Ապենդիքսը` որդանման ելունը, սահման է հանդիսանում բարակ եւ հաստ աղիների միջեւ: Կենդանի արարածներից ապենդիքս ունեն կրծողները, համարյա բոլոր գիշատիչները, կապիկն ու մարդը:
Մարդկային ապենդիքսի երկարությունը 5-15 սմ է: Ենթադրվում է, որ ապենդիքսի հիմնական ֆունկցիան բարակ աղին բակտերիաներից պաշտպանելն է, այն բակտերիաներից, որոնք տեղ են գտնում կույր աղիքում: Ապենդիքսի բորբոքումից առաջանում է ապենդիցիտ: Այս հիվանդությունը կարող է հանդիպել շատ հաճախ եւ գրեթե բոլոր դեպքերում պահանջում է վիրահատական միջամտություն:
Ապենդիցիտ կարող է լինել յուրաքանչյուրի մոտ` անկախ տարիքից ու սեռից: Այն կարող է կրել սուր կամ քրոնիկական բնույթ: Սուր տեսակն ավելի արագ է ախտորոշվում: Հանկարծակի ցավեր են սկսվում պորտի շրջանում, որը կարող է տարածվել դեպի աջ ոտքը, զգացվում է սրտխառնոց, երբեմն նույնիսկ հնարավոր է փսխում: 2-4 ժամ հետո ցավը կարող է ընդգրկել որովայնի համարյա կեսը` ավելի մոտ կույր աղիքին: Ցավն ավելի սաստկանում է շարժման ժամանակ, հազալիս, հատկապես՝ երբ փորձում եք պառկել ձախ կողմի վրա: Չեն բացառվում նաեւ աղիքային խանգարումները` փորլուծություն կամ փորկապություն: Բերանի մեջ զգացվում է չորություն, մարմնի ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչեւ 38 աստիճան: Պատահում է, որ բորբոքումը սահմանափակվում է` ընդգրկելով միայն լորձաթաղանթը, եւ ցավի նոպան հանգստանում է ինքն իրեն: Բայց ավելի հաճախ բորբոքումը զարգանում է` առաջացնելով ապենդիքսի պատերին թարախային պրոցես: Արդյունքում բակտերիաները տեղափոխվում են որովայնային շրջան: Խանգարվում է որդանման ելունի արյան շրջանառությունն, ու հյուսվածքները սկսում են մահանալ: Այս ամենը հանգեցնում է պերիտոնիտի` որը որովայնի թարախային բորբոքումն է:
Քրոնիկական ապենդիցիտը հանդիպում է հազվադեպ: Այն ախտորոշել կարող է միայն մասնագետը: Պարբերաբար կարող են ցավեր լինել որովայնի աջ շրջանում: Բայց նման ցավերի պատճառ կարող են հանդիսանալ երիկամային, աղիքային եւ գինեկոլոգիական հիվանդությունները: Բացառության կարգով, բայց հնարավոր է, որ ապենդիքսը հասնի մինչեւ ստամոքս կամ գտնվի թոքերի ետեւում: Այդ պատճառով որովայնի ցանկացած ցավի դեպքում առաջին հերթին պետք է բացառել ապենդիքսի բորբոքումը:
Մինչեւ վերջերս բժիշկները գտնում էին, որ ապենդիքսն ավելորդ թերաճած օրգան է, որը մարդու մոտ ժառանգություն է մնացել բուսակեր կենդանիներից, իսկ էվոլյուցիայի ընթացքում ամբողջությամբ կորցրել է իր նշանակությունը: Այդ պատճառով անցած դարի վերջում աշխարհում համատարած բնույթ սկսեց կրել ապենդիքսի հեռացումը` ապենդէկտոմիան: Սակայն վերջին գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ ապենդիքսն իմունային համակարգի շատ կարեւոր օրգան է, որը կատարում է աղիների «նշիկների» դեր: Այն պաշտպանում է աղիները բորբոքային պրոցեսներից ու սննդային ալերգիաներից: Այսօր ապենդիքսը հեռացվում է միայն ակնհայտ սուր բորբոքումների դեպքում:
Եթե վիրահատությունն անհրաժեշտ է, պետք չէ այն հետաձգել, որովհետեւ որդանման ելունի բորբոքված պատերը կարող են պատռվել ու վարակը տարածել ամբողջ որովայնով, իսկ այս դեպքում մարդու կյանքը կարող է մազից կախված լինել: Բոլոր բարդությունների պատճառը բժշկին ոչ ժամանակին դիմելն է: Այդ պատճառով սուր ապենդիցիտի փոքր կասկածի դեպքում անգամ պետք է զանգել «շտապ օգնություն»: Իսկ մինչեւ բժշկի գալը պետք է պառկել, չուտել ու չխմել: Փորի վրա պետք է սառցե պարկ կամ սառը մի բան դնել: Չի կարելի այդ պահին օգտագործել որեւէ լուծողական կամ հոգնա անել: Ձեռնպահ մնացեք ցավազրկող միջոցներից, քանի որ կլինիկական պատկերը ճիշտ չի լինի, իսկ այս դեպքում ամենափորձառու մասնագետն անգամ կարող է չհասկանալ՝ ինչն ինչոց է: Եթե ձեր ապենդիքսը հեռացվել է, տխրելու կարիք չկա: Բարեբախտաբար, դա միակ օրգանը չէ, որ պատասխանատու է օրգանիզմի իմունային համակարգի համար: Ապենդիքսի վիրահատությունը ծանր վիրահատություն չի համարվում, իհարկե, եթե պերիտոնիտ չի եղել: Այնպես որ, արդեն երկրորդ օրը կարելի է քայլել: