Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջանի Բուքիքիոն երեկ հայտարարել է, որ Կովկասի հակամարտությունները լուծելու համար բոլոր կողմերին հարկավոր է փոխզիջում գտնել: «Համաձայնության գալու համար պետք է միշտ փոխզիջման գնալ: Փոխզիջման գնալով, անշուշտ, հարկ է լինում ինչ-որ բան զոհաբերել: Հարկավոր է գտնել այնպիսի լուծում, որի դեպքում հակամարտության կողմերից ոչ մեկը դժգոհ չի մնա, եւ բոլորն էլ բավարար չափով գոհ կլինեն»,- «Թրենդին» տված հարցազրույցում ասել է Բուքիքիոն: Ըստ նրա` Վենետիկի հանձնաժողովը չի կարող լուծել սառեցված հակամարտությունները, քանի որ այն քաղաքական մարմին չէ, բայց կարող է օգնել եւ հեշտացնել դրանց լուծումը: «Որպեսզի մենք միջամտենք, պետք է մեզ դիմեն: Ցանկացած հակամարտության մեջ առնվազն երկու կողմ է լինում: Ինչ վերաբերում է Կովկասին, մեզ պետք է դիմեն երկու կողմերն էլ, կամ` ԵԱՀԿ Մինսկի խումբը: Միջազգային կազմակերպություններից բացի, կարող են գործել երկու երկրների նախագահները: Հաշվի առնելով ներկա իրադրությունը եւ այն, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների մանդատները նոր են, ես հավատում եմ, որ նրանք միասին վճռորոշ ազդակ կտան այդ հակամարտության լուծման համար»,- ասել է Վենետիկի հանձնաժողովի քարտուղարը: