Էլի Թուրքիայի մասնակցությամբ

04/12/2008

«Թուրք-հայկական հարաբերությունների բարելավումը դրական ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջան-Հայաստան բանակցությունների վրա»,- երեկ Բաքվում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը` նշելով, որ Թուրքիան հանդես է գալիս ԼՂՀ խնդրի կարգավորման քաղաքական լուծման օգտին` Մինսկի խմբի շրջանակներում: Նա նաեւ ասել է, որ դեկտեմբերի 4-5-ը Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայանալիք ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի ամենամյա նիստի շրջանակներում կհանդիպեն Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի ԱԳ նախարարները` քննարկելու տարածաշրջանում նոր համագործակցության ձեւաչափը: Բաբաջանը նշել է, որ Հելսինկիում հնգակողմ ձեւաչափով տեղի կունենա առաջին հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի Կովկասի համագործակցության եւ կայունության պլատֆորմը, որի նախաձեռնողը Թուրքիան Է: «Թուրքիայի նախաձեռնությամբ խաղաղության հաստատման ու ապահովման, ինչպես նաեւ Կովկասում առկա հակամարտությունների կարգավորման հիմք է ստեղծվում»,- ասել է Բաբաջանը եւ հավելել, որ հանդիպումից հետո կանցկացվի մամուլի ասուլիս, որտեղ պաշտոնապես կհայտարարվի համագործակցության նոր ձեւաչափի ստեղծման մասին: «Ներկայում այդ երկրների արտգործնախարարություններում քննարկվում են համագործակցության հիմքի ստեղծման տեխնիկական մանրամասները»,- նշել է Բաբաջանը, նշելով, որ հանդիպմանը յուրաքանչյուր կողմ կառաջարկի իր սկզբունքներն ու մտադրությունները, որոնք կարտացոլվեն Կովկասի համագործակցության եւ կայունության պլատֆորմում: Նա տեղեկացրել է նաեւ, որ Հելսինկիում կկայանա նաեւ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը: «Այդ հանդիպումից հետո ես առանձին հանդիպումներ կունենամ երկու նախարարների հետ»,- ասել է Ալի Բաբաջանը` նկատի ունենալով հնգակողմ հանդիպումը: