Բռնցքամարտը շուկայում գերիշխելու երաշխիք չէ

27/06/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Արտահանող տնտեսվարող սուբյեկտներն են՝ «Շանթ Պլյուս», «Թամարա» եւ «Գրանդ
Քենդի ՀՁ» ՍՊԸ-ները: Հանձնաժողովն արձանագրել է, որ 2004թ. իրացման
ամենամեծ ծավալն ունի «Շանթ Պլյուս» ՍՊԸ-ն, որը «Պաղպաղակ» ապրանքային
շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող: Սպառողների միության
նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքով, եթե ընկերությունը գերշահույթ է
ստանում եւ շուկայի գերիշխողն է՝ նշանակում է, ինչ-որ գործոններ
չարաշահելով է դրան հասնում, հետեւաբար դաշտում հավասար մրցակցային
պայմանները բացակայում են: Ըստ նրա, հարկավոր է գերիշխող ձեռնարկությունը
մասնատել, որպեսզի մրցակիցների համար այդ դաշտում արգելքներ չլինեն:
Առհասարակ շահարկվում է այն տեսակետը, թե «Շանթ» ֆիրման շուկայում
համարվում է գերիշխող, քանզի ֆիրմայի սեփականատեր, ծագումով ապարանցի Մելս
Հակոբյանը եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մտերիմներ են, հետեւաբար
Մ. Հակոբյանի կոմերցիոն հաջողությունները բացատրվում են իշխանական
լծակների օգտագործմամբ: Մինչդեռ «Շանթ» ֆիրմայի տնօրեն Վալերի Սարիկյանը
դա բացառում է՝ ասելով, որ ընկերության արտադրանքը շուկայում գերիշխում էր
դեռեւս այն տարիներին, երբ Ա. Հովսեփյանը դատախազի պաշտոն չուներ: «Այո՛,
Ա. Հովսեփյանն ու Մ. Հակոբյանն ապարանցի են ու լավ ընկերներ են: Եթե նրանք
միասին բոքս են պարապել՝ դա դեռ ոչինչ չի նշանակում: «Շանթը» շուկայում
գերիշխում է արտադրանքի բարձր որակի շնորհիվ: Մենք հումքերը՝ այն հիմնական
բաղադրիչները, որոնք պարունակում է պաղպաղակը, ներկրում ենք միանգամից
արտադրողից՝ չոր կաթը, կարագը, գետնանուշը: 2001 թվականից մթերման կետեր
ենք ստեղծել հանրապետության տարբեր շրջաններում, հիմնականում Արագածի
փեշերին՝ Թալինում, Ալագյազում, որտեղից նախնական մշակումից, սառեցումից
հետո էժան, տեղական հումքը տեղափոխում ենք Երեւան: Կարագի եւ չոր կաթի
դաշտում ներկրող ենք, վերավաճառողից գնելու փոխարեն՝ օգտագործում ենք մեր
ներկրած ապրանքը»: Պաղպաղակի շուկայում «Շանթ» ֆիրմայի արտադրանքի գինն
անհամեմատ ցածր է մյուս ֆիրմաների գներից, ուստի սպառողը նաեւ նախընտրում
է մատչելի գին ունեցող պաղպաղակ: Պրն Սարիկյանի հավաստմամբ, քանի որ իրենք
հումքը ձեռք են բերում էժան գնով, հետեւաբար ինքնարժեքը ցածր է լինում:
Հումքը ներկրվում է Ռուսաստանից, Մալայզիայից, Ուկրաինայից, Գանայից,
Դանիայից եւ այլ երկրներից: 2004թ. տվյալներով՝ իրացման ամենամեծ ծավալ
ունեցող «Շանթ» ֆիրմայի բաժինն ապրանքային շուկայի իրացման ծավալում
կազմում է ապրանքային շուկայի 1/3-ը, նրան հաջորդում են «Թամարա» ՍՊԸ-ն՝
30,6% եւ «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ն՝ 18,9%: «Շանթ» ֆիրմայի արտադրության պետ
Ռոբերտ Մեհրաբյանի խոսքերով՝ «Շանթ» ՍՊԸ-ն շատ զարգացած առաքման
ինֆրակառուցվածք ունի, ինչի շնորհիվ պաղպաղակ է առաքվում հանրապետության
բոլոր տարածքներում, իսկ դա իրացման ծավալները մեծացնում է: «Մեր
պաղպաղակը հասու է անգամ ամենախուլ գյուղերում եւ լավ է իրացվում,- ասում
է պրն Մեհրաբյանը: -Այո՛, շուկայում մենք այսօր գրավում ենք գերիշխող
դիրք, դա որոշել է Մրցակցության պետական հանձնաժողովը: Հանձնաժողովը
հետեւում է, որ մրցակցությունը ճիշտ իրականացվի, որպեսզի ընկերություններն
իրենց ոչ ճիշտ քաղաքականությամբ չկարողանան գերշահույթներ ստանալ, ազդել
գների վրա, ինչը գնում է մեր սպառողների հաշվին: Այսինքն՝ սպառողների
իրավունքների պաշտպանության միջոց է: Եթե վերլուծենք մեր
արդյունաբերության ճյուղերը, ապա կտեսնենք, որ ամենաքաղաքակիրթ
մրցակցությունը ծավալված է պաղպաղակի շուկայում: Ճիշտ է, «Թամարայի»,
«Աշտարակի» մրցակիցն ենք, բայց հարկ եղած դեպքում իրար օգնում ենք:

Պավել Ղալթախչյանը ապախոշորացնելու լիազորություն չունի

Ինչպե՞ս է վերաբերվում պրն Մեհրաբյանը Պավել Ղալթախչյանի այն
ձեւակերպմանը, թե շուկայում գերիշխողների հանդեպ պետք է կիրառվի
ապախոշորացում։ Ըստ նրա, հանձնաժողովն ապախոշորացման ֆունկցիաներ չունի,
ունի վերահսկողական ֆունկցիաներ այն օրենքների ու լիազորությունների
շրջանակներում, որոնք իրենց տրվել են: «Նա չի կարող մեզ թելադրել, ասել՝
դուք «Շանթ» եք եւ քանի որ գերիշխող եք, բաժանվեք երկու մասի,- ասում է
«Շանթ» ֆիրմայի արտադրության պետը: -Ես չգիտեմ՝ Պ. Ղալթախչյանն ի՞նչ նկատի
ուներ, ամենայն հավանականությամբ, նկատի ուներ այնպիսի ընկերությունների,
որոնք ներկրում են մի տեսակի արտադրանք եւ միակն են հանրապետությունում:
Դրանց մասին կարելի է մտածել. գուցե ապախոշորացնեն, կամ նոր մրցակիցներ
հայտնվեն դաշտում, միակը չլինեն, որպեսզի մյուսները նույնպես կարողանան
նույն գործունեությունը Հայաստանում ծավալել: Նա պաղպաղակի շուկան նկատի
չուներ, ես եղել եմ հանձնաժողովի նիստին եւ գիտեմ՝ պաղպաղակի շուկայի
մասին ինչ տրամադրություններ, կարծիքներ կան»: Բացի այդ, պրն Մեհրաբյանի
կարծիքով, հանձնաժողովը պաղպաղակի շուկայում ֆիզիկական ծավալներով է
տվյալներն արձանագրել, բայց եթե դիտարկենք գնային տեսանկյունից, այսինքն՝
վերածենք դրամի, ապա «Թամարան» եւս կհայտնվի այդ ցուցակում: Գնային
հաշվարկի դեպքում «Թամարան» «Շանթի» հետ պետք է գերիշխողի տիտղոսը կիսեր:

Ֆիրմային հեղինակազրկելու ժեստ

Պաղպաղակի շուկայում շատ արտադրողներ, կորուստ չկրելու համար, չվաճառված,
հնացած պաղպաղակը վերամշակում են կամ սպիտակ պաղպաղակը դարձնում են
շոկոլադե, որպեսզի սպառողը չկարողանա կողմնորոշվել: Իսկ «Շանթ» ֆիրմայի
տնօրեն Վ. Սարիկյանն ասում է, որ հնացած պաղպաղակ չի լինում: Կարող է
ներկրված պաղպաղակի մեջ բացառություններ լինեն: Թեեւ հնարավոր է, որ
մանր-մունր արտադրողների գործունեության մեջ նման երեւույթ լինի, քանի որ
չի բացառվում, որ նրանց համար սպառողի շահերը պաշտպանելու սկզբունքն
այնքան էլ կարեւոր չէ: Աշնանը պաղպաղակի արտադրությունները փակվում են,
որովհետեւ պահանջարկ չկա: Պաղպաղակի սեզոնը, արտադրության եւ իրացման
շրջանը սահմանափակվում է 120-150 օրով եւ պահպանման ժամկետը նույնպես
մոտավորապես այդ ժամկետն ունի՝ 4-5 ամիս: Համենայն դեպս, խոշոր
արտադրողները նման բան թույլ չեն տալիս:

Պաղպաղակի մակնիշումներն ապակողմնորոշում են

Համաձայն «Սպառողների ազգային պաշտպանության մասին» օրենքի եւ
«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի մասնավորապես 9-րդ հոդվածի՝
սննդամթերքի վրա պետք է պարտադիր կերպով մակնիշում լինի: Մակնիշման վրա
պետք է լինի արտադրության տարեթիվը եւ պիտանելիության ժամկետը, ինչն
անմիջականորեն կապված է սպառողի առողջության հետ: Եթե տվյալները պատշաճ
չեն, ուրեմն մեր առողջությունը վտանգի տակ է, ավելին, հասարակության
ամենախոցելի խումբը՝ երեխաներն, օգտվում են պաղպաղակից՝ առանց հաշվի
առնելու պատշաճ տեղեկատվությունը: Որպես վառ օրինակ՝ անհրաժեշտ է վերցնել
շուկայում իրացվող ցանկացած պաղպաղակ, որի մակնիշման վրա թեեւ արձանագրված
է պիտանելիության ժամկետը՝ 4-6 ամիս, բայց բացակայում է արտադրության
տարեթիվը: Այսպիսով, կողմնորոշվել, թե մատուցված պաղպաղակն իրականում
որքանով է համապատասխանում պիտանելիության ժամկետին, գրեթե անհնար է, քանի
որ նախորդ տարվա արտադրած ու չիրացված պաղպաղակը կարելի է հատուկ
պահպանման համար նախատեսված ջերմաստիճանային սառնարաններում պահպանել եւ
իրացնել հաջորդ տարում: Բացի դա, պետք է մակնիշման վրա նշված լինի
զտաքաշը, կալորիականությունը, էներգետիկ արժեքը եւ հավելումների ցանկը:
Մեզ մատուցած պաղպաղակի ընդհանուր շուկայի մասին Սպառողների միության
ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այսօր շուկան մեզ հրամցնում է
պաղպաղակի փրփուր: Տեխնոլոգիական հմտություններով, 100 գրամանոց պաղպաղակի
ծավալի մեջ, ասենք, ինչ-որ քանակություն կազմում է փրփուրը, որից կարելի է
մեծ ծավալի տպավորություն ստանալ եւ բաղադրությունը փոխելով՝ կարելի է
ծավալը կրկնապատկել, շահել: Ի դեպ, Սպառողների միության տրամադրած այս
հավանական չարաշահումները վերաբերում են պաղպաղակի արտադրություն
կազմակերպող ցանկացած ընկերության, որոնք առկա են մեր շուկայում: