«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով մասնավորեցման ծրագրում կընդգրկվեն վեց նոր ընկերություններ, այդ թվում` Ստեփանավանի օդանավակայանը, Ձիասպորտի կենտրոնը, Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկան: Այդ մասին երեկ ԱԺ-ում նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը: Ըստ նրա, Ստեփանավանի օդանավակայանը 2001-ից չի գործում, եւ պարտքեր չկուտակելու ու սնանկացումից խուսափելու համար առաջարկվում է մասնավորեցնել: Իսկ հարցին, թե մասնավորեցումից հետո օդանավակայանը կպահպանի՞ իր պրոֆիլը, թե՞ ոչ, Կ. Կիրակոսյանը պատասխանել է, որ մասնավորեցնելիս պետք է անպայման առաջնորդվեն «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների հետ կնքված պայմանագրով` նրանց աշխատանքը չխոչընդոտելու համար: Ինչ վերաբերում է Ձիասպորտի կենտրոնին, ապա որպեսզի այն գործի եւ համապատասխանի միջազգային չափանիշներին, անհրաժեշտ են ներդրումներ, որը պետությունը չի կարող կատարել, իսկ Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկան այդ ոլորտի միակ ընկերությունն է, որը չի մասնավորեցվել եւ կառաջարկվի կոլեկտիվին: Նախագծի` երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը նախատեսվում է ԱԺ-ի այսօրվա նիստում: