Ինչպես հայտնի է` արդեն 1 ամիս է, ինչ «Բջնի» հանքային ջրերի գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը մատնված է պարապուրդի: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին վարչական դատարանը վճիռ էր կայացրել ընկերությունից բռնագանձել ավելի քան 4 միլիարդ դրամ: Իսկ արդեն հոկտեմբերի 23-ին Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներն առգրավել էին գործարանի տրանսպորտային միջոցները, կապարակնքել ընկերության պահեստները, արգելանք դրել ընկերության բանկային հաշիվների վրա:
«Բջնի» հանքային ջրերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության շահերի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանն «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է, որ վարչական դատարանը մերժել է ընկերության հայցադիմումը առ այն, որ «բռնագանձումը շարունակվի արտադրանքի իրացումից գոյացած գումարների 40 տոկոսի նկատմամբ», ինչը, ըստ փաստաբանի, ընկերությանը հնարավորություն կտար շարունակել գործել` գումարների մնացած 60 տոկոսը օգտագործելով աշխատավարձերի եւ կոմունալ ծառայությունների, դատական եւ փաստաբանական ծախսերի, ինչպես նաեւ՝ ընթացիկ հարկերի վճարման համար: Ա. Զոհրաբյանը տեղեկացրել է, որ վարչական դատարանի կայացրած որոշումը բողոքարկել են վճռաբեկ դատարանում, սակայն հայցը առայժմ չի քննվել: «Արդեն բռնագանձման գործողություններ են սկսվել, եւ այս պահին հետեւանքները առավել քան ցավալի են,- նշել է նա,- Ես կարծում եմ, հնարավոր էր սպասել վճռաբեկ դատարանին, տեսնել դատարանն ինչ է որոշում: Դրա փոխարեն՝ գործարանը ուղղակի գնում է ոչնչացման»: Գործարանի աշխատողները փորձել են բողոքի ակցիա կազմակերպել Երեւանում, սակայն քաղաքապետարանը չի արտոնել միջոցառումը: Հիշեցնենք, որ «Բջնին» պատկանում է «Սիլ» կոնցեռնին, որի հիմնադիրը` ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ներկայումս հետախուզման մեջ է մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: