Անցած լինի

04/12/2008

2008թ. պետական բյուջեի մասին օրենքով գնաճի նպատակային ցուցանիշը սահմանված է տարեկան 4% (+/-1.5%): Սակայն, այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արձանագրվել է 9.6% գնաճ` զգալիորեն գերազանցելով նպատակային ցուցանիշը: Մինչդեռ տարբեր պաշտոնյաներ ու իշխանական գործիչներ ժամանակ առ ժամանակ հայտարարում էին, որ 2008թ. գնաճի տարեկան արդյունքները (այսինքն` նաեւ նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների ցուցանիշները) անհամեմատ փոքր կլինեն: Օրինակ, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ հայտարարեց, որ 2008թ. գնաճը կկազմի գոնե 6%: Սակայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության` երեկ հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա հունվար-նոյեմբերին 2007թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ գնաճը կազմել է 9.3 %: Այնպես որ, իշխանությունների հույսը մնում է միայն դեկտեմբեր ամիսը, սակայն այս դեպքում, կարծում ենք, չի փրկի նույնիսկ հույսի` «վերջինը մեռնելու» մասին ժողովրդական մխիթարանքը: