«Կարծում ենք` ԼՂ հարցի կարգավորման արագացված պրոցես է սկսվել, եւ այն կհանգուցալուծվի սկզբունքների շուրջ որեւէ շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ»,- երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հայ Ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը` ավելացնելով. «Մոսկովյան հռչակագիրը նույնպես որոշակի սկզբունքների շուրջ պայմանավորվածություն էր, եւ առաջիկա ամիսներին կլինի եւս մեկ քայլ առաջ: Երբ ասում ենք, որ հանգուցալուծումը մոտ է, նկատի չունենք այն վերջնական մեծ պայմանագիրը, այլ այն, որը սահմանելու է, թե ինչ սկզբունքների հիման վրա է լուծվելու ԼՂ հարցը, այսինքն` այդ պայմանագրի ստորագրելուց հետո կողմերը համաձայնեցրած են լինում բոլոր հիմնական բաղադրիչները եւ անցնում են դետալների մշակմանը»: Իսկ հոկտեմբերի 17-ին 2 ամսով դադարեցված հանրահավաքների վերսկսումը ՀԱԿ-ը նպատակահարմար չի համարում: «Այսօրվա դրությամբ դեռեւս չկան նախադրյալներ կամ այնպիսի ծանրակշիռ հանգամանքներ, որ մենք որոշենք վերանայել հոկտեմբերի 17-ի` հանրահավաքները դադարեցնելու որոշումը»,- հայտարարեց Ա. Մուսինյանը: Ըստ նրա, հանրահավաքային պայքարի ժամանակավոր դադարն իրեն արդարացրել է, քանի որ ՀԱԿ-ը ներսից ավելի է հզորացել ու ամրացել: Ա. Մուսինյանը պատասխանեց նաեւ այն հարցին, թե արդյո՞ք հանրահավաքային դադարը իրեն արդարացրեց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի տեսանկյունից, հաշվի առնելով Կոնգրեսի կողմից բազմիցս քննադատված մայնդորֆյան հռչակագիրը: Ըստ նրա, հանրահավաքներ անելով՝ ընդդիմությունը չէր կարող խոչընդոտել ԼՂ հարցի կարգավորման` մեզ համար աննպաստ այդ զարգացումներին: «Մենք Ղարաբաղի հարցով բանակցությունները ո՞նց ձախողենք, գնանք համանախագահներին գողանա՞նք: Ժողովրդին որ հավաքենք, բանակցությունները կդադարե՞ն»,- հարցրեց Ա. Մուսինյանը` հավելելով, որ ընդդիմության ակտիվ հանրահավաքային պայքարն Արեւմուտքը կօգտագործեր իշխանությունից առավել մեծ չափով զիջումներ կորզելու համար: «Մեր դադարը պայմանավորված էր հետեւյալով. մենք զրկեցինք Արեւմուտքին՝ մեզ որպես գործիք օգտագործելու հնարավորությունից, ինչպես նաեւ հնարավորություն տվեցինք իշխանությանը` գնալ, ուժեղի դիրքերից բանակցել, ավելի լավ աշխատել: Հիմա մենք մեղավո՞ր ենք, որ մարդը չի կարող աշխատել: Դադարը արդարացրեց այն իմաստով, որ ժողովուրդը մեզ հասկացավ, եւ երկրորդ` իշխանությունը դեռ ունի այդ հնարավորությունը ինչ-որ բաներ շտկելու»,- ասաց նա: Ա. Մուսինյանը նաեւ նկատեց. «Այսօր Հայաստանը հարցադրումներն անում է ոչ թե ԼՂՀ համար մաքսիմալ անվտանգության երաշխիքներ, օգուտներ բերելու համար, այլ ՀՀ-ի կողմից բարձրացվող հարցերը վերաբերում են իշխանության պահպանմանը, լեգիտիմության ճանաչմանը, եւ դրա փոխարեն զիջվում են ՀՀ-ի շահերը: Եթե վաղը Սերժ Սարգսյանը գնա որեւէ ահավոր փաստաթուղթ ստորագրի, ընդդիմությունը անշուշտ կարձագանքի այնպես, ինչպես արձագանքեց այս մայնդորֆյան հռչակագրին»: Նա կրկնեց բազմիցս հնչած այն միտքը, որ ԼՂ ներկայացուցչի ստորագրության բացակայությունն այդ հռչակագրում մեզ համար խիստ վտանգավոր է եւ չի բացառում պատերազմի հնարավորությունը: «Մայնդորֆյան հռչակագրում մենք տեսել ենք էական նահանջ: Առաջին անգամ ստորագրվել է մի փաստաթուղթ, որտեղ Ղարաբաղը չկա»,- նշեց Ա. Մուսինյանը: Ըստ նրա, վտանգավոր է նաեւ այն ձեւակերպումը, թե հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերի եւ դրանց շրջանակում ընդունված փաստաթղթերի հիման վրա: «10 տարի շարունակ Ադրբեջանը կամաց-կամաց ընդունել տվեց մեզ համար աննպաստ փաստաթղթեր եւ այսպես ստեղծեց իրավական բազա: Եվ այսօր այդ բազան մոսկովյան հռչակագրով բերվեց դրվեց կարգավորման հիմքում»,- նշեց Ա. Մուսինյանը: «Ռ. Քոչարյանը, Վարդան Օսկանյանը, Արկադի Ղուկասյանը, մարտի 1-ի սպանդից հետո` Սերժ Սարգսյանը, Էդուարդ Նալբանդյանը. այս բոլոր մարդիկ պատասխանատու են ԼՂ հարցի կարգավորման բանակցություններում ստեղծված իրավիճակի համար»,- հայտարարեց նա: Ա. Մուսինյանը նաեւ շեշտեց, որ իշխանությունը չունի համարձակություն, կամք, որ բացատրի ժողովրդին, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում, եւ գերադասում է ժողովրդին մոլորեցնել: «Չլիներ հոկտեմբերի 17-ի Տեր-Պետրոսյանի ելույթը, ժողովուրդն այս հարցին ուշադրություն չէր դարձնելու: Մոսկվայի հռչակագրին բոլորը ծափ էին տալու, այս 50 հոգուն կենացներ ասելու համար Ս. Սարգսյանը չէր հավաքելու: Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 17-ին սահմանեց քաղաքական օրակարգը, ստիպեց բոլորին խոսել ԼՂՀ թեմայով»,- ասաց Ա. Մուսինյանը: Նա նաեւ նշեց, որ ՀԱԿ-ում կան տարբեր մոտեցումներ ԼՂ հարցի կարգավորման առումով, սակայն բոլորը համակարծիք են, որ Հայաստանը պետք է ընդունի ցանկացած որոշում, որը կընդունի ԼՂՀ ժողովուրդը: «Եթե ԼՂ ժողովուրդը ոտքի կանգնի ներկայիս սկզբունքների դեմ, մենք իրենց կսատարենք, եթե ընդունի այս որոշումը, մենք կհամաձայնվենք դրա հետ»,- հայտարարեց Ա. Մուսինյանը: Նա անդրադարձավ նաեւ ներքաղաքական խնդիրներին` նշելով, որ հավանաբար դեկտեմբերի 12-ին Կոնգրեսը կանցկացնի բաց համաժողով, որի ընթացքում ելույթ կունենա ինչպես Լ. Տեր-Պետրոսյանը, այնպես էլ տարբեր կուսակցությունների ղեկավարներ: Խոսելով «Ժառանգության»` ՀԱԿ-ին անդամակցել-չանդամակցելու մասին` Մուսինյանը նշեց հետեւյալը. «Գիտեք, որ «Ժառանգության» ու Կոնգրեսի ներկայացուցիչներն ընդգրկված են փաստահավաք խմբում: Բոլոր մնացյալ հարցերի վերաբերյալ մենք խորհրդակցություններ ենք անցկացնում: Իրենք դեռ որոշում չունեն Կոնգրեսին անդամագրվելու: Ես շատ նորմալ եմ նայում այդ երեւույթին, մեր համագործակցությունը շատ լավ ստացվում է, եւ վստահ եմ` ապագայում էլ որեւէ խոչընդոտ չի լինի»: Անդրադառնալով «Գելափի» անցկացրած վերջին հարցումներին` Ա. Մուսինյանը հայտարարեց. «Եթե հիշում եք` «Գելափը» փետրվարին տալիս էր 4.5% ձայն (Լ. Տեր-Պետրոսյանին.- Հ.Մ.): Սոցիոլոգիայում շեղումը պլյուս-մինուս 3% կարող է լինել: Այսքան կեղծիքներից, ահաբեկումներից հետո Տեր-Պետրոսյանը 5 անգամ ավել ձայն ստացավ: Ինձ համար արդեն պարզ է, թե դա ինչ թուղթ է»: Լրագրողները հարցրեցին նաեւ վերջերս մարտի 1-ի հանձնաժողովում ցուցադրված եւ «անհայտ» ծագումով ֆիլմի մասին, որտեղ փորձ է արվում վարկաբեկել ընդդիմությանը: Ա. Մուսինյանը նշեց, որ այդ ֆիլմը պատրաստողները եւ տարածողները ընդդիմությանը լավություն են արել: «Թե ինչ լավություն, կիմանաք քիչ ավելի ուշ»,- հավելեց նա: Ինչ վերաբերում է ԵԽ ԽՎ հունվարյան նստաշրջանին, Ա. Մուսինյանը նշեց, որ ընդդիմությունը որեւէ ակնկալիքով չի առաջնորդվել եւ առաջնորդվում, եւ եթե հարկ է եղել` իրենք քննադատել են եվրոպական կառույցներին երկակի ստանդարտների եւ գործարքային մոտեցման համար: «Կարող եմ առանձնացնել Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին, որն այս ընթացքում բավական օբյեկտիվ հարցադրումներով է հանդես եկել: Դեկտեմբերի 17-ին կարծեմ Մոնիտորինգի կոմիտեի նիստ կա, դա ինչ-որ պատկերացում մեզ կտա, թե ինչպիսի մոտեցում կորդեգրեն եվրոպական կառույցները: Բայց նորից եմ ասում` այս պահին, երբ ԼՂ հարցը, այսպես ասած, ֆորսաժ է արված, քաղաքական նախընտրությունները կարող են գերակշռել ժողովրդավարության սկզբունքներին»,- նշեց Ա. Մուսինյանը: