով:

Այս ամբողջ պատմությունից եզրակացությունները տխուր են: Մենք ստեղծել ենք աշխարհակարգ, որտեղ ծովահենները (հավանաբար, այս բառի լայն իմաստով) իրենց ավելի հարմարավետ ու պաշտպանված են զգում, քան նրանց զոհերը: Ակնհայտ դարձավ նաեւ, որ համաշխարհային հանրությունն ընդունակ է միայն շատախոսելու ընդհանուր խնդիրների շուրջ, այլ ոչ թե դրանք լուծելու: Ավելին, ծովահենների մի փոքրիկ խմբի պատճառով միջազգային կազմակերպությունների այս ամբողջ խայտառակ քաշքշուկը լուրջ կասկածներ է հարուցում, թե համաշխարհային հանրությունն ի վիճակի է դիմագրավելու ոչ միայն այս, այլեւ մյուս գլոբալ վտանգները: Չէ՞ որ պարզվեց, որ իրականում գլոբալ խնդիրները կանխող որոշումների ընդունման համար ոչ մի մեխանիզմ չկա: Համաշխարհային հանրությունը լիովին գործում է ըստ հին ռուսական հայտնի ասացվածքի. «Մինչեւ ամպրոպը չճայթի, մուժիկը չի խաչակնքի»: Եվ դա պետք է համարել ամենամեծ գլոբալ վտանգը: Շնորհակալություն սոմալիական ծովահեններին, որոնք շատ պատկերավոր կերպով դա ցուցադրեցին:

«Դելովոյ էքսպրես»