Արդի փոթորկալի ժամանակաշրջանում, թվում է, չի կարող լինել որեւէ խնդիր, որը միանշանակորեն հուզի ողջ մարդկությանը: Սակայն կա այդպիսի հիմնախնդիր, եւ այն ավելի քան քառորդ դար անհանգստացնում է բոլորին:
Դա ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի՝ ՁԻԱՀ-ի խնդիրն է: ՄԻԱՎ վարակի (որի վերջնային փուլն է
ՁԻԱՀ-ը) համաճարակը զարգացմանը խոչընդոտող հազարամյակի մարտահրավերներից է: Եթե ՁԻԱՀ-ով առաջին հիվանդը գրանցվել է 1981թ., ապա 2007թ. դեկտեմբերի դրությամբ, աշխարհում արդեն ապրում էր մոտ 33մլն ՄԻԱՎ վարակով հիվանդ: Համաճարակն արդեն խլել է ավելի քան 25մլն մարդկային կյանք: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաեւ մեր հանրապետության համար: 1988թ. մինչեւ 2008թ. դեկտեմբերի 1-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 656 եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից մահվան 154 դեպք: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հաշվարկային տվյալներով հանրապետությունում կա 2300 ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ:
Թեեւ դեկտեմբերի 1-ը օրացույցում հատուկ չի նշվում, սակայն միլիոնավոր մարդկանց համար, որոնց կյանք է ներխուժել
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, առանձնահատուկ խորհուրդ ունի: Սկսած 1988-ից, դեկտեմբերի 1-ը ողջ աշխարհում նշվում է իբրեւ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր: Ամեն տարի այդ օրն անցկացվում է որեւէ կարգախոսի ներքո, որն արտացոլում է ընթացիկ ժամանակաշրջանի կենսական խնդիրները: 2005 թվականից սկսած առաջիկա մի քանի տարիներին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն անցկացվելու է «Կանգնեցրե՛ք ՁԻԱՀ-ը: Կատարե՛ք խոստումը» ընդհանուր կարգախոսի ներքո: Ի՞նչ խոստման մասին է խոսքը:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակը վերաճել է գլոբալ ճգնաժամի, ինչն առաջացրել է միջազգային հանրության լուրջ մտահոգությունը: Այդ մտահոգության վառ ապացույցն են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստերի անցկացումը եւ միջազգային հանրությանն ուղղված ՄԱԿ-ի կոչերն ընդլայնելու միջոցառումները եւ միավորելու ջանքերը համաճարակին հակազդելու գործում: 2001թ. հունիս ամսին կայացած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/
ՁԻԱՀ-ի հարցերով հատուկ նիստի նպատակը ողջ աշխարհը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պայքարի համապարփակ ծրագրի շուրջ համախմբելն էր: Այդ նպատակի համաձայն, ՄԱԿ-ի անդամ պետությունները, դրանց թվում՝ Հայաստանի Հանրապետությունը, ընդունեցին «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում պարտավորությունների հռչակագիրը», որը դարձավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում միջոցառումների առաջին գլոբալ ծրագիրը: Պետությունների ղեկավարների եւ կառավարությունների ներկայացուցիչների համաձայնությունն՝ աջակցել «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում պարտավորությունների հռչակագրին»` կարեւոր իրադարձություն էր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի տարեգրության մեջ: Դրանով իսկ կառավարություններն ընդունեցին, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պայքարում անհրաժեշտ են անհետաձգելի միջոցառումներ:
2006թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին նվիրված մեկ այլ նիստին ընդունված քաղաքական պարտավորությունների հռչակագրով պետությունները նաեւ պարտավորվել են մինչեւ 2010թ. ապահովել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, բուժման, խնամքի եւ աջակցության համընդհանուր հասանելիություն:
ՀՀ կառավարությունը՝ կարեւորելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խնդիրն ու հետեւողական լինելով հռչակագրերի ընդունմամբ ստանձնած պարտավորություններին, հաստատել է 2007-2011թթ. ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ ողջ տարածքում շարունակում են իրականացվել բազմաթիվ կանխարգելիչ ծրագրեր բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց տրամադրվում են բուժում, խնամք եւ աջակցություն, իրականացվում է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, տրամադրվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն եւ հետազոտություն, ապահովվում է դոնորական արյան անվտանգությունը, կատարվում են
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշմանն ուղղված լաբորատոր հետազոտություններ եւ այլն: Իրականացվող միջոցառումները համակարգվում են ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից:
Շնորհիվ իրականացված միջոցառումների՝ մեր երկրում վերջին տարիներին բարելավվել են ՄԻԱՎ վարակի կենսաբանական եւ վարքագծային ցուցանիշները: Այսպես, նվազել է ՄԻԱՎ-ի տարածվածությունը հիմնական խոցելի խմբում` թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում, բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակի որոշակի աճ եւ ռիսկային վարքագծի դրսեւորումների նվազում: Այս դրական տեղաշարժերը վկայում են բնակչության տարբեր խմբերում իրականացվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրերի արդյունավետության մասին, որոնց մեթոդական օգնություն եւ օժանդակություն է ցուցաբերում ՀՀ Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը: Արդյունավետ կանխարգելումը բուժման, խնամքի եւ աջակցության համար պահանջվող միլիարդավոր դրամների տնտեսում է:
ՄԻԱՎ վարակն այն հիվանդություններից է, որոնց ձեռքբերումը պայմանավորված է հիմնականում մարդկանց վարքագծով եւ կենսակերպով: Առաջին հայացքից այս հիվանդության կանխարգելումը բավականին հեշտ կարող է թվալ: Դրա համար անհրաժեշտ է պարզապես դրսեւորել անվտանգ վարքագիծ` զերծ մնալ թմրամիջոցներ օգտագործելուց, օգտագործել միանվագ օգտագործման ներարկիչներ, ասեղներ, խուսափել պատահական սեռական կապերից կամ դրանց առկայության դեպքում մշտապես պահպանակ օգտագործել, նաեւ ապահովել բժշկական միջամտությունների անվտանգությունը: Շատերը գիտեն այս մասին, սակայն կյանքը ցույց է տալիս, որ մարդիկ իրենց իմացածը ոչ միշտ են կիրառում գործնականում: Անտեսելով հնարավոր վտանգը, շատերը դրսեւորում են ռիսկային, այսինքն` ՄԻԱՎ-ով վարակմանը նպաստող վարքագիծ, վտանգելով իրենց եւ իրենց մտերիմների առողջությունը: Պատճառը հավանաբար այն է, որ մարդկանց մեծամասնությանը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վտանգը չափազանց անիրական է թվում` անձամբ իրենց հետ այն կապելու համար: Նրանք ոչ միշտ են հետեւում անվտանգ վարքագծի կանոններին՝ հուսալով, որ վարակն իրենց կշրջանցի: Այս առումով չափազանց կարեւոր է պատասխանատու վարքագծի եւ առողջ ապրելակերպի ձեւավորմանն ուղղված գործունեությունը: Համաճարակի դեմ արդյունավետ պայքարի համար պակաս կարեւոր չեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրողների նկատմամբ հանդուրժողական, հակախտրական վերաբերմունքի ձեւավորումը, նաեւ կանխարգելման միջոցների, բուժման, խնամքի եւ աջակցության համընդհանուր հասանելիության ապահովումը:
ՄԻԱՎ վարակի տարածումը կասեցնելուն ուղղված միջոցառումների շարքում կարեւոր նշանակություն ունեն նաեւ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունն ու ՄԻԱՎ վարակի հարցերով խորհրդատվությունը: Հիվանդության խարդավանքը նրանում է, որ այն ընթանում է երկարատեւ (7-15 տարի) անախտանշան` թաքնված շրջանով, որի ընթացքում վարակված մարդը գործնականում առողջ է լինում, չի ունենում հիվանդության որեւէ նշանակալի դրսեւորում, հետեւաբար կարող է չիմանալ իր վարակված լինելու մասին եւ վարակը փոխանցել այլ մարդկանց: Արտաքինից եւս հնարավոր չէ դատել մարդու ՄԻԱՎ-ով վարակված լինել-չլինելու մասին: Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը հաստատելու միակ ուղին լաբորատոր հետազոտություն անցնելն է, որը թույլ է տալիս ախտորոշել ՄԻԱՎ վարակը վաղ շրջանում, երբ հիվանդության կլինիկական դրսեւորումներ դեռեւս չկան: Դա ոչ միայն հնարավորություն է ընձեռում ժամանակին սկսել համապատասխան բուժումը, ինչը չափազանց կարեւոր է հիվանդի լավ ինքնազգացողությունն ու ֆիզիկական վիճակը հնարավորինս երկար ժամանակ պահպանելու համար, այլեւ օգնում է նրան ճիշտ որոշումներ կայացնել հետագա ապրելակերպի վերաբերյալ եւ խուսափել հարազատ ու սիրելի մարդկանց վարակելուց: ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի իմացությունը հղի կնոջը հնարավորություն է տալիս նվազագույնի հասցնել իր ապագա երեխայի վարակման վտանգը:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը պետք է լինի տեւական, անընդհատ գործընթաց. այն չի կարող ընդհատվել խոցելի խմբերի համակազմի անընդհատ փոփոխման, մարմնավաճառության, թմրամոլության առկայության, վարքագծի փոփոխման գործընթացի երկարատեւության պատճառով: Բազմաթիվ երկրների, նաեւ Հայաստանի փորձը ցույց է տալիս, որ նպատակաուղղված, համալիր միջոցառումների շնորհիվ, հնարավոր է կասեցնել համաճարակի զարգացումը, հասնել ՄԻԱՎ-ի տարածման տեմպերի նվազեցման եւ կայունացման: Սակայն այդ միջոցառումների արդյունավետության եւ ձեռք բերված արդյունքների կայունության գլխավոր նախապայմանը դրանց շարունակականության ապահովումը, անհրաժեշտ միջոցների առկայությունը եւ պետական աջակցության ընդլայնումն է: Այս առումով անգնահատելի է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ռազմավարությունների իրականացման հարցում միջազգային կազմակերպությունների աջակցությունը:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արմատական բուժում, նաեւ պատվաստանյութ այս հիվանդության դեմ դեռեւս չկա: Պայքարի գլխավոր ուղղությունը շարունակում է մնալ կանխարգելումը: Մեզանից յուրաքանչյուրը կարող է էական ներդրում ունենալ այդ պայքարում՝ դիմակայելով խարանին եւ խտրականությանը, հարստացնելով ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքները, պարզելով ՄԻԱՎ-ի նկատմամբ սեփական կարգավիճակը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի արդյունավետությունը կախված է նաեւ բոլոր մակարդակներում խնդրի կարեւորության գիտակցումից, յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագծից, եւ հետեւաբար ՁԻԱՀ-ի դեմ պայքարը յուրաքանչյուրի խնդիրն է:
ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն
Վստահության հեռ.` 61-08-20, 66-01-10