ԱԱԾ ներուժը

30/11/2008

Ըստ ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության` ՀՀ առեւտրային բանկերի կողմից նոյեմբեր ամսին ստացվել են տվյալներ, որ Երեւան քաղաքի խանութներում տեղադրված «ՓՈՍ տերմինալների» միջոցով բանկային պլաստիկ քարտերով իրականացվել են փոքրաթիվ խոշոր չափերի գործարքներ, որոնք կասկածանքի տեղիք են տվել: Նոյեմբերի

26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երեւանում «Գասարգա» ՍՊԸ-ի կողմից ԱՄՆ առեւտրային բանկերին պատկանող «Մաստեր» տեսակի պլաստիկ երեք կեղծ բանկային քարտերի միջոցով իրականացվել է շուրջ 16,2 մլն դրամի անապրանք գործարք: Նշված գումարը պետք է կանխիկացվեր «Գասարգա» ՍՊԸ-ի կողմից` հետագայում հանցավոր խմբի անդամների միջեւ բաշխելու նպատակով: Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում ՀՀ Քրօր. 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քր.գործ: Գործով անցնող երեք անձինք ձերբակալվել են: Ըստ ԱԱԾ-ի` նմանատիպ հանցագործություն ՀՀ ԱԱԾ-ի կողմից բացահայտվել էր նաեւ նոյեմբերի 4-ին, որի արդյունքում կալանավորվել է «Սկավա» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը 45 մլն դրամի անապրանք գործարք իրականացնելու համար: ՀՀ ԱԱԾ-ի կողմից սեպտեմբեր-հոկտեմբերին կալանավորվել են կեղծ պլաստիկ քարտերով ՀՀ առեւտրային բանկերի բանկոմատներից գումարներ կանխիկացնող միջազգային հանցավոր խմբավորման անդամներ` Ռումինիայի 10 քաղաքացիներ, եւ նրանցից առգրավվել է մոտ 24 մլն դրամ: Ըստ նույն աղբյուրի` վերջին ժամանակներում ՀՀ տարածքում հաճախակի են դարձել կեղծ պլաստիկ քարտերով իրականացվող գործարքների փորձերը, «սակայն ՀՀ ԱԱԾ-ն ունի բավարար ներուժ եւ հնարավորություններ` բացահայտելու եւ օրենքի խստությամբ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար»: